×


Գարիկ Պապոյան. «Այն մի քիչ շոկային է»:)

«Դաշնակահարուհին». այսպես է կոչվում ավստրիացի գրող Էլֆրիդե Ելինեկի վեպը, որն էլ ընտրել էր հումորիստ-երաժիշտ Գարիկ Պապոյանը՝ Հայաստանի Ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնության շրջանակում ընթերցասեր երիտասարդների հետ քննարկելու համար:

Գարիկ Պապոյանը


2004 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած վեպի ընտրության մասին Գարիկը պատմեց. «Ցանկում ընդգրկված մյուս բոլոր գրքերի էջերի քանակը շատ էր, այդքան ժամանակ չունեի: Ընկերներիս շարքերում կային մարդիկ, ովքեր դիտել էին վեպի հիման վրա նկարահանված ֆիլմն ու խորհուրդ տվեցին կարդալ գիրքը»:

Գարիկը նշեց, որ, իր կարծիքով, այս գիրքը սիրողական մակարդակով կարդացողի համար չէ. «Այն մի քիչ շոկային է: Ընթացքում այնպես է փոխվում սյուժեն, որ սարսափում ես: Սա ոչ թե 18+, այլ 118+ է :): Վեպն ուրիշ վերլուծություն է պահանջում: Սա պետք է կարդան այն մարդիկ, ովքեր ոչ թե կազդվեն, այլ կգնահատեն թեման»:

Գարիկ Պապոյանը


Հումորիստը խոստովանել է, որ որոշ հատվածներ իրեն դուր չեն եկել, սակայն նշել է, որ նկարագրությունները հիանալի էին. «Վեպը հոյակապ է գրված՝ հետաքրքիր կապակցություններով, բառերով ու տողերով: Հեղինակն ամեն բան այնքան մանրամասն է նկարագրում, որ երբեմն տհաճություն էի զգում: Այս գիրքը, լավ իմաստով, կցնցի նրանց, ովքեր խորապես տիրապետում են գրականության արվեստին»:

Քանի որ հումորիստը վեպն այնքան էլ չի հավանել, ծիծաղելով նշեց, որ նախագծի անունն այս քննարկումից հետո փոխվելու ու դառնալու «Խորհուրդ չեն տալիս հայտնիները»:

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի մասնակիցները


Գարիկը պատմեց նաեւ, որ երբ իրեն ինչ-որ ֆիլմ կամ գիրք են խորհուրդ տալիս, նա խորհուրդ է հարցնում ընկերոջից՝ «Վիտամին» ակումբի սցենարիստ Ռոբերտից. «Ռոբը շատ գրքեր է կարդացել ու ֆիլմեր դիտել, այնպես որ միշտ ճիշտ խորհուրդ է տալիս»:

Հումորիստը խորհուրդ տվեց նախ կարդալ «Դաշնակահարուհին», հետո նոր դիտել ֆիլմը, քանի որ գրքում հեղինակը շատ ավելի մանրակրկիտ է ամեն բան նկարագրում, իսկ ֆիլմում շատ բան այլ ձեւ է ներկայացված:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝  Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին