×


Գայանե Ասլամազյան.“Ամեն առավոտ սպասում եմ այդ հանդիպմանը”

Գայանե Ասլամազյանը սկսել է իր ժամանակը ավելի գնահատել, եւ սա է պատճառը, որ սերիալներում նրան այլեւս չենք տեսնում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախընտրում է երկարաշունչ նկարահանումներին հատկացվելիք ժամանակն անցկացնել հարազատ մարդկանց հետ, փոխարենը չի հրաժարվի խաղալ գեղարվեստական ֆիլմերում եւ մի քանի սերիայից բաղկացած  ֆիլմաշարերում:

Գայանե Ասլամազյանը


Չնկարահանվելով բազմասերիանոց սերիալներում` Գայանեն, այնուամենայնիվ, չի կիսում շատերի բացասական կարծիքը դրանց վերաբերյալ.“Մենք սերիալներում հնարավորություն ունենք տեսնել հայտնի, տաղանդավոր եւ արժանի դերասանների, որոնց խաղը կարող ենք վայելել նաեւ թատրոնում: Հեռուստատեսությունն ավելի մեծ ճանաչում է տալիս դերասանին ու նաեւ հանդիսատես է բերում թատրոն: Ես չեմ ընդունում վատաբանումները”:

Հաղորդավարուհին կարծում է` աշխատանքում հարաբերական դադարը երբեք չի խանգարում. “Այդ ընթացքում վերանայում ես անցած ուղին եւ ընտրում նորը, իսկ այդ ընթացքում էլ հեռուստադիտողը հասցնում է կարոտել քեզ: Ես պասիվ չեմ, պարզապես գալիս է մի պահ, երբ պետք է կանգ առնես”:

Գայանե Ասլամազյանը` որդու հետ


Գայանեն պատմել է նաեւ որդու` Ալեքսանդրի մասին.“Ինչպես յուրաքանչյուր մոր, ինձ համար եւս զավակաս գլխավորն է իմ կյանքում: Այն մայրերից չեմ, ով ամեն պահ իր երեխայի լուսանկարներն է հրապարակում սոցիալական ցանցերում, բայց անգամ ինձ այնքան էլ լավ չճանաչող մարդիկ նկատել են, որ որդիս իմ թուլությունն է, եթե դա այդպես կարելի է կոչել: Այս պահին, բարեբախտաբար, աշխատանքս թույլ է տալիս նրան տրամադրել այնքան ժամանակ եւ ուշադրություն, որքան հարկավոր է, սակայն, կարծում եմ, բոլոր մայրերի համար այն ժամանակը, որ անցկացնում են իրենց երեխաների հետ, միշտ քիչ է թվում, հատկապես եթե աշխատում ես”:

Գայանե Ասլամազյանը


Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է հաղորդավարուհին կարողանում ամեն առավոտ հեռուստադիտողին ներկայանալ այդքան առույգ եւ խնամված.“Այս հարցում շնորհակալ եմ “Բարի լույս” նախագծի ողջ անձնակազմին, քանի որ յուրաքանչյուր առավոտ ես ոչ թե ստիպված եմ գնում աշխատանքի, այլ գնում եմ ինձ համար արդեն շատ հարազատ դարձած մարդկանց հետ հանդիպման: Ես գնում եմ ընկերներիս մոտ եւ ամեն առավոտ սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք մեծ ընտանիք ենք դարձել ու այդ զգացողությունը բոլորս ունենք, դա էլ հանդիսանում է հեռուստադիտողին առույգ ու բարձր տրամադրությամբ ներկայանալուս գրավականը: Իսկ ահա ամեն առավոտ խնամված լինելուս համար դարձյալ պետք է շնորհակալ լինեմ մեր թիմի այն մասնագետներին, ովքեր ինձ հետ ամեն առավոտ գալիս են աշխատանքի եւ սիրով կատարում են իրենց գործը”:

Զրույցը եզրափակելիս Գայանե Ասլամազյանը ներկայացրել է իր երջանկության բանաձեւը.“Դա ինձ համար այնքան էլ բանաձեւ չէ, ուղղակի ես սիրում եմ կյանքը, բնությունը, արեւը, ընտանիքիս… Ես պարզապես երջանիկ եմ: Ինձ կարող է երջանկացնել անգամ արեւի շողը”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գայանե Ասլամազյանի անձնական արխիվից եւ VP Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին