×


“Ա-ից Ա. hարմոնիայի աշխարհ’’. Երեւանում համաշխարհային պրեմիերա է տեղի ունեցել

Համաշխարհային պրեմիերա է տեղի ունեցել փետրվարի 25-ին` “Արամ Խաչատրյան” համերգասրահում.  “Ա-ից Ա. hարմոնիայի աշխարհ’’ համերգը հեռարձակվել է առցանց ուղիղ կապով, ինչը հնարավորություն է ընձեռել ամբողջ աշխարհին հետեւել միջոցառմանը:

“Ա-ից Ա. hարմոնիայի աշխարհ’’ համերգի փոքրիկ մասնակիցները


 Համերգը նվիրված էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան 20-ամյա հոբելյանին: Միջոցառման կազմակերպիչներն էին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը, “Լույս’’ հիմնադրամը, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտը:

Բոստոնի, Գարգառ գյուղի, Գյումրու, Երեւանի եւ Նոր Խարբերդի դպրոցների երեխաները երկու ամսում յուրացրել են “Հայփերսքոր’’ ծրագիրը, ստեղծել սեփական երաժշտական մոտիվները, ներկայացրել են իրենց անհատական ստեղծագործությունները, ինչպես նաեւ միասին  օնլայն կապով գրել են երաժշտական միասնական դրվագ` նվիրված բարեկամությանը:

“Հայփերսքորը’’ համակարգչային ծրագիր է, որը ինտուիտիվ մակարդակում եւ դինամիկ կերպով  հասանելի է դարձնում երաժշտական կոմպոզիցիան բոլորի համար: Կոմպոզիցիայի սյուժեն գրաֆիկորեն արտահայտվում է գծային շարժման տեսքով, իսկ գծային կառուցվածքը, ձեւը եւ գույնը երաժշտական լուծում են տալիս: Ծրագիրը ավտոմատ կերպով գրաֆիկական պատկերները վերածում է երաժշտության:

"Դոգմա" ռոք-խումբը


Համերգի ընթացքում հնչել են հենց այս երեխաների ստեղծագործությունները` մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ  “Դոգմա’’ ռոք-խմբի կատարմամբ: Երեկոյին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, որոնք ողջույնի խոսքով են հանդես եկել:

“Դոգմա ‘’ խմբի վոկալիստ Զառան խոստովանել է, որ խումբը մինչ այս երբեւիցե հանդես չի եկել քավերներով  կամ այլ հեղինակների երգերով: Մոտ 100 ստեղծագործությունից խումբը ընտրել էր 4-ը` Գեւորգ Ճշմարիտյանի “Ծովահենների գրավումը’’, Արման Շահվերդյանի “Երազը’’, Քրիստինե Ավագյանի “Awesomeness’’-ը եւ Ալեքս Ասլանյանի “Հայփերսքոր էքսը’’:

“Այս դեպքում դժվարանում եմ ասել` սա երգի քավեր տարբերակ է, չկատարված երգ, թե ստեղծագործություն, որը հատուկ մեզ համար է գրվել: Ընտրեցինք այն երգերը, որոնք հիմք ունեցան անցնել “Դոգմայի’’ պրիզմայով, եւ որոնք կկարողանան իրենց վրա կրել մեր ձեռագիրը”,- նշել է Զառան:

Կոմպոզիտոր, նորարար եւ “Ապագայի օպերա’’ խմբի ղեկավար Թոդ Մաքովերը


Անվանի կոմպոզիտոր,  նորարար եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Մեդիա լաբի  “Ապագայի օպերա’’ խմբի ղեկավար Թոդ Մաքովերը, որը ստեղծել է  “Հայփերսքոր’’ երաժշտական կոմպոզիցիաների ծրագիրը, ներկա էր երեւանյան համերգին: Նա եւս հանդես եկավ ողջույնի խոսքով. “Հիասքանչ հանդիսատես է հավաքվել դահլիճում:  Հաճելի է ողջունել ձեզ այստեղ’’: Այնուհետեւ դահլիճում տեղադրված մեծ էկրանի վրա ցուցադրվել է “Հայփերսքոր’’ ծրագրի ստեղծման նախապատմությունը, ինչպես նաեւ Թոդ Մաքովերի մասին պատմող տեսանյութ:

“Երաժշտությունը մեր կյանքի ամենակարեւոր մասնիկն է: Մանկուց մտածել եմ, որ երաժշտության միջոցով կարող եմ շփվել մարդկանց հետ: Հայրս տեխնոլոգիաների մասնագետ է, մայրս` դաշնակահարուհի’’,- նշել է կոմպոզիտորը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից


Թոդ Մաքովերը  պատմել է նաեւ, որ աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի համար հատուկ թավջութակ են պատրաստել, որը կարողանում է փոխանցել երգչի հուզական վիճակը, նրա տրամադրությունը:  Նա նշել է, որ այս ծրագրի շրջանակներում ստեղծված երաժշտությունը նաեւ հանուն առողջության է: “Հայփերսքոր’’ նախագծում շուրջ հարյուր երեխա է ներգրավված Երեւանից, ինչպես նաեւ գյուղերից,  ոմանք լսողության խաթարման խնդիրներ ունեն: Այս ծրագիրը նրանց հնարավորություն տվեց միավորվել եւ միասին աշխատել:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին