×


Դավիթ Ամալյան.«Իսկական հերոսները մեր տղերքն են, որ մեր դիրքերն են պահում»

Արցախյան պատերազմի մասնակից, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանն այս օրերին եղել է Արցախում, այժմ էլ նորից պատրաստվում է մեկնել, սակայն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նախընտրում է այդ մասին չբարձրաձայնել.«Ընկերներիս հետ եղել եմ Ստեփանակերտում, բախտ չվիճակվեց սահման գնալ, բայց սխալս կուղղեմ։ Ամաչում եմ ասել, որ գնում եմ, որովհետեւ չեմ գնում հերոսություն անելու, գնում եմ ընկերներիս հանդիպելու։ Իսկական հերոսները մեր տղերքն են, որ մեր դիրքերն են պահում»։


Դավիթ Ամալյանը եւ «Ազգային լեգեոն» ջոկատի մյուս մարտիկները

Հեղինակ-կատարողը ռազմի դաշտում ընդգրկված է եղել «Ազգային լեգեոն»-ում, ինչպես ինքն է նշում` «Ճտերի ջոկատում», քանի որ 15-16 տարեկան տղաներ են եղել.«Այդ տարիներին ստացել ենք ժողովրդի օգնությունը, հիմա էլ տարբեր տեղերից աջակցում են։ Նույն հայն է, բան չի փոխվել. նախորդ պատերազմը սերմ դրեց նոր սերնդի մեջ, հիմա այդ սերմն արմատավորվել ու զարգացել է։ Նախորդ պատերազմն առաջին փորձն էր թուրքի դեմ բաց ճակատով կռվելու, հիմա փորձված ենք, գիտենք՝ ինչ պիտի անենք»։


Դավիթ Ամալյանը

Հայրենասիրական բազմաթիվ երգերի հեղինակն իր ընկերների հետ պարբերաբար կազմակերպում է ազատամարտիկներին նվիրված հուշ-երեկոներ, գիտի՝ ինչ է նշանակում լինել պատերազմական գոտում.«Նոր սերնդի ոգեւորությունը ոչնչով չի զիջում, մեր միասնականությունը ոգեւորությունից ավելին է, որովհետեւ ոգեւորությունը ժամանակավոր երեւույթ է։ Ոչ միայն բանակում ծառայողների, այլ ամբողջ ազգի մոտ գիտակցված մղում է։ Միշտ ասում էինք՝ Աստված տա, որ լայնածավալ կռիվ չլինի, բայց լինելու դեպքում միասնական ենք լինելու: Ցավոք սրտի, պատերազմը եկավ, մենք միասնական ենք»։

Դավիթ Ամալյանն ամենից շատ ցավում է հայ զինվորների կորստի համար.«Մեզ համար ամենացավոտը զոհերն են: Ես իրավասու չեմ նրանց թվի մասին որեւէ բան ասել, բայց քանի հոգի էլ մահացել են, մեզ համար մեծ թիվ է։ Զինվորները մեր հպարտությունն են»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Դավիթ Ամալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին