×


Արփիի դստեր առաջին լուսանկարները :)

“Hayway” խմբի մեներգչուհի Արփի Շահնուբարյանն իր 3.5 ամսական դստերն առաջինը ծանոթացրել է BRAVO.am-ի հետ: Մեր հանդիպման ընթացքում ոչ միայն իրականացրել ենք փոքրիկ Արեւիկի առաջին ֆոտոշարքը, այլեւ հետաքրքիր զրույց ենք ունեցել նրա մայրիկի հետ:):

Արփին` դստեր` Արեւիկի հետ


Երգչուհու խոսքով` աղջնակն ամբողջովին փոխել է իր եւ ամուսնու` հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանի կյանքը.«Հիմա եմ զգում այդ խոսքերի իմաստը: Նա մեր ուրախությունն ու արեւն է: Իր շնորհիվ մեր տանը միշտ հաճելի խառնաշփոթ է: Մի հաճելի բան եմ նկատել` իմ Արեւիկը առաջին իսկ օրվանից ասես մեզ ճանաչում է. ինձ` հոտով, իսկ հայրիկին՝ ձայնով, որովհետեւ երբ նա դեռ կրծքիս տակ էր, ամուսինս պատմում էր, թե ինչպես ենք անցկացրել մեր օրը, թե ինչքան ենք նրան սպասում, հիմա էլ անընդհատ խոսում է դստեր հետ, արդյունքում հայրիկի ձայնը մեր աղջկա համար շատ հաճելի է ու հարազատ»:

Արփին պատմել է, որ Արեւիկի նախասիրությունները պարզել է դեռ հղիության ընթացքում.«Երբ երգում էի «Զեփյուռի նման» եւ Շառլ Ազնավուրի «She» երգերը, աղջիկս սկսում էր ոտքերով հարվածել, ակտիվանալ, եւ հասկանում էի, որ նրան հատկապես հաճելի են այս գործերը: Հիմա էլ, երբ նրա համար երգում եմ այդ երգերը, անմիջապես կենտրոնանում է եւ հետաքրքրված հայացքով սկսում է շուրջը նայել: Զգում եմ, որ շատ երաժշտական փոքրիկ ունեմ, մենք էլ փորձում ենք նրան լավ երաժշտության ներքո մեծացնել: Լողացնելիս ջազ ենք միացնում, եւ նա իրեն հանգիստ է պահում ու լաց չի լինում»:

Արփին` դստեր` Արեւիկի հետ


Պարզվում է` ժպտերեսիկ Արեւիկն այնքան հանգիստ եւ շփվող փոքրիկ է, որ ծնողները նրան տանում են նույնիսկ գործնական հանդիպումներին:).«Ինքս էլ տեսակով խաղաղ մարդ եմ, կարծում եմ` աղջիկս իր խաղաղությամբ ինձ է նման, թեպետ ամուսինս էլ ունի այդ հատկանիշը: Արեւիկը կարող է արթնանալ եւ կես ժամ առանց ձայն հանելու իր մատիկների հետ խաղալ: Դեռ 40 օրական չկար, երբ ինձ հետ գեղեցկության սրահ տարա, եւ վարսահարդարիչների ձայնը նրան չխանգարեց հանգիստ քնել:)»:

Արփիի խոսքով` դստերը հենց այսպիսին էլ պատկերացրել է.«Նա նման է իմ երազանքների փոքրիկին:): Ի դեպ, գրեթե վստահ ենք, որ ձախլիկ է. հայրիկի նման ասես անընդհատ ձախ ոտքով թմբուկին հարվածի: Ամուսինս էլ ձախլիկ է, իսկ ես շատ եմ ցանկանում, որ աղջիկս հայրիկի նման թմբկահար լինի, քանի որ մենք աղջիկ թմբկահարներ չունենք: Իսկապես հրաշալի կլինի, եթե թմբկահար-երգչուհի ունենանք»:

Արփիի դուստրը` Արեւիկը


Փոքրիկին գրավում են ծաղիկները.«Արեւիկս իսկական աղջկա նման ծաղիկներ շատ է սիրում: Նրա աչքից չեն վրիպում մեր տանը դրված ծաղկեփնջերը, ժամերով նայում է ննջասենյակի ծաղկային նկարին եւ ուրախանում: Հղիության ընթացքում շատ եմ ծաղիկներ ստացել եւ ես ինքս էլ շատ եմ սիրում ծաղիկների գրեթե բոլոր տեսակները»,- պատմել է երգչուհին:

Արփին բեմ է բարձրացել բալիկի ծննդից օրեր անց.«Աշխատանքի անցել եմ ծննդաբերությունից ուղիղ չորս օր անց: Պետք է նշեմ, որ ձայնս որակապես ավելի է լավացել: Խմբով շարունակում ենք մեր ակումբային համերգները: Արդեն մտածում եմ նոր տեսահոլովակի մասին, սակայն դրա համար պետք է վերականգնեմ կազմվածքս, ինչի ուղղությամբ էլ այս պահին աշխատում եմ: Դեկտեմբերի կեսին պետք է առաջին անգամ երկար ժամանակով բաժանվեմ փոքրիկիցս, քանի որ «Երգ երգոց» հաղորդման կազմով համերգներ ունենք ԱՄՆ-ում: Այդ ընթացքում աղջկաս խնամքով կզբաղվի սկեսուրս: Նա ինձ շատ է օգնում, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Prince Princess” խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին