×


Գոռը` Մերիի հետ ամուսնական կյանքի, դստեր եւ նոր աշխատանքի մասին

Հաղորդավար-ամուսիններ Գոռ Պետրոսյանն եւ Մերի Ներսիսյանը տարբեր տարիներին հեռուստադիտողին ներկայացել են տարբեր նախագծերի շրջանակում: BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Գոռը, ով նաեւ ռեժիսոր է, նոր եթերաշրջանում աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում: Նա մեզ հետ զրույցում պատմել է ինչպես աշխատանքային նորությունների, այնպես էլ ընտանիքի, ամառային հանգստի, դստեր եւ հեղինակած երգերի մասին:):

Գոռ Պետրոսյանն ու Մերի Ներսիսյանը փոքրիկ Էվայի հետ


Գործնական

Ես եւ Մերին 7 տարի միասին աշխատել ենք ուղիղ եթերում, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չեմ դավաճանել նաեւ իմ մասնագիտությանը` ռեժիսուրային: Միասին 3 նախագիծ ենք ստեղծել. կինս գրում էր սցենարն ու վարում, իսկ ես իրականացնում էի նրա մտահղացումները:

Այո, հիմա ես եթերում չեմ. կյանքիս այս փուլում ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, ինչ կատարվում է կադրից դուրս. ստեղծագործական թիմի աշխատանքների պլանավորում, հաղորդման բովանդակության եւ կառուցվածքի մշակում, նկարահանումներ եւ մոնտաժ: Բայց նաեւ կարոտում եմ ուղիղ եթերն, ուստի մի օր, անկասկած, կվերադառնամ:

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


Շատ ուրախ եմ, որ կազմակերպչական իմ ջիղն ու թիմում աշխատելու պատրաստակամությունս այսօր դրսեւորելու հնարավորություն ունեմ. Հ1-ի “Առավոտ լուսո” հաղորդման կրեատիվ մասի պատասխանատուն եմ եւ ռեժիսորը:

Իմ եւ Մերիի համատեղ աշխատանքի հաջողության գաղտնիքն աշխատանքի վայրում գործընկերներ մնալն է: Անձնական ոչ մի թեմա, հարաբերությունների եւ ոչ մի դրսեւորում հեռուստաընկերությունում: Մենք պահանջում ենք իրարից շատ ավելին, քան մեր գործընկերներն ու ղեկավարները մեզնից, քննարկում ենք մեր ուժեղ եւ թույլ կողմերը, ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր գաղափարները եւ որ ամենակարեւորն է` աշխատանքը երբեք տուն չենք բերում:

Երաժշտական

Երգեր եմ գրում: Քրիստինե Պեպելյանի “Կգնամ” եւ Սոֆի Մխեյանի “Լուռ է սերս” երգերի ե՛ւ խոսքերի ե՛ւ երաժշտության հեղինակն եմ: Բազմաթիվ ստեղծագործություններ ունեմ, սակայն ժամանակ չի լինում այլ համագործակցությունների մասին մտածել:

Գոռ Պետրոսյանն եւ Մերի Ներսիսյանը


Ընտանիք, հանգիստ, ընկերներ

Ճամփորդություններն ուղղակի անհրաժեշտություն են. դրանք կրթում ու անհատականություն են ձեւավորում: Շփումն այլ ազգերի բարքերի, մշակույթի, անգամ կենցաղի հետ հարստացնում է մարդուն:

Մինչ ամուսնանալը շատ եմ ճամփորդել. մի քանի անգամ եղել եմ Ղրիմում, Գերմանիայում, Լեհաստանում եւ այլուր: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց մեր դուստրը՝ Էվան, բազմաթիվ այլ իրադարձություններ եղան մեր կյանքում, որոնք անընդհատ հետաձգում էին հերթական արձակուրդ-ճամփորդությունը, բայց հուսով եմ, որ ավանդույթը շուտով կվերականգնվի:

Այս ամենով հանդերձ, շատ ենք սիրում ներգնա տուրիզմ կոչվածը: Մեր երկիրն ունի բազմաթիվ անկյուններ, ուր դեռ չենք եղել եւ կբացահայտենք սիրով:

Մերի Ներսիսյանն ու Գոռ Պետրոսյանն իրենց դստեր հետ


Ես եւ Մերին պասիվ հանգստի սիրահար ենք. մեզ չեք տեսնի սարեր մագլցելիս (թեեւ դա էլ ենք փորձել), պարաշյուտով թռչելիս եւ այլն: Աշխատանքն ու գերծանրաբեռնված առօրյան այնպես է հալումաշ անում մեզ, որ ակտիվ գործողությունների ուժ չի մնում հանգստյան շրջանում: Սիրում ենք ծով, բնություն, հարմարավետ միջավայր ու լռություն:

Ընկերներ ո՛չ շատ, ո՛չ քիչ ունենք. ամենամտերիմները յոթն են, նրանց թվում մեր չորս սանիկներն են. հասցրել ենք երկու զույգի քավոր դառնալ: Նրանց հետ մեր հանգիստն ու համատեղ ժամանցը գրեթե երբեք չենք պլանավորում. կարող ենք զանգել միմյանց, տեղ ու ժամ որոշել ու վերջ:

Հաճախ կազմակերպում ենք թեմատիկ երեկույթներ, փախչում ենք քաղաքից, իսկ եթե հետաքրքիր ոչ մի բան չկա, կարող ենք հավաքվել մեկի տանն, ու լավ ժամանցն ապահովված է:

Առաջնեկի մասին

Միշտ ցանկացել ենք, որ մեր առաջնեկն աղջիկ լինի եւ... ստացվեց: Ամեն օր Աստծուն շնորհակալություն եմ հայտնում այն հրաշքի համար, ում մենք տվեցինք Էվա անունը: Օգոստոսի 31-ին նա դարձավ 4 տարեկան: Մի ուղղություն ենք բռնել` կերտել բազմակողմանիորեն զարգացած, զուսպ, բայց ինքնավստահ անհատականություն:

Գոռ Պետրոսյանը դստեր հետ


Էվան կարող է չիմանալ 5 լեզու, չփայլել գիտության կամ արվեստի որեւէ ճյուղում, սակայն համոզված եմ, որ հարուստ ներաշխարհով, տարիքին համահունչ մեծացող եւ ինքնավստահ մարդը կյանքում շատ բաների կարող է հասնել:

Նա արդեն հասցրել է հաճախել լողի եւ վիտրաժների ձեւավորման խմբակներ, մանկապարտեզ է գնում, սեպտեմբերի մեկից նաեւ պարի դպրոց է հաճախում, քանի որ սիրում է պարել:

Տնից բացակայության ժամանակ Էվայի խնամքը երկու տատիկի ուսերին է:
Նրանք, ի դեպ, հստակ գրաֆիկ են սահմանել. աշխատանքային օրերին Էվան իմ մայրիկի հետ է` մեր տանը, իսկ հանգստյան օրերին` Մերիի մայրիկի: Դստերս դաստիարակությունը ամբողջությամբ Մերիի եւ իմ հոգսն է:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գոռ Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին