×


Դմիտրի Պեւցով.“Մայրս միշտ նախանձում է ինձ, երբ ասում եմ, որ Երեւան եմ մեկնում”

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Դմիտրի Պեւցովը օրերս Երեւանում էր` մասնակցելու հունվարի 27-ին կայացած Միքայել Թարիվերդիեւին նվիրված համերգին: BRAVO.am-ը զրուցել է արտիստի հետ մանկության, ընտրած մասնագիտության, հոգու, կուռքերի եւ այլ թեմաների մասին:

Դմիտրի Պեւցովը


Մայրս միշտ նախանձում է ինձ, երբ ասում եմ, որ Երեւան եմ մեկնում: Մայրս հրեա է, հայրս` ռուս, եղբայրս Թբիլիսիում է ծնվել, մեր տան միակ մոսկվացին ես եմ:

Ամենահրաշալի հիշողություններն ունեմ մանկությանս հետ կապված. սպորտային, “սովետական”, երջանիկ մանկություն եմ ունեցել:

Դմիտրի Պեւցովը


Չնայած, որ մարզական ընտանիքում եմ ծնվել` դերասանության աշխարհն ընտրեցի: Չեմ էլ կարող հիշել ու հասկանալ` ինչու եւ ինչպես այդպես ստացվեց: Բայց դեռ վաղ տարիքում հասկացա, որ չեմ ուզում շարունակել ծնողներիս գործը. պրոֆեսիոնալ սպորտն ինձ համար չէ: Խորհրդային տարիներին պրոֆեսիոնալ մարզիկների վերջն առողջության կորուստն էր. աչքիս առաջ վառ օրինակներ եմ ունեցել ու հասկացել, որ չեմ ուզում նույն ճակատագրին արժանանալ: Հետո սպորտային որեւէ տաղանդ չունեի եւ ընտրեցի մի ոլորտ, որտեղ առանձնապես որեւէ տաղանդ ունենալ պետք չէր: Բայց հետո պարզվեց, որ իրականում ընտրածս ոլորտը ամենաբարդ ու դժվարներից մեկն է:

Դերեր ընտրելու հատուկ ձեւ չունեմ: Վերջին տարիներին ընդհանրապես ոչ մի դեր չեմ ուզում ստանձնել: Երբ դեր են առաջարկում, մեծ ուշադրությամբ ծանոթանում, զննում եմ այն: Դերասանությունը մշտապես կախման մեջ գտնվող մասնագիտություն է, այնպես որ առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում ֆիլմի ռեժիսորին: Եթե չվստահեմ նրան, երբեք չեմ համաձայնվի ստանձնել տվյալ դերը, որքան էլ այն սրտովս լինի:

Դմիտրի Պեւցովը


Ճակատագրական դեր չեմ ունեցել, սա պարզապես աշխատանքս է, այլ կերպ չեմ վերաբերվում դերասանությանը:

Փորձել եմ ինձ թատրոնում, կինոյում, սերիալներում, հանդես եմ եկել որպես երգիչ, բեմի հետ կապված այլ ամպլուա չկա, որ ցանկանայի փորձել: Հիմա ինձ դասավանդելու աշխարհն է գրավել. Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտում կնոջս հետ կուրս ենք հավաքել ու երիտասարդներին դերասանի վարպետություն ենք սովորեցնում: Մոտ 45 ուսանող ունենք, մեզ են միացել նաեւ ոլորտի առաջատար մասնագետները, ովքեր իրենց փորձով պատրաստ են կիսվել երիտասարդների հետ: Հիմա սա է մեր երջանկությունը, ուրախությունը, անհանգստությունը` ամբողջը միասին:

Դմիտրի Պեւցովը


Մանկուց սիրել եմ Վիսոցկուն, մի պահ նրա գործունեության մոլի երկրպագուն էի: Խորապես համոզված եմ, որ նրա ստեղծագործությունները պետք է դասավանդվեն միջնակարգ դպրոցի ավագ դասարաններում, որովհետեւ նա մեծագույն ռուս պոետ է: Վիսոցկուց բազմաթիվ սիրելի տողեր ունեմ, բայց չեմ ցանկանում հիմա որեւէ մեկն առանձնացնել, վախենում եմ` մյուսները նեղանան:
Առաջին հոնորարը ստացել եմ գործարանում` հաստոցների վրա աշխատելիս: Տորթ գնեցի, հրավիրեցի բոլոր համադասարանցիներիս: Արդյունքում` բոլորս թունավորվեցինք:

Երբեք չէի ցանկանա որեւէ իրադարձություն, օր, պահ ետ բերել ու վերապրել. այդ ամենն անիմաստ է: Անզոր ենք եւ որեւէ իրավունք չունենք ետ բերել կամ փոխել այն, ինչ տրվել է մեզ ի վերուստ: Պետք էլ չէ փորձել: Ես հենց այս պահի մեջ եմ ապրում, իմաստը հենց ներկայի մեջ եմ փնտրում: Ապագայի մասին խորհելիս միայն հոգուս մասին եմ մտածում, որովհետեւ երբ մարմինս դադարի ֆիզիկական գոյությունը, հենց հոգիս է մնալու ...

Շարունակությունս Աստծո թագավորության մեջ եմ տեսնում, կարծում եմ` ցանկացած քրիստոնյայի ցանկությունն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին