×


Եսայի.“Շուշան Պետրոսյանն ասում էր` “WOW”:)”

Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Եսայի Ալթունյանը հայ երաժշտասերներին առավել հայտնի դարձավ հեռուստատեսային նախագծի, այժմ արդեն Էմմիի հետ զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ` “Էրեբունի-Երեւան”-ի շնորհիվ: Ինչպե՞ս  է Եսային հայտնվել երգարվեստում, ինչո՞վ է զբաղվում Ֆրանսիայում , ո՞ւմ հետ է շփվում եւ ի՞նչ ծրագրեր ունի հայկական շոու-բիզնեսի հետ կապված  հարցերի պատասխանը երգիչը տվել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Եսային


-Ե՞րբ  քայլերդ ուղղեցիր դեպի երգարվեստ:

-3 տարեկանից մայրիկիս հետ սկսեցի դաշնամուր նվագել, 12 տարեկանում սկսեցի առաջին կոմպոզիցիաները ստեղծել եւ երգել,  իսկ 18 տարեկանում դիմեցի իրավաբանական ֆակուլտետ: Հենց 18 տարեկան էի, երբ թողարկվեց իմ առաջին սկավառակը. երեք տղաներով մի խումբ էինք ստեղծել, որի երգերը հնչել են ֆրանսիական հեռուստատեսության  եւ ռադիոյի եթերում: 23 տարեկանում “Ռոմեո եւ Ջուլիետ” մյուզիքլում երգեցի, որը երկու տարի անընդմեջ Ֆրանսիայի բեմերում էր:

-Հայաստանում  քո երգերն ու  տեսահոլովակները  քչերին են հայտնի,կներկայացնե՞ս դրանք:

-Վերջերս թողարկել եմ “First” ալբոմը: Այն իմ առաջին ձայնասկավառակն է, դրա համար էլ այդպես կոչեցի: Նաեւ տեսահոլովակներ ունեմ` “Sweet family”-ն եւ “Have A Good Day”-ը:

Ես նաեւ կոմպոզիտոր եմ, իմ անձնական ստուդիան ունեմ Ֆրանսիայում: Միշել Լեգրանի հետ եմ համագործակցել. ամիսներ շարունակ աշխատել ենք, հիմա  ընկերներ ենք: Երաժշտություն եմ գրում հեռուստատեսային  հաղորդումների, ֆիլմերի համար:

Եսային եւ Էմմին


-Հայաստանյան հեռուստատեսային նախագծի մասնակցելու առաջարկն ինչպե՞ս ընդունեցիր:

- Սիրով համաձայնեցի, բայց չէի պատկերացնում, որ այսքան լավ է լինելու: Ի դեպ,  Նադյան /Նադեժդա Սարգսյանը/  մինչ այդ “Ֆեյսբուք”-ով  ծանոթացել է մայրիկիս հետ, եւ երբ առաջարկել են իրեն, որ ես լինեմ Էմմիի զույգը, ասել է, թե գիտի ինձ:

-Էմմիին մինչ այս նախագիծը ճանաչե՞լ ես:

-Ոչ, ընդամենը մի քանի երգ էի լսել իր կատարմամբ: Միանգամից հասկացանք իրար. Էմմին շատ աշխատասեր է: Շատ արտիստների հետ եմ աշխատել, որոնք մեկ անգամից ավելի չեն ուզում երգել… Շատ լավ աղջիկ է: Իր երգերից ամենաշատը սիրում եմ “Էրեբունի-Երեւան”-ը (ծիծաղում է-հեղ) եւ  “Goodbye”-ը:

Եսային


-Մտերմության արդյունք է նաեւ “Էրեբունի-Երեւան” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի սցենարի հեղինակը դու ես: Ի՞նչն ես ուզել շեշտադրել այս տեսահոլովակում:

-Տեսահոլովակի մեջ, իմ կարծիքով, ամենակարեւորը պատմությունն է: Պետք է պատմություն լինի, որ հիշվի այն: “Տիտանիկ”-ի օրինակը բերեմ. բոլորը գիտեն, որ նավը խորտակվելու է, բայց մինչ այդ սիրո պատմություն է, որը կլանում է դիտողին, իսկ վերջում ասում են`“Վայ, նավը պետք է խորտակվի”...Այստեղ էլ ուզում էի, որ պատմություն լինի, Երեւանը չէի ուզում ցույց տալ՝ միայն հուշարձանները նկարելով:

- Քո եւ Էմմիի  մտերմությունը շատերն այլ կերպ կարող են ընկալել: Ի՞նչ կասես այս մասին:

-Գիտեմ,  պիտի նայեն տեսահոլովակը, խոսեն...Մարդիկ սիրում են ինտրիգներ, նորմալ է,  Ֆրանսիայում էլ է այդպես: Որքան էլ սխալ բաներ խոսեն ու գրեն, միեւնույն է, մեր մասին է, դա գովազդ է: Ինձ համար նման խոսակցությունները նորություն չեն, բայց  դա իմ անձնական կյանքն է, եւ միայն Աստված գիտի, թե ինչ կլինի հետո: Հիմա Էմմին իմ փոքր քույրն է, գեղեցիկ աղջիկ ու լավ երգչուհի:

Եսային


-Ֆրանսիայում արդեն գիտե՞ն այս երգի ու տեսահոլովակի մասին:

-Գիտեն ու բոլորն էլ սպասում են այս տեսահոլովակին: Ինչու չէ, նաեւ ֆրանսիական հեռուստաալիքներով եթեր կհեռարձակվի: Ես աշխատելուց այնպիսի բան պետք է անեմ, որ Ֆրանսիայում ասեն` “գիտե՞ք հայերն ինչ լավ գործ են անում”:

- Հայ երգիչներից ո՞ւմ ձայնն ես հավանում:

-Շատ եմ սիրում Շուշան Պետրոսյանի ձայնը, նա էլ ինձ ճանաչում է դեռ փոքր հասակից... Ես դաշնամուր էի նվագում եւ երգում, իսկ Շուշանն ասում էր` “WOW”:):

Եսային


-Հայկական շոու- բիզնեսին որքանո՞վ ես ծանոթ: Ուզո՞ւմ ես դառնալ հայկական շոու-բիզնեսի անդամ:

- Չգիտեմ` ինչպես է այստեղ, բայց Փարիզում պատերազմ է: Եթե ամուր մեջք չունես, կտապալեն քեզ. 100-ի 30 տոկոսը երաժշտություն է, 70-ը` բիզնես: Եթե շատ լավ երաժշտություն է, բայց բիզնես չկա, ոչինչ է: Չեմ եկել Հայաստան շոու-բիզնես մտնելու համար: Ես Ֆրանսիայում շատ գործ եմ անում,վաստակում եմ, նպատակ չունեմ իմ երգերով այստեղ բիզնես անել:

-Ո՞րն է Երեւանում ամենասիրելի վայրը քեզ համար:

- Ավելի շատ հին Երեւանն եմ սիրում:

-Ե՞րբ կրկին կգաս Հայաստան:

- Սեպտեմբերին:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին