×


Գոհար Գասպարյանը` “Genealogy”-ի մասնակիցների եւ տեսահոլովալի մասին

“Եվրատեսիլյան” մեր երգի եւ տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մարտի 12-ին, իսկ մինչ այդ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեկնաբանում է “Genealogy”-ի գաղափարը, ինչպես նաեւ նոր մանրամասներ է հայտնում մեր մասնակցության մասին:

Գոհար Գասպարյանը


“Genealogy” գաղափարի եւ կոնցեպտի մասին

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը մեզ ոգեշնչեց ստեղծել “Genealogy”-ն: Մեր 6 մասնակցին իրար միավորում է 2 առանձնահատկություն. առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը, եւ երկրորդ` երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է: Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի միջեւ, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության միջեւ, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջեւ: Սա  պատմության ու երաժշտության ծագումնաբանությունն է` կենաց ծառը, որն ինչպես երեւում է տարբերանշանից,  ունի ամուր արմատներ եւ դեպի վեր ձգվող ճյուղեր, որոնք նման են իրար միացող մոլեկուլների: Տարբերանշանի հեղինակը Հանրային հեռուստաընկերության դիզայներ Լուիզա Պետրոսյանն է:

“Genealogy” խմբի տարբերանշանը


Մասնակիցների մասին

Մենք՝ հայերս, բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունենք աշխարհով մեկ սփռված, եւ ցանկացած հայ գիտի «Հայաստան-Սփյուռք-Արցախ» միասնության մասին:  Գաղափարն իրականացնելիս եւ մասնակիցներին ընտրելիս հիմնական  դժվարությունը հստակ ուղղություն, հստակ աշխարհագրություն ընտրելու անհրաժեշտությունն էր: Սկսեցինք փնտրել շնորհալի, երիտասարդ եւ բարետես արտիստների: Սկզբնական ցուցակը բավական մեծ էր, այն ներառում էր շուրջ 30 հոգի, բայց, քանի որ «Եվրատեսիլ»-ում թույլատրելի են միայն 6-ը, Հանրային հեռուստաընկերությունը կատարեց խիստ ընտրություն` հաշվի առնելով կենդանի երգելու նրանց կարողությունները, ոճային եւ ձայնային տարբերություններն ու առանձնահատկությունները:

Եվրոպա աշխարհամասից ընտրեցինք Եսայի Ալթունյանին, քանի որ բացի գեղեցիկ ձայն ունենալուց, նա նաեւ որոշակի հայտնիություն ուներ Հայաստանում: Ասիա աշխարհամասում նույնպես շատ էին մասնակիցները, բայց Ստեֆանի Թոփալյանը մեզ համար բացահայտում էր` իմ բացահայտումը, քանզի ոչ ոք երբեւէ չէր լսել նրա մասին Հայաստանում: Շատ դժվար էր նրան համացանցով գտնելը, բայց ճակատագիրը հրաշքներ է գործում: Ճապոնահայի հետաքրքիր դիմագծերով եւ նուրբ ձայնով մեր հայրենակցուհին նույնպես միացավ նախագծին:

Ամերիկայի դեպքում ավելի հեշտ էր մեր ընտրությունը, քանի որ այնտեղի հայ համայնքը շատ մեծ է եւ մենք որոշ չափով ճանաչում ենք բոլորին: Բացահայտումներ եղան Հարավային Ամերիկայում, բայց, ի վերջո, կանգ առանք նրբագեղ Թամար Կապրելյան երգչուհու վրա, որը նույնպես ուներ որոշակի հայտնիություն հայ երկրպագուների շրջանակում, որոնք նույնիսկ մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին նրա անունը «Եվրատեսիլ»-ի շրջանակում:

"Genealogy” խմբի մասնակիցները


Աֆրիկայում ընտրությունն այդքան էլ մեծ չէր, մասնավորապես հայերը հիմնված են Եթովպիայում եւ Եգիպտոսում: Վահե Թիլբյանին ընտրեցինք, որովհետեւ կենդանի երգելու փորձ ունի, հիմնականում նվագախմբով է հանդես գալիս, ինչպես նաեւ մեծ հայրենասեր է եւ էնտուզիաստ:

Ավստրալիայում մենք ունենք ավագ սերնդի հրաշալի երգչուհի, մասնագետ Արաքս Մանսուրյանին, հենց նա էլ խորհուրդ տվեց լսել իր աշակերտներից մեկին՝ Մերի-Ջինին: Այս ընտրությունը տեւեց ընդամենը 1 րոպե: Առանց երկար մտածելու համաձայնեցինք, որովհետեւ օպերային երգչուհու հզոր ձայնը գերում է հենց առաջին րոպեից: 

Խմբում չէր կարող չլինել Հայաստանի Հանրապետությունից որեւէ մեկը, քանզի կամուրջը ստեղծվում է հենց Հայաստանի եւ «Եվրատեսիլ»-ի միջեւ: Եվ ահա այն երգիչը, որը կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով, հենց կենտրոնն է, միացնող օղակը, մեր «ծագումնաբանության» գենետիկ կապը:  Նրա ձայնը հզոր է եւ բազմաոճ, նույնիսկ երգում նա կարծես կապող օղակն է 5 ձայների:

“Don’t deny” երգի եւ տեսահոլովակի մասին

Երգը նույնպես անցել է ներքին ընտրության փուլ: Մենք համագործակցել ենք հայ բազմաթիվ կոմպոզիտորների եւ խոսքերի հեղինակների հետ: Ինձ հատկապես այս տարի ուրախացրեց այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր եվրատեսիլյան հաջողությունից  հետո ոգեւորություն կար եւ մեծ ցանկություն ստեղծելու հաղթական մի երգ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի եւ խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա: Սա այն երգն էր, որն ամենից շատ էր համահունչ 6 երգչի, «Եվրատեսիլ»-ի ձեւաչափի եւ  ցանկալի տրամադրության համար:

"Dont deny" երգի երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը


Որոշվեց երգը եւ տեսահոլովակը միաժամանակ մատուցել հանդիսատեսին: Կարծում ենք, որ այդպես երգն ավելի է տպավորվում եւ ասելիքն ավելի ցայտուն է լինում: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է` «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում): Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:

Մասնակիցները կարճ ժամանակով այցելեցին Հայաստան, ձայնագրեցին երգը, նկարահավեցին տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Ինչպես նաեւ լուսանկարվեցին օրիգինալ մի քանի ֆոտոշարքում` աշխատելով ոճաբան Արմեն Գալյանի հետ: 

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին