×


ԴերՀովա.«Չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու»

Հարություն Տեր-Հովակիմյանը, նույն ինքը` երաժիշտ ԴերՀովան, վերջին շրջանում հեղինակային նոր երգեր չի ներկայացնում, իսկ պատճառների մասին պատմել է BRAVO.am-ին։

ԴերՀովան


Մուսան վերադառնում է

Նախկին ոգեւորվածությունը հիմա չունեմ, բայց շարունակում եմ աշխատել։ Գործիքավորում եմ ոչ թե իմ, այլ ուրիշ հեղինակների երգերը, սիրում եմ երկար նստել ու ստեղծագործել. չեմ ուզում հերթական երգ ներկայացնել։ Տարվա սկզբին հայրս մահացավ, չէի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, տարբեր խնդիրներ կային, բայց մուսաս, կարծես, վերադառնում է։

«Տարբերվող ու հետաքրքիր գործեր չկան»

Այս շրջանում զբաղվում եմ Հասմիկ Կարապետյանի, Արփիի, Սեւակ Ամրոյանի երգերի գործիքավորումներով։ Տարիներ առաջ երգիչներն ավելի հաճույքով էին աշխատում, էքսպերիմենտեր էին անում, իսկ հիմա գրեթե միանման երգեր են, դժբախտաբար, տարբերվող ու հետաքրքիր գործեր չկան, չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու։ Նախկինում ինքս երգիչներին առաջարկում էի, որ փորձարկումներ անենք, հիմա ինչպես ուզում են, այդպես էլ գործիքավորում եմ։ Մեծ մասն ուզում են քեֆերի երգեր կատարել, շնորհավորական երգերով գումար աշխատել։ Մեկ-մեկ նման երգեր գործիքավորել եմ այն պատճառով, որ երգչի հետ մտերիմ եմ, բայց եղել են անորակ երգեր, որոնք մերժել եմ` հասկանալով, որ հավեսով չեմ անելու։ Չնայած` իրենց գործին հավատարիմ մարդիկ մնացել են, օրինակ՝ Հասմիկ Կարապետյանի նոր երգը բոլորովին այլ թեմայով է։ Նրա ցանկությամբ երգը կներկայացվի տեսահոլովակով։

ԴերՀովան


Եկամտի հիմնական աղբյուրը

Երաժշտությանը զուգահեռ նաեւ զբաղվում եմ ռեստորանի բիզնեսով, որի համասեփականատերերից մեկն եմ։ Արդեն 8 տարի գործում է, ուզում ենք թարմացնել, նոր շունչ տալ հին գործին։ Պետք է նշեմ, որ հիմնականում վաստակում եմ գործիքավորմամբ, պարզապես ռեստորանն ավելի կայուն է, քան երաժշտական ոլորտը։ Հազվադեպ հանդես եմ գալիս որպես դիջեյ, երբ հրավիրում են  ինչ-որ կազմակերպության միջոցառման համար։ Ակումբներում չեմ աշխատում, դիջեյությունը մի տեսակ իմը չէ։

Համագործակցություն շվեդների հետ

Շատ կցանկանայի, որ Հայաստանում երաժշտական ոլորտն աճի, բայց դրական տեղաշարժի փոխարեն դեպի վատն է գնում։ Արտերկրում հակառակն եմ նկատում. նոր սերնդի ճանաչված անուններն էքսպերիմենտներ շատ են անում, հետաքրքիր ոճ, ձայն ու տեսակ ունեն։ Վերջերս մեկնել էի եվրոպական երկրներ՝ Շվեդիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ եւ Դանիա։ Արձակուրդային ճամփորդության ընթացքում հանդիպել եմ շվեդ հեղինակների, որոնց հետ հիմա աշխատում եմ։ Նպատակ ունենք միասին երգեր ստեղծել, ինչու ոչ, նաեւ հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ի համար հայտեր ուղարկել։ Եթե լավ երգեր ստացվեն, Իվետային ու Առաջին ալիքին ցույց կտամ եւ հայտ կներկայացնեմ։ Շվեդ հեղինակները նույնիսկ առաջարկել են, որ այլ երկրների մասնակիցների համար երգեր գրենք։ Իմ պլաններում հիմա դրսի շուկան է, լավ առաջարկի դեպքում միգուցե մի քանի ամսով մեկնեմ Եվրոպա, ինչը ստեղծագործական աճ կլինի, բայց Հայաստանը չեմ լքի։

BRAVO.am   
Լուսանկարները` ԴերՀովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին