×


Ելենա Արշակյան.«Էմմայի եւ Սարգսի մասնակցությամբ շատ լարված սերիաներ են սպասվում»

Ելենա Արշակյանը նոր՝ 25 մասանոց ֆիլմ է նկարահանում, որը հունիսից կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով: «Դեպի վայրէջք» սերիալի ռեժիսոր-պրոդյուսերը BRAVO.am-ին հայտնել է, որ կրկին համագործակցել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, բարձրաձայնում են սոցիալական կարեւոր խնդիր:

Կադր «Դեպի վայրէջք» սերիալից


«Շատ հետաքրքիր նախագիծ ենք սկսել: Սցենարը մանրակրկիտ է գրվել, քանի որ իրավունք չունենք սայթաքելու: Ներկայացնում ենք թրաֆիքինգի զոհ դարձած աղջկա պատմություն, ում հասարակությունը միանշանակ չի ընդունում: Փակագծերը շատ չբացելով՝ նշեմ, որ այնպիսի թեմաների ենք անդրադարձել, որոնք մարդիկ հաճախ վախենում են բարձրաձայնել»,-նշել է նա:

Ելենան խոստովանել է, որ շատ էր կարոտել իր մասնագիտական աշխատանքը՝ ռեժիսուրան.«Սկսել ենք նախապատրաստվել նախորդ տարեվերջին, իսկ նկարահանումները մեկնարկել են այս ամիս: Շատ լավ դերասանական կազմ ենք հավաքել, կան նաեւ երիտասարդներ, որոնց հետ առաջին անգամ եմ աշխատում»:

Կադր «Դեպի վայրէջք» սերիալից


Գլխավոր հերոսուհուն, ռեժիսորի ընտրությամբ, մարմնավորում է Էմմա Մանուկյանը.«Նա ինձ համար լավագույն դերասանուհիներից է: Նրա մասին ժամերով կարող եմ խոսել: Համեստությունը մարդկային հատկանիշներից լավագույնն է, եւ նա այն քչերից է, ով չի կորցրել այդ հատկանիշը»:

Սերիալում զբաղված է նաեւ Սարգիս Գրիգորյանը: Ելենայի խոսքով՝ դերասանը շատ է անհանգստանում նկարահանումներին, բայց ոչ թե իր խաղի համար, այլ՝ հարազատ դստեր՝ Յանայի, որի հետ հոր եւ դստեր կերպարներում են:). «Շատ էի կարոտել Աննա Էլբակյանի հետ աշխատանքս: Նա եւս ընդգրկված է այս նախագծում: Գլխավոր դերերում են նաեւ Մերի Հակոբյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Էվա Խաչատրյանը, Վարդան Հովսեփյանը»:

Կադր «Դեպի վայրէջք» սերիալից


Հատուկ BRAVO.am-ի ընթերցողների համար ռեժիսորն առաջին անգամ սցենարային բացահայտումներ է արել.«Սարգսի դերակատարն օդաչու է, իսկ նրա կինը, ում մարմնավորում է Էմման, Դուբայում կորում եւ թրաֆիքինգի զոհ է դառնում: Տարիներ անց նա վերադառնում է Հայաստան… Հեռուստադիտողը ականատես կլինի, թե ինչպես են ամուսինը, հասարակությունը ընդունում նրան: Շատ լարված սերիաներ ու զարգացումներ են սպասվում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport