×


Գոհար Հարությունյան.«4-րդ հղիությունս իմ նվերն է ամուսնուս»

Գոհար Հարությունյանը 4-րդ անգամ կմայրանա. նրան գեղեցիկ կարգավիճակում օրերս լուսանկարել է BRAVO.am-ի լուսանկարիչը։  «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհին առաջինը BRAVO.am-ին է պատմել բարի լուրի մասին։

Գոհար Հարությունյանը` ամուսնու հետ


Գոհարը նշել է, որ կրկին մայրանալով իրականացնում է ամուսնու՝ բազմանդամ ընտանիք ունենալու նվիրական ցանկութունը։ Ըստ բժիշկների՝ փոքրիկը լույս աշխարհ կգա հոկտեմբերին, սեռը դեռեւս չեն պարզել.«Իմ նվերն է ամուսնուս: Միայն նրա խնդրանքով որոշեցի ու հանուն նրա այդ քայլին գնացի։ Նա տղամարդ է, դժվար հասկանա, թե ինչ փորձությունների միջով եմ անցնում հղիության ժամանակ։ Ինչպես ինքն է պնդում, ամուսնանալիս ամենամեծ նպատակն ու նախապայմանը եղել է, որ շատ երեխաներ ունենանք։ Ես նրան լիովին հասկանում եմ. այնպես չէ, որ հետո է որոշել բազմազավակ հայրիկ դառնալ։ Բայց եկել ենք ընդհանուր հայտարարի, որ 4 երեխայով կսահմանափակվենք. այլեւս չեմ մտատանջվի, որ դեռ պետք է կրկին երեխա ունենամ»։

Գոհարի փոխանցմամբ՝ երեխաները հետաքրքիր են արձագանքել բարի լուրին. «Բիայնայի տարեդարձին նրանց հայտնեցինք համալրման մասին։ Մեծ աղջիկս՝ Մելինեն, մի պահ ազդվեց, ասաց` «Մամա, չեմ ուզում, որ դու տանջվես», Բիայնան ասաց, որ ավելի լավ կլիներ կենդանի պահեինք, տղաս էլ առաջարկեց, որ անվանենք իր սիրելի «Շնիկների պահակախումբը» մուլտֆիլմից Մարշալի անունով։ Այդպես մեր տանն անվան հետ կապված ծիծաղելի զրույց սկսվեց։ Իրենք գիտեն, որ անպայման պետք է հայկական անուն լինի, նույնիսկ Բիայնան առաջակեց, որ եթե աղջիկ ծնվի, իրեն ուրիշ անունով կոչենք, փոքրիկին էլ Բիայնա անվանենք»։

Գոհար Հարությունյանը սպասում է չորրորդ երեխային


Հղիության ընթացքում դուստրերը հոգատար են դարձել իրենց մայրիկի նկատմամբ. «Հիմա գիտակցում են, որ մամային չի կարելի բարկացնել, առավոտյան ինքնուրույն նախաճաշում ու դպրոց են գնում»։

Ի դեպ, Գոհարը նախաձեռնել է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի վերականգման գործընթացը, նա «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահն է։ Ինչպես նշել է, աշխատանքային ընթացքն իրեն չի խանգարում. «Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի տարբեր մարզերի եւ սփյուռքի հայուհիները, մանրամասները շուտով հայտնի կդառնան։ Ինձ համար շատ կարեւոր ու հետաքրքիր աշխատանք է: Չաշխատելու դեպքում շատ եմ կենտրոնանում ու մտահոգվում հղիությանս համար եւ սկսում եմ ավելի հաճախ բժշկին այցելել։ Կարծում եմ՝ մեր ամուր թիմի շնորհիվ լարվածություն չեմ զգա, հեշտությամբ կանցնի հղիությունս: Ամեն դեպքում լավատես եմ»։

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գոհարի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին