24 Մայիս 16
Բացահայտենք «առեղծվածային» ծլիկային օրգազմը
 
 
0

«Խնդրում եմ, անդրադարձեք ծլիկային օրգազմին, ամուսինս չի հավատում, որ այդպիսի բան կա»: «Խմբերից մեկում գրել էիք, որ ծլիկային օրգազմն ավելի դյուրամատչելի է, քան մնացածները: Իսկ այդ ծլիկ կոչվածից բոլո՞րն ունեն»: «Ընկերս պնդում է, որ եթե ես օրգազմ չունեմ, դա միմիայն իմ խնդիրն է, ու, առհասարակ, կնոջ օրգազմը պարտադիր էլ չէ: Դա ճի՞շտ է»: Այս եւ նմանատիպ այլ հարցերի ստացման հաճախականությունը ստիպում է կասկածել, որ անատոմիայի դասերն ուղղակիորեն բացակայում են դպրոցներում, եւ որ մենք ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք ապրում: Ինչեւէ:


Լուսի Քոչարյանը

Նախ բոլոր գռեհկաբանական բառերի փոխարեն առաջարկում եմ երկու գեղեցիկ բառ հստակ մտցնել ու ամրագրել բառապաշարում. մեկը հունական ծագման միջազգային եզրը՝ օրգազմը, մյուսը՝ հայկական ծագման գեղեցիկ ձեւակերպումը՝ հեշտանքը: Նաեւ սահմանենք` «օրգազմ» հունարենից թարգմանաբար նշանակում է հյութեղ դառնալ, ուռչել, այրվել կրքից: Այն գրգռվածության գագաթնակետն է, ուղեկցվում է հաճույքի շատ ուժեղ ալիքներով, բավարարվածության զգացումով: Որպես կանոն, ստեղծվում է էրոգեն գոտիների մեխանիկական խթանման, դասական սեքսի, սեքսի ոչ դասական տեսակների, ինքնաբավարարման ու սեքսուալ այլ ակտիվությունների արդյունքում:

Որտեղ է թաքնված ծլիկը


Ծլիկի՝ անզեն աչքով երեւացող հատվածը մակերեսային ու փոքր մասն է կազմում, հեշտոցից միջինում 2-2,5 սմ հեռավորության վրա: Դրա ավելի մեծ հատվածը մաշկի շերտերի տակ է թաքնված ու չի երեւում: Ծլիկի իրանիկը բաժանվում է 2 ոտիկների, որոնք մխրճված են փոքր սեռաշուրթերի մեջ: Հենց այստեղ են կուտակված նյարդային վերջավորությունների մեծ մասը: Ծլիկը ծածկված է գլխարկիկով (այո, այստեղ ամեն ինչ նուրբ է ու իկ-ով): Այն նույնպես կապված է փոքր շուրթերի հետ: Շուրթերը մատներով ձգելու դեպքում գլխարկիկը ձգվում է ու հաճելի զգացողություն պարգեւում: Նմանատիպ բան տեղի է ունենում տղամարդու մոտ, երբ առնանդամի գլխիկի մաշկն է ձգվում:  Կնոջ մոտ ձգվում են նաեւ ծլիկի ոտիկները՝  էլ ավելի սրելով հաճույքը:

Ինքնաբավարարման հետքերով


Ինչպես կարող է կինը ծլիկի վերաբերյալ որեւէ բան բացատրել զուգընկերոջը, եթե ինքն անձամբ տեղյակ չլինի դրա օրգազմաստեղծ մեխանիզմից: Ինքնագործունեությանն է պատկանում արքայությունը եւ զորությունը: Ի՞նչ է կատարվում: Փոքր ամոթաշուրթերի` մատների բարձիկներով պտտաձեւ, թմբկահարելու կամ նուրբ-օդեղեն շոյանքի դեպքում թրթիռներ են փոխանցվում ծլիկին: Մաստուրբացիայի տվյալ տեխնիկան մասնակիորեն վերարտադրում է նույն զգացողությունները, երբ առնանդամը, ներմուծվելով հեշտոց, լայնորեն բացում ու, կարեւորը, տեղաշարժում է փոքր ամոթաշուրթերը:

Զուգընկերոջ միջամտությամբ

Եթե դուրս ենք գալիս ինքնաբավարարման շրջանակներից ու հանձնվում զուգընկերոջը, ապա ծլիկային օրգազմի լավագույն տարբերակները կունիլինգուսն ու ծլիկի մերսումն են (նաեւ հենց սեքսի ընթացքում): Դիրքերի մեծ մասի ընթացքում ծլիկն ակտիվ խթանման չի ենթարկվում, բացի այն դեպքերից, երբ այն հեշտոցի մուտքին մոտ է գտնվում: Հետեւաբար, կամ հատուկ դիրք է պետք ընտրել, կամ լրացուցիչ ձեռնձգության դիմել: Իսկ ամենաարագ տարբերակը, դե, իհարկե, մնում է կունիլինգուսը:

Ծլիկային օրգազմի մակարդակները


Դրանք երկուսն են՝

*մակերեսային, որն ավելի տեղային է, այսինքն օրգազմատիկ զգացողությունները կուտակված են հենց ծլիկի շուրջ,


*խորքային, որը գրանցվում է հեշտոցի մակարդակում՝ դրա ակտիվորեն կրճատվելու արդյունքում, ինչպես արդեն վերեւում նկարագրվեց: Հնարավոր է նաեւ հակառակ գործընթացը` ստիմուլյացիայի ենթարկվում է ծլիկը, բայց օրգազմի ալիքները ծավալվում են հեշտոցում: Ինչեւէ, սրանք երկուսն էլ խորքային ծլիկային օրգազմներ են:

Ի դեպ, հաճախ «կեղծ անօրգազմիայի» դեպքում խնդիրն այն է, որ կինն, այսպես ասած, սովոր է հեշտահաս մակերեսային ծլիկային օրգազմի, պնդում է, որ չի զգում խորքային ոչինչ դասական սեքսի ժամանակ, մինչդեռ ինքնաբավարարման դեպքում ամեն ինչ հիասքանչ է: Հեշտոցի մկանները, փոքր ամոթաշուրթերը, ծլիկը եւ, առհասարակ, էրոգեն գոտիները նման են մկանների, որոնք մարզվածություն են պահանջում՝ գրգիռներին համարժեք արձագանքելու ու օրգազմի հասցնելու համար: Կինն, իր զուգընկերոջ հետ համագործակցելով, կարող է հետ նվաճել իր հեշտոցն ու փոքր շուրթերը՝ յուրացնելով ծլիկի անուղղակի խթանման արվեստը: Եթե սա երկարատեւ մշակման արդյունքում ստացվի, ապա էրոգեն զգայունության գունապնակը կընդլայնվի՝ արդյունքում ամբողջությամբ լիկվիդացնելով «կեղծ անօրգազմիան»:

Վերջում ավելացնեմ, որ ըստ ստացվող նամակների ու դիտարկման՝ ծլիկային օրգազմի հետ կապված ամենամեծ 2 խնդիրները հետեւյալն են՝

-կինը ոչ մի տեսակի օրգազմ չի ստանում, չգիտի ծլիկայինի գոյության մասին, եւ այս դեպքում ծլիկայինը գոնե որպես փրկիչ կարող է հանդես գալ՝ սեքսից առհասարակ որեւէ հաճույք ունենալու համար,


-կինն ունի միայն հեշտ ստացվող ծլիկային օրգազմ, ուզում է նաեւ խորքային հեշտոցայինն ունենալ, որի համար որոշ ժամանակով պետք է հրաժարվել հեշտից ու կենտրոնանալ խորքային զգացողությունների վրա:


Ամեն դեպքում, ծլիկային օրգազմ հաստատ գոյություն ունի՝ անկախ հավատացողների քանակից: Ծլիկ ունեն բոլոր աղջիկները, եթե չկա ի ծնե ֆիզիոլոգիական բացառիկ խնդիր: Իսկ կնոջ օրգազմը 2 զուգընկերների խնդիրն է ու, այո՛, պարտադիր է: Եվ դա հերքող տղամարդուն պարզապես ձեռնտու չէ կնոջ կողմից ցուցաբերվող օրգազմահետեւողականությունը:  

Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

 
 
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
62224 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: