×


Հովոն, Նազենին, Արսենը, Գոռը, Սոֆին եւ այլք` “Citizen”-ի շնորհանդեսին

ԱՄՆ-ում 5 տարի առաջ բնակություն հաստատած թավջութակահար Արտյոմ Մանուկյանը Հայաստան է վերադարձել դեբյուտային ալբոմով, որի` “Kami” ակումբում տեղի ունեցած շնորհանդեսին երեկ ներկա էին գործընկերները, մտերիմները եւ իր ձեռագիրը գնահատող երաժշտասերներ:

Լուսի Աբդալյանը, Արսեն Գրիգորյանը եւ Արտյոմ Մանուկյանը


10 ստեղծագործությամբ ձայնասկավառակը կոչվում է “Citizen”. ինչպես Արտյոմն է նշում, իրեն արդեն համարում է երաժշտական աշխարհի քաղաքացի, սկավառակն էլ իր անձնագիրն է.“Շատերը մտածում են Ամերիկայի քաղաքացի եմ դարձել, դրա համար եմ այդպես անվանել, բայց դեռ այդպես չէ: Պարզապես երաժշտության մեջ սկավառակը քո անձնագիրն է. հպարտ եմ, որ երաժշտական աշխարհի մասնիկ եմ դարձել”:

Երաժիշտը CD-ում ներառել է իր հեղինակային գործերը՝ ջազ, ռոք, էթնո, նաեւ դասական ու հիփ-հոփ միախառնված ռիթմերով: Երեկոյի ընթացքում հանդիսատեսն ունկնդրել է Արտյոմի գործիքային երաժշտությունը, իսկ նրան նվագակցել են ստեղնաշարային գործիքներ նվագող Մանուկ Ղազարյանը, բաս-կիթառահար  Վարդան Առաքելյանը, հարվածային գործիքներ նվագող Արման Ջալալյանը եւ Դավիթ Սողոմոնյանցը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը:

Արտյոմ Մանուկյանը


Երաժիշտների հետ ելույթ է ունեցել նաեւ “Դորիանս” ռոք-խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը: Արտյոմի հետ նրա ամենահայտնի համագործակցությունը “Ես կուլամ” երգն է, որն էլ նորովի կատարել են համերգին:

Թավջութակահարը պատմել է, որ Երեւան մշտական բնակության վերադառնալու նպատակ դեռ չունի, օվկիանոսից այն կողմ ստեղծագործում է եւ աշխատում այլազգի երաժիշտների հետ.“Լոս Անջելեսում ինձ լավ եմ զգում, բայց Հայաստանում էլ լավ է: Շատ ուրախ եմ, որ ընտանիքիս հետ եկել եմ, նաեւ իմ սկավառակն եմ բերել: Մարդիկ կտեսնեն` ինչով եմ այնտեղ զբաղվում, կլսեն ու կգնահատեն աշխատանքիս արդյունքը”:

Վարսան եւ Գոռ Սուջյանը


Վերջերս Արտյոմը ներկայացրել է սկավառակում ընդգրկված “Վալս Մայայի համար” երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նրա 2-ամյա դուստրը. “Այդ երգը գրել էի նրա ծնվելուց որոշ ժամանակ անց, հասկացա, որ մարդիկ շատ են հավանում, եւ որոշեցի աղջկաս պատվին անվանել”:

Երաժիշտն օգոստոսի 8-ին կվերադառնա Միացյալ Նահանգներ, սակայն մինչ այդ ելույթներ կունենա Երեւանում եւ Գյումրիում:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին