×


Երեկվա երեկոյի հերոսուհին Դալիթան էր :)

Դալիթան երեւանյան երաժշտական ակումբներից մեկում երեկ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, երգել է կենդանի նվագակցությամբ, այնուհետեւ մակագրել իր ձայնասկավառակի առաջին օրինակները։ Համերգ-շնորհանդեսին ներկա են եղել նրա հարազատներն ու գործընկերները։

Դալիթայի “Welcome to Armenia” ձայնասկավառակի շնորհանդեսին


Երեկոյի առաջին հատվածում տեղի է ունեցել “Crazy Generation” տեսահոլովակի պրեմիերան, այնուհետեւ Դալիթան “Colors of Music” բենդի տղաների նվագակցությամբ կատարել է սկավառակում ընդգրկված երգերից, ինչպես նաեւ Բրունո Մարսի, Ջեսի Ջեյի երգացանկի հայտնի հիթերից։ Նա համերգը սկսել ու ավարտել է “Crazy Generation” երգով։

Երեկոյի հաղորդավար Կարինա Դանելյանը ներկայացրել է ձայնասկավառակի պարունակությունը եւ երգչուհու հետ աշխատող թիմի անդամներին։ Այժմ Դալիթան երգում է “Colors of Music” բենդի հետ։ “Crazy Generation” երգի երաժշտությունը գրել է Զառա Պետրոսյանը, խոսքերը՝ Զարինե Մխիթարյանը, գործիքավորել է Բրդեն, տեսահոլովակը, որում նկարվել են նաեւ խմբի տղաները, թողարկել են Զառա Պետրոսյանը, Արման Օրդյանը, իր մասնակցությունն է ունեցել նաեւ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը։

Դալիթայի “Crazy Generation” տեսահոլովակի պրեմիերային


16-ամյա երգչուհին BRAVO.am-ի հետ զրուցում նշել է, որ ձայնասկավառակն անվանել է “Welcome to Armenia”՝ իրեն ճանաչում բերած եվրատեսիլյան երգի անվամբ։ Սկավառակում ընդգրկված է հին ու նոր 14 երգ՝ “Պարիր ինձ հետ”, “Մենակ չենք մենք”, “Դեպի նոր մի կյանք”, “Մամ ջան”, “Դու չկաս”, “Մի նոր տոն”, “Հեքիաթ” եւ այլն. “CD-ում ամփոփված են իմ մանկության գրեթե բոլոր երգերը։ Ուրախ եմ, որ ինձ համար կարեւոր սկավառակն արդեն պատրաստ է”։

Վերջերս Իտալիայում կայացած “Verdinote” երաժշտական միջազգային մրցույթում առաջին տեղը գրաված Դալիթան շնորհակալություն է հայտնել աջակիցներին. “Այսուհետեւ տղաների հետ հանդես կգամ տարբեր ակումբներում, միջոցառումներին ու համերգներին։ Շատ հաճելի է պրոֆեսիոնալ երաժիշտների հետ աշխատել”։

Դալիթայի “Welcome to Armenia” ձայնասկավառակի շնորհանդեսին


Երեկոյի եզրափակիչ հատվածում  “Հեքիաթ” ֆիլմի հեղինակ Նարինե Մնացականյանը դիպլոմ է հանձնել երգչուհուն` ֆիլմի հիմնը կատարելու եւ տեսահոլովակում նկարահանվելու համար։ Այնուհետեւ Դալիթան իր ընկերների հետ կտրել է տոնական տորթը։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին