×


Բեթթին` “եվրատեսիլան” փորձերի, տարբեր ճաշակի մարդկանց եւ մանկությունը վայելելու մասին :)

Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանն այս տարի “Մանկական Եվրատեսիլ”-ում կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ “Արեւի մարդիկ” երգով, որի պատրաստման ընթացքում նրան աջակցել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը: Աղջնակի բեմական զգեստների դիզայնն էլ վստահվել է Լիլիթ Մարգարյանին:

Բեթթին


Բեթթին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նոյեմբերի 15-ին կայանալիք մրցույթին նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ եւ այս օրերին վոկալի, պարի վերջին փորձերն է անում: Հայաստանի պատվիրակությունը Մալթա կմեկնի նոյեմբերի 7-ին, որի կազմում կլինեն Գոհար Գասպարյանը, մարմնամարզիկներ եւ պարողներ, նաեւ նախորդ տարվա հայ պատվիրակը` Մոնիկա Ավանեսյանը:

“Ինչպես բոլոր մասնակիցները, ես եւս մեկնում եմ հաղթելու տրամադրվածությամբ: Կարծում եմ` հաղթելու ենք, անգամ եթե առաջին հորիզոնականը մերը չլինի, անպայման ընդգրկվելու ենք լավագույն եռյակում, որովհետեւ վստահ եմ, որ շատ ուրախ երգով ենք մասնակցում արեւոտ ու պայծառ մրցույթին”,-ասել է փոքրիկ երգչուհին:

Բեթթիի "եվրատեսիլյան" տեսահոլովակի նկարահանումներին


Նրա խոսքով` “սելֆի” տարբերակով նկարահանված տեսահոլովակի մասին լսել է հիմնականում դրական կարծիքներ եւ մեկնաբանություններ.“Ուրախ եմ, որ մեծամասնությունը լավ կարծիքներ են հայտնում: Բնական է, որ բոլորին դուր չի գա, եւ շնորհակալ եմ անգամ բացասական կարծիքների համար. մարդիկ տարբեր ճաշակներ ունեն”:

Բեթթին, նույն ինքը` Էլիզաբեթ Դանիելյանը, հայտնել է, որ գերհագեցած փորձերի ու առօրյայի պատճառով այս ժամանակահատվածում դպրոց չի հաճախում, բայց սովորում է բաց թողած դասերը.“Քանի որ կրթությունն առաջին տեղում է, լրացնում եմ չսովորած դասերս, որ կրկին գերազանցիկ լինեմ: Սակայն չեմ մոռանում հանգստանալու եւ լիցքաթափվելու մասին, որովհետեւ մրցույթին չի կարելի գերհոգնած մեկնել”:

Բեթթին


Փոքրի երգչուհին իր ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում արդեն կողմնորոշվել է.“Առաջին պլանում կլինի հաղորդավարությունն ու երգչուհու կարիերան, բայց շատ ոլորտներում եմ իմ ուժերը փորձում` նկարչություն, ասեղնագործություն, ճապոնական օրիգամի, կիթառ եւ դաշնամուր, դերասանի վարպետություն, լող եւ դիզայն: Կարծում եմ` շատ հետաքրքիր եւ ուրախ մանկություն ունեմ, այսքան դասընթացների հաճախելով` ոչ միայն սովորում եմ, այլեւ նոր ընկերներ եմ ձեռք բերում: Նրանց շնորհիվ իմ մանկությունը չի կարող կորչել, ընդհակառակը` ավելի ուրախ է անցնում: Հասցնում եմ վայելել իմ մանկությունը”:

Հավելենք, որ “Մանկական Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին` Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Առաջին Ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին