×


Դիանա Գրիգորյան.«Ընտանիքս սկսել է բողոքել»

Ամերիկաբնակ հայերի առօրյայի մի մասը դարձած «Առաջնորդները» հեռուստանովելը տասն օր է` ցուցադրվում է նաեւ «Արմենիա TV»-ի եթերում: Սերիալի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը, ով նաեւ մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին, BRAVO.am-ի հետ զրույցում իր ուրախությունն է հայտնել այդ առթիվ.«Ի վերջո այն հասանելի է ամբողջ հայ ժողովրդին: 80-ից ավելի սերիա արդեն նկարահանված է, թե դեռ քանի սերիա էլ կնկարահանվի, չեմ կարող ասել: Վարկանիշը կհուշի, թե որքան կտեւեն սերիալի զարգացումները»:

Դիանա Գրիգորյանը


Նա նշել է, թե որն է նոր սերիալի գաղափարն ու գլխավոր հաղորդագրությունը. «Յուրաքանչյուր ոք ի ծնե ձգտում է առաջնորդ լինել: Մարդն իր կյանքի ճանապարհին` հաճախ քծնելով ու շողոքորթելով դիմացիններին, ցանկանում է լինել առաջինը, առաջնորդել մյուսներին: Սակայն հետագայում` կյանքի վայրիվերումների ընթացքում ու հատկապես կյանքի մայրամուտին, նա հասկանում է, որ առաջնորդ լինելն ամենեւին էլ կյանքի նպատակ չէ: Կյանքի կարեւորագույն խնդիրն է սիրել, սիրվել, վայելել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Սերը պետք է լինի կյանքում առաջնորդ»:

«Առաջնորդներ»-ում նկարահանվում են Դիանայի գրեթե բոլոր սերիալներում հանդես եկած դերասաններ Ալբերտ Սաֆարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Աիդա Բաբաջանյանը, Դավիթ Թադեւոսյանը, Հովակ Գալոյանը, Ժաննա Բուտուլյանը, Մերի Մակարյանը, Անուշկա Մարգարյանն ու այլք: Նրանց կազմը համալրվել է նաեւ նոր անուններով՝ Ալեքսանդր Խաչատրյան, Արա Դեղտրիկյան, Ստեփան Ղամբարյան, Անահիտ Մութաֆյան:

Դիանա Գրիգորյանը` երեխաների հետ


Իր հեղինակային սերիալում նաեւ որպես դերասանուհի հանդես գալու մասին խոսելիս նա նշել է, որ որոշումն ընդունել է հանգամանքների բերումով.«Գիտեք, երբ գրում ես սցենար, յուրաքանչյուր կերպարի հոգեվիճակն ապրում ես: Սա անբացատրելի զգացողություն է: Նախապես նման որոշում չի եղել, որ հենց ես պետք է խաղայի այդ կերպարում»:  

Դիանան գերզբաղված աշխատանքային գրաֆիկ ունի, ինչն այնքան էլ հարազատների սրտով չէ:).«Սցենարը գրելու հարցում, ինչպես նախկին իմ բոլոր նախագծերի դեպքում, այս անգամ եւս ինձ օգնում է գործընկերուհիս` Թամարա Գաբրիելյանը: Անկեղծ, այնքան լարված եմ աշխատում, որ ընտանիքս անդամները սկսել են բողոքել, որ իրենց հետ գրեթե ժամանակ չեմ անցկացնում»:

Դիանա Գրիգորյանը


«Առաջնորդները» սերիալում նրա որդին եւ դուստրը չեն նկարահանվում.«Գիտեք, ես միշտ ասել եմ, որ երեխաներիս սերիալում նկարահանելու հատուկ միտում երբեք չեմ ունեցել: Նրանք հայտնվել են սերիալներում այն ժամանակ, երբ կերպարային անհրաժեշտություն է եղել»:

Դիանան մեզ հետ զրույցի վերջում տեղեկացրել է, որ չնայած իր գերզբաղված առօրյային՝ գարնանը նախատեսում է մեկնել Միացյալ Նահանգներ` հեռուստատեսային նոր նախագիծ իրականացնելու համար:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին