×


Գոհար Հովհաննիսյանի դուստրը ծնվել է ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո :)

Սիդնեյ-Դուբայ չվերթի 450 ուղեւորով ինքնաթիռը երեկ 3 ժամ թռչելուց հետո անհրաժեշտաբար վայրէջք է կատարել, իսկ “մեղավորը” Գոհար Հովհաննիսյանն է: Մայրանալ պատրաստվող երգչուհին մեկնել էր մասնակցելու հայ համայնքի կազմակերպված համերգին եւ վերադարձին օդանավի մեջ զգացել է երկունքի ցավեր:  Օդանավի հարկադիր վայրէջքից հետո նրան տեղափոխել են Ավստրալիայի Պերթ քաղաքի ծննդատուն։

Գոհար Հովհաննիսյանը` Ավստրալիայում


Քիչ առաջ BRAVO.am-ի հետ հեռախոսազրույցում երգչուհին հայտնել է, որ ծննդաբերությունը բարեհաջող է անցել.“Ըստ բժիշկների՝ ես դեռ քսան օր ժամանակ ունեի, բայց այս ընթացքում միշտ հումորով ասում էի, թե Ավստրալիան շատ սիրուն է, երեւի աղջիկս այստեղ ծնվի։ Բախտներս բերեց այն առումով, որ ինքնաթիռը չէր հասել օվկիանոսին։ Նախապես հայտարարեցին վայրէջքի պատճառն, ինձ էլ տեղափոխեցին հիվանդանոց”։

Գոհարն Ավստրալիա էր մեկնել երգիչներ Ռուբեն Սասունցու եւ Աղասի Իսպիրյանի հետ, վերջինս վերադարձել է Հայաստան, իսկ Ռուբենը երգչուհուն ուղեկցել է ծննդատուն.“Ռուբենն ինձնից շփոթված ու խառնված էր, որովհետեւ այս քաղաքում ոչ ոքի չէինք ճանաչում: Իմ վիճակը տեսնելով` էլ ավելի էր անհանգստանում։ Եթե կողքիս չլիներ, չգիտեմ` ինչ կանեի: Շնորհակալ եմ իմ հարազատ ընկերոջը”։

Գոհար Հովհաննիսյանի ընտանիքը


Երգչուհին իր երկրորդ երեխային անվանակոչել է Գայանե` ամուսնու մայրիկի պատվին։ Նա նշել է, որ շոյված է այլազգի բժիշկների վերաբերմունքից. “Ինքնաթիռի անձնակազմից սկսած` բոլորը շատ ուշադիր ու հոգատար էին, ուղղակի խոսքեր չեմ գտնում արտահայտելու, թե ինչքան բարեհամբույր էին։ Պատկերացրեք, որ բժիշկների հոգատարության շնորհիվ ամեն ցավ մոռացել եմ”։

Գոհարը փոքրիկի հետ երկու շաբաթից կվերադառնա Հայաստան.“Թռիչքի համար պետք է ապաքինվեմ, երեխաս խնդիր չի ունենա։ Ամուսնուս ու հարազատներիս հետ հեռախոսով խոսել եմ, անհամբեր սպասում են մեր վերադարձին։ Շոկի մեջ էի. աղջիկս այնքան ուժեղ էր, որ ինքնաթիռն իջեցրեց, որովհետեւ ուզում էր այնտեղ ծնվել:): Նա կունենա Ավստրալիայի ծննդական, բայց քաղաքացի համարվելու համար ծնողներից մեկն էլ պետք է լինի տվյալ երկրի քաղաքացի”։

BRAVO.am-ը շնորհավորում է Գոհար Հովհաննիսյանին` Գայանեին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջություն եւ անհոգ մանկություն։

BRAVO.am
Լուսանկարները` Գոհար Հովհաննիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին