×


Երեւանը` «Okean Elzy»-ի երաժշտական «օկեան»-ում

Հունիսի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ հայտնի ուկրաինական «Օկեան Էլզի» ռոք-խմբի երկար սպասված համերգը, որով «Mezzo Production»-ը նշանավորեց իր 5-ամյակը:

«Օկեան Էլզի» ռոք-խմբի երեւանյան համերգին


Լուսավորված բեմում երաժիշտների գործիքներն են. միանգամից հասկանում ես՝ խմբի ֆրոնթմենը՝ Սվյատոսլավ Վակարչուկը, կենտրոնում է կանգնելու, հենց այնտեղ է տեղադրված բարձրախոսը, որի ձողին շարֆ է ամրացված: Երգչի այցեքարտն է. համերգներին շարֆեր է ամրացնում բարձրախոսին, որ յուրահատուկ մթնոլորտ ստեղծի շուրջը, որ ամեն ինչ միանգամից հարազատ ու հարմարավետ դառնա.«Երբ բեմ եմ դուրս գալիս ու տեսնում կախված շարֆը, միանգամից հանգստանում եմ, գիտակցում՝ սա իմ բեմն է, իմ բարձրախոսը, այդ ամենն իմն է»,-ասում է նա:

Համերգի մեկնարկին ենք սպասում, ու ամեն վայրկյանը սկսում է անվերջություն հիշեցնել, թվում է՝ այդ պահն այդպես էլ չի գա, երբ սիրելի երգերը կենդանի կատարմամբ կվայելես: «Վա-կար-չուկ», «Սլա-վա»` անդադար վանկարկումների ու ծափահարությունների ներքո համերգը վերջապես սկսվում է, ու ամեն ինչ մի ակնթարթում այնքան ներդաշնակ է դառնում, եւ դու էլ միանգամից հայտնվում ես Վակարչուկի «սենյակում»` իր ստեղծած հարմարավետ տիրույթում:

Սվյատոսլավ Վակարչուկը


Խմբի նոր՝ «Без Меж» կոչվող թվով իններորդ ալբոմը մոտ մի ամիս առաջ է լույս տեսել. նոր, բայց հանդիսատեսի կողմից արդեն անգիր արած երգերն էլ բացեցին համերգը: Մենք «ֆան զոնա»-ում էինք, բոլորս միասին էինք՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ … Օդում համընդհանուր «չքաղաքականությունն» ու «անթշնամությունն» էին կախվել: Միասին էինք, ոչ մեկը չէր բրդբրդում՝ միմյանց տեղ էինք զիջում, թրվռում, երգում, գոռում, Վակարչուկի «հրահանգով» «ալիքներ» ստեղծում: «Без Меж» անվանումը թարգմանաբար նշանակում է առանց սահմանի:

Իսկ Վակարչուկը շռայլ է ամեն մեկին անհատական հույզեր բաժանելու հարցում: Երբեւիցե մի կաթիլ էներգիա չի խնայում՝ բեմից յուրաքանչյուրին «գրկելով» իրենց սիրելի երգով: Հետո կրկին իր ձեռագրին հավատարիմ մնալով` Վակարչուկը գտնում է բեմում ամենաբարձր կետը՝ տվյալ դեպքում դինամիկները, բարձրանում դրանց վրա, հանում շապիկն ու շարունակում ելույթը: Բայց այդ ամենն էլ նրան բավական չէ. Վակարչուկն իջնում է երկրպագուների մոտ, գրկում, լուսանկարվում, շնորհակալություն հայտնում: Վստահ եմ, որ մեծ թեւեր ունենար միանգամից բոլորիս կգրկեր ու չէր թողնի, որ ազգայնական թեմայով երբեւէ որեւէ կոնֆլիկտ լիներ:
 

«Օկեան Էլզի» ռոք-խմբի երեւանյան համերգին


«Стрéляй»-ն է երգում, հետո հավելում` «Ուզում եմ, որ մարդիկ միմյանց միայն խոսքերով կամ սրտերով կրակեն»: Ամեն անգամ «Мить»-ը երգելիս Վակարչուկը հուզվում է, երեւանյան համերգն էլ բացառություն չէր.«Երբ զինվորները պաշտպանում են իրենց հայրենիքն ու զոհվում են, դա փառք է ու հերոսություն, բայց երբեմն էլ ավելի մեծ հերոսություն է կենդանի մնալ, ապրել ու շարունակել պայքարը»: Հնչում է «Я не здамся без бою»-ն, ու ինձ թվում է, թե հատակը ոտքերիս տակ շարժվում է`անկարող դառնալով դիմադրել նման էներգետիկ օվկիանոսի, իսկ Վակարչուկն ավելացնում է` «Երբեք չհանձնվեք»: Անդադար խոսում է հանդիսատեսի հետ, արդեն թվում է, թե վաղեմի ծանոթներ ենք, որ երկար դադարից հետո նորից հանդիպեցինք:

Ու հանկարծ հասկանում ես, որ համերգն ավարտին մոտեցավ` լույսերն անջատվեցին, տղաները հեռացան բեմից: Բայց ինքդ քեզ հանգստացնում ես` դեռ լիքը սիրելի երգեր կան, հիմա նորից դուրս կգան, ու նորից բոլորով սկսում ենք բղավել ու hետ կանչել նրանց: Ու այդպես երեք անգամ տղաները բեմ են վերադառնում ու շարունակում «բաժանել» ամենահամեղ ու սպասված երգերը: «Մենք դեռ անպայման գալու ենք: Վստահ եմ` շուտով կհանդիպենք»,-ասում է Վակարչուկը: Իսկ «ֆեյսբուքյան» հարյուրավոր գրառումները վկայում են` Երեւանը դեռ երկար կլողա տղաների երաժշտության «օկեան»-ում, մենք էլ անհամբեր սպասում ենք մեր նոր հանդիպմանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին