×


Երեւանցի երաժիշտները` ֆիլմի հերոսներ

Թվում է` Երեւանի մասին այնքան երգեր են գրվել, այնքան տեսահոլովակներ նկարահանվել ու այնքան է խոսվել, որ այլեւս նոր ասելիք չկա: Բայց արի ու տես, որ Երեւանի մասին կարելի է պատմել ու խոսել անվերջ` ամեն անգամ ասելիքը ներկայացնելով նորովի, նոր աչքերով: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում երեկ ներկայացվեց ռեժիսոր Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է մեր սիրելի մայրաքաղաքին: Վեց երաժիշտ՝ «տեղի ոգիները», որոնց թվում են Արտո Թունջբոյաջյանը, Ջիվան Գասպարյանը, Ֆորշը, Լեւոն Մալխասյանը, Լիլիթ Պիպոյանն ու Միքայել Ոսկանյանը, խոսում ու երգում են իրենց քաղաքի մասին՝ բացահայտելով նրա ցավն ու հմայքը:

«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմի երեւանյան պրեմիերային


«Ֆիլմում ներկայացված երաժիշտները, ըստ իս, հանճարներ են: Նրանք այն մարդիկ են, որոնց ճակատագրերն ու երաժշտությունը սերտորեն կապված են Երեւանի ճակատագրի հետ: Ֆիլմում ես քաղաքը ներկայացրել եմ վեց երաժիշտների աչքերով. նրանք քայլում են, պատմում ու ներկայացնում մեր քաղաքի ամենայուրահատուկ վայրերը, որոնց նկատմամբ իրենք առանձնահատուկ վերաբերմունք ունեն»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Տատյանա Դանիելյանցը:

Նրա խոսքով՝ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեռ ապրիլին` Մոսկվայում, եւ այն ցուցադրվել է ավելի քան 20 էկրանների՝ արժանանալով տեղի հանդիսատեսի հիացմունքին ու բարձր գնահատականին:

Մինչ կսկսվեր ֆիլմի ցուցադրությունը, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց ջազ դաշնակահար Լեւոն Մալխասյանին ու նրան հանձնեց «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանը.«Այս քաղաքում ապրում է մի ֆանտաստիկ, լեգենդար մարդ, որը 14 տարի շարունակ փառատոնին զուգահեռ իրականացնում է «Ջազ. Ոսկե ծիրան» փառատոնը՝ իր չարչարանքով, իր հնարավորություններով, իր միջոցներով: Եվ «Ոսկե ծիրանի» խորհուրդը պարգեւատրում է նրան մեր ամենաբարձր շքանշանով»,- ասաց կինոփառատոնի հիմնադիրը: Մալխասն էլ շնորհակալություն հայտնեց ու նշեց, որ զգացված է՝ իր համեստ աշխատանքը գնահատելու համար:

Կադր` «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական ֆիլմից


Ֆիլմի առաջին իսկ վայրկյաններից պարզ էր, որ հանդիսատեսն ամբողջ ընթացքում երգելու է ու նվագելու երաժիշտների հետ: Այո, նվագելու, քանի որ իմ հետեւում նստած մարդկանցից մեկն Արտո Թունջբոյաջյանի հետ միասին թմբուկ էր նվագում իր ոտքերին եւ դա անում էր մեծագույն հաճույքով ու վարպետությամբ:): Ֆիլմի հերոսները հիշում էին հին Երեւանը, ոմանք պատմում էին իրենց սիրելի վայրերի մասին, որոնք այլեւս չկան, ոմանք Երեւանը տեսնում էին կենտրոնից դուրս, օրինակ` Շենգավիթ վարչական շրջանում կամ Հրազդանի կիրճում: Նրանք անցնում էին այն վայրերով, որտեղ սովորաբար նվագում են, ստեղծագործում ու հանդիպում իրենց ընկերներին: Ընթացքում էլ այդ զբոսանքները համեմում էին հետաքրքիր ու անմոռանալի պատմություններով, որոնք հիշողություններ դարձած ապրում են իրենց կյանքում ու Երեւանում:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ փոքրիկ քննարկում, որի ընթացքում հանդիսատեսն իրեն հետաքրքրող հարցերն էր ուղղում ռեժիսորին ու ֆիլմի հերոսներին: Այստեղ կառանձնացնենք Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ եւ «Mezzo Production»-ի հիմնադիր Կամո Մովսեսյանի հարցը՝ ուղղված Տատյանա Դանիելյանցին. նա հետաքրքրվեց՝ եթե հնարավորություն լիներ նկարահանել եւս մեկ ֆիլմ Երեւանի մասին, ապա ի՞նչ թեմա կընտրեր նա այս անգամ: Ռեժիսորն էլ պատասխանեց, որ իրեն հետաքրքրում են մշակույթի մարդիկ, քանի որ կարծում է՝ նրանք երկրի աղն են, նրանք են ձեւավորում քաղաքի դիմագիծը եւ դարձնում այն միանգամայն ուրիշ.«Այդ իսկ պատճառով, եթե ես որոշեմ անել մեկ այլ ֆիլմ Երեւանի մասին, ապա այն միանշանակ կապված կլինի մշակույթի հետ»,- ասաց Դանիելյանցը:

Լիլիթ Պիպոյանը


Թեեւ երաժիշտները շտապում էին ֆիլմից հետո կայանալիք համերգին, բայց այդ ընթացքում հասցրինք զրուցել նրանցից մի քանիսի հետ: Լիլիթ Պիպոյանը, պատմելով իր տպավորությունների մասին, ասաց, որ ընդհանուր առմամբ հավանել է ֆիլմը, թեեւ ունի իր դիտողությունները.«Առաջին անգամ էի դիտում ֆիլմը եւ տեսա, որ շատ կադրեր դուրս են մնացել, ինչի համար շատ եմ ափսոսում: Իհարկե, երեւի անհրաժեշտ էր ձեւաչափի մեջ տեղավորվել, բայց պետք է նշեմ, որ շատ ենք շրջել, շատ ենք խոսել, նկարահանումները շատ երկար ժամանակ են ընթացել, քանի որ Տատյանան անընդհատ ստիպված էր գալ-գնալ Երեւանից Մոսկվա: Ընդհանուր առմամբ, հավանել եմ ֆիլմը, հետաքրքիր էր ստացվել»,- ասաց նա:

Ի տարբերություն Լիլիթ Պիպոյանի՝ Միքայել Ոսկանյանն առաջին անգամ չէր դիտում ֆիլմը. նա հասցրել էր դիտել այն դեռ ապրիլին՝ ռուսաստանյան պրեմիերայի ժամանակ.«Մոսկվայում պատիվ եմ ունեցել ներկա գտնվել հենց առաջին դիտմանը: Ընդհանուր առմամբ շատ տպավորված եմ: Իմ մասով, ճիշտն ասած, ես ինքս ինձ այնքան էլ դուր չեմ գալիս այդ ֆիլմում, բայց բոլոր կերպարները շատ լավ են ներկայացված: Հեղինակը խոսում ու պատմում է քաղաքի մասին երաժիշտների աչքերով: Շատ հետաքրքիր էր ու, որքանով տեղյակ եմ, աննախադեպ, այսինքն՝ Երեւանի մասին այս ձեւաչափով դեռ ոչ ոք չէր խոսել»,- նկատեց երիտասարդ երաժիշտը:

Երեկոն ամփոփվեց բացօթյա համերգով «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում՝ ֆիլմի հերոսներից մի քանիսի մասնակցությամբ: 

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` ֆիլմի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport