×


Գուրգեն Դաբաղյանը` մինչեւ 7 տարեկան մազերը չկտրելու եւ գեղեցիկ սեռի ձգողականության մասին

Գուրգեն Դաբաղյանը մարտի 10-ին դարձել է 27 տարեկան: Նա շնորհակալություն է հայտնել մտերիմներին` իրեն ուրախ եւ անմոռանալի օր պարգեւելու համար, նաեւ հրապարակել մանկության լուսանկարներից` բացահայտելով, որ մինչեւ 7 տարեկան ունեցել է երկար մազեր:): Երգիչը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս տարին իր համար լի է աշխատանքային շրջագայություններով, սակայն բազմազբաղությունը չի խանգարի անձնական կյանքին, եթե…

Գուրգեն Դաբաղյանը` ծնողների հետ


-Գուրգեն, քո հանդիսատեսի համար ի՞նչ նորություններ ունես, ինչո՞վ ես զբաղված այս շրջանում:

-Այժմ պատրաստվում եմ համերգային ծրագրով մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ ելույթ կունենամ ժողովրդական ոճի այլ երգիչների հետ: Այնուհետեւ կվերադառնամ Հայաստան, սակայն կարծ ժամանակ անց կուղեւորվեմ Ռուսաստան` հանդես գալու 8-ից 10 քաղաքում: Սա է պատճառը, որ չեմ հասցնում ներկայացնել նոր երգեր եւ տեսահոլովակներ, չնայած դրան` շատ ուրախ եմ, որ դրսում բնակվող մեր հայրենակիցները սիրում են իմ երգերը եւ ցանկանում լսել կատարումներս:

-Աշխատանքային խիտ գրաֆիկը ժամանակ թողնո՞ւմ է անձնական կյանքի համար: Նորություններ կա՞ն:):

Գուրգեն Դաբաղյանը


- Անձնականում նշանակալի նորություններ դեռ չկան: Որեւէ մեկի հետ լուրջ հարաբերություններ չկան: Բնականաբար, զբաղվածությունս եւս խանգարում է դրան, բայց կարծում եմ` եթե որեւէ մեկին հանդիպեի եւ, ինչպես ասում են, սիրտս կպչեր, ապա ոչինչ չեր խանգարի: Պարզապես դեռ չեմ հանդիպել այն մեկին, ում հետ կցանկանայի լուրջ հարաբերություններ սկսել:

-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այդ միակը: Չափանիշներ կա՞ն:

- Գեղեցկությունից առավել գնահատում եմ կանացիությունը, որն առաջինից կարեւոր է, քանի որ երբեմն հանդիպում եմ գեղեցիկ արտաքինով եւ դիմագծերով աղջիկների, որոնք ինձ չեն գրավում. բացակայում է ձգողականությունը:

Գուրգեն Դաբաղյանը


-Շատ ես շրջագայում աշխատանքի բերումով, իսկ հանգիստդ որտե՞ղ եւ ինչպե՞ս ես կազմակերպում:

-Ազատ ժամանակս անցկացնում եմ Հայաստանում: Նախընտրում եմ ակտիվ հանգիստ, զբաղվում եմ սպորտով: Եթե չլինեի երգիչ, հաստատ մարզիկ կլինեի: Երկար տարիներ զբաղվում եմ պրոֆեսիոնալ լողով, սիրում եմ մասնակցել արշավների, լեռնագնացության, հաղթահարել դժվարանցանելի ճանապարհները, լողալ սառը գետերում, գիշերել վրաններում: Ինձ համար մեծագույն հաճույք էր, երբ տարիներ առաջ բարձրացա Արարատի գագաթը եւ այնտեղ երգեցի Հայաստանի հիմնը, նաեւ բարձրացրի իրանահայ անվանի լեռնագնաց Կարո Հովասափյանի նվիրած հայկական դրոշը, որը նա ծածանել է աշխարհի բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթներին:

Զրուցեց Վեգա Անդրիասյանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գուրգեն Դաբաղյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին