×


Արփին առաջին անգամ խոսում է իր մանկության ապրումների եւ պատերազմի թողած հետքի մասին

Արփի Շահնուբարյանը՝ R.P.-ն, Արցախյան ազատամարտը տեսել ու զգացել է սեփական մաշկի վրա, իսկ այս օրերին վերապրել իր մանկության հիշողությունները։ 33-ամյա երգչուհին ծնվել ու մեծացել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Նա առաջին անգամ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է պատերազմի թողած հետքի եւ իր ապրումների մասին։ 

Արփին


Ես մարմնիս բոլոր բջիջներով հիշում եմ պատերազմը, տեսել, զգացել եմ եւ այս օրերին հասկացա, որ ոչինչ չեմ մոռացել. վերապրեցի այդ մղձավանջը։ Նույնիսկ առայսօր կայծակի ձայն լսելիս ենթագիտակցորեն ուզում եմ ապաստարան գտնել։ Պատերազմը թողել է իր հետքը…

Արցախյան ազատամարտն ինձ համար բառեր չեն, այլ իմ մանկությունն է։ Խնձորեսկը սահմանամերձ գյուղ էր, Ադրբեջանը կրակում էր մեր ուղղությամբ: Թշնամին այնքան արատավոր է մնացել, որ ինչպես հիմա, այն ժամանակ էլ դիտավորյալ ռումբեր էր գցում դպրոցի, մանակապարտեզի, հիվանդանոցի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասել խաղաղ բնակիչներին։ Մեր գյուղի տղամարդիկ կռվում էին հենց մեր դիրքերից, պաշտպանում էին մեր սահմանը ու կապ էին պահպանում Արցախում կռվողների հետ։ Ինչպես Շուշին, մեր գյուղն էլ ժայռապատ է, դժվարանցանելի ձորեր ու կիրճեր ունի, ինչի շնորհիվ թշնամին վախենում էր շատ մոտ գալ: Այդ անառիկությունը պահպանում էր մեր գյուղը։

Բազմաթիվ ազատամարտիկներ ունեինք, հայրս ու մորեղբայրս նրանց շարքերում էին, զենքերով ու ձեռքի տակ ունեցած առարկաներով մեզ պաշտպանում էին։ Քեռիս՝ Գարիկը, ծուղակի մեջ ընկնելով, ինքն իրեն կրակել էր, որ գերի չընկներ, բայց նրան գերի էին վերցրել, որ հետո իրենց համար կարեւոր դեմքերի հետ փոխանակում անեին։ Մեր գյուղի հերոսներից մեկը՝ ազատամարտիկ-հրամանատար Սանասարը, բնակիչներից ջոկատ էր կազմել, կռվում էին մինչեւ վերջ։ Ազատագրված գյուղերից մեկը վերանվանել են Սանասարի պատվին։

Արփին` ամուսնու հետ


Հիմա մարդիկ գիտակցում են, որ պատերազմ է, իսկ այն ժամանակ մենք չէինք պատկերացնում, չգիտեինք՝ արկերն ինչ տրամաչափի տարածք են վնասում, այդ կրակոցների տակ շարունակում էինք դպրոց գնալ, թեեւ կարճ դասեր էինք անում։

Ես շատ լավ հիշում եմ դպրոցական օրերից մեկը, որը դարձավ ճակատագրական։  Լսվում էին պայթյունի ձայներ, երբ ուսուցիչները բոլորիս հորդորեցին վազել դպրոցին կից գտնվող ֆիզկուլտուրայի դահլիճ, որում պիտի տեղավորվեին բոլոր աշակերտները։ Երրորդ հարկում էի, երբ բոլորն, իրար փնտրելով, վազում էին, ես էլ, գրքերս պայուսակիս մեջ տեղավորելով, եղբորս կանչելով, վազում էի։ Նրան չէի գտնում, այդ պահին ինձ ասում էին՝ «գժվել ես, շուտ արի դահլիճ, ժամանակ չկա»։ Ծնողները եկան մեր հետեւից, բոլորս վազելով հասանք մեր կամ հարեւանների տները, կես ժամ հետո նորից սկսվեց գնդակոծությունը։ Իմացանք, որ արկն ընկել է ուղիղ ֆիզկուլտուրայի դահլիճի վրա... 

Կրակոցներից հետո միշտ դուրս էինք գալիս` իմանալով, որ վատ լուր ենք լսելու՝ ով մահացավ, ով ողջ մնաց, ում տունը փլվեց... Կրակոցների սկզբնական շրջանում որպես ապաստարան ծառայում էին մեր նկուղները, մթերքների կողքին մեր անկողիններն էին, բայց բոլորս հասկանում էինք, որ եթե արկն ընկավ տան վրա, մի քանի մետր խորություն ոչնչացնում է, եւ նկուղների տակ փորում էինք նոր ապաստարան։ Հիշում եմ, որ պապիկս փորում էր, մենք էլ հողը դույլերով դատարկում էինք։ Այդ ժամանակ տղամարդկանց մեծ մասը կռվի դաշտում էր, ապաստարանը մեծ էինք փորում, որ հարեւաններն էլ տեղավորվեին։ Էլեկտրականություն չունեինք, սարսափելի իրավիճակ էր, շատերի պես ստիպված ժամանակավոր տեղափոխվեցինք Երեւան, իսկ գյուղում մնացին տարեցները, որոնք ոչ մի կերպ չէին ուզում հեռանալ իրենց հարազատ հողից։

Շատ վառ եմ հիշում Շուշիի ազատագրման օրը. 1992 թվականի մայիսն էր, 4-րդ դասարան էի, ժամանակավոր բնակվում էինք հորաքրոջս տանը՝ Դավթաշենում։  Մայիսի 8-ին՝ այդ պայծառ օրը, բակում խաղում էինք, երբ բոլոր պատուհաններից լսվեցին ուրախության ճիչեր, դա մեզ համար վերածնունդ էր, ինչպես դպրոցի դահլիճի գնդակոծությունից հետո ողջ մնալը, դա նշանակում էր, որ կարող ենք վերադառնալ մեր գյուղ։ Հիշում եմ եւ չեմ կարողանում հուզմունքս զսպել...

Երբ վերադարձանք Խնձորեսկ, գյուղը դարձել էր ամայի տարածք, բայց մեր տունը կանգուն էր մնացել շնորհիվ հարակից մեծ թմբի, թեեւ տատիկիս տանը մինչեւ հիմա թոնրի մեջ ընկած արկ կա։ Մերոնք սկսեցին վերակառուցել քանդված տները, ազատագրված տարածքներից քարեր էին բերում, փորձում կյանքը նորից սկսել։

Արփին


Այժմ Խնձորեսկի շրջակայքն ապահով է, հարակից տարածքներն ազատագրված են։ Մեր գյուղից շատերն են այնտեղ եղել, բայց այնքան եմ ատում ադրբեջանցիներին, որ ինձ համար տհաճ է իրենց ապրած տարածք ոտք դնելը. չեմ ուզում մանկությանս սարսափը նորից վերապրել։ Հիմա այդ գյուղերում ապրում են հայեր, մշակում են բերրի հողերն ու զբաղվում անասնապահությամբ, պայմաններ են ստեղծվել ավելի հեշտ ապրելու համար։ Բայց պատերազմից հետո մերոնք բազմաթիվ  զոհեր ու վիրավորներ ունեցան ականապատված դաշտերը մշակելու ընթացքում։ Այնքան անմարդկային են, որ տարածքները թողնելիս ականապատել էին, եւ շատ ավելի ուշ հայերը տեխնիկայով սկսեցին ականազերծել։

Երբ ասում են` թուրքերը փոխվել են, նրանց մեջ կան լավ մարդիկ, չեմ հավատում, որովհետեւ նրանք հայատյաց են եւ գեներով պատրաստ են ստորությունների։ Թուրքերի հետ շփվել եմ, երբ իմ բենդի հետ աշխատում էի Քաթարում։ Հանդիսատեսի շարքերում մի կին կար, որը միշտ ուշադրությամբ հետեւում էր մեր ելույթներին, հետո իմացա, որ Գերմանիայում ծնված թուրք է։ Առաջարկեց դուետով երգել «Սարի աղջիկ»-ը` պնդելով, թե իբր թուրքական երգ է: Ուզում էր, որ ես հայերեն երգեմ, ինքը՝ թուրքերեն, բայց միանգամից հրաժարվեցի։ Մի անգամ էլ ակումբում թուրք տղաներ էին նստած, սկզբում ծափահարում էին, բայց հետո, իմանալով, որ Հայաստանից ենք, բացասական արձագանքներով սկսեցին խանգարել, սակայն կողքի սեղանին նստած հայերի միջամտության շնորհիվ արագ փակեցին հաշիվն ու հեռացան։

Շատ եմ ուզում, որ պատերազմը վերջանա: Ուզում եմ՝ այս օրերի նման համախմբված լինենք, իրար օգնենք ոչ միայն վատ շրջանում, այլ միշտ, որովհետեւ հայն Աստծո ստեղծած ու պահած ազգ է, միշտ պետք է ապրի։ Խաղաղություն եմ մաղթում ողջ հայությանը։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արփիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին