×


Զարուհի Բաբայան.“Հազվադեպ եմ առանց ամուսնուս ճամփորդում”

Զարուհի Բաբայանն օրեր առաջ վերադարձել է արտերկրից, BRAVO.am-ի հետ զրույցում էլ պատմել, թե ինչ առիթով էր ամուսնու, դաշնակահար Կարեն Մամիկոնյանի եւ սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի հետ մեկնել Բեյրութ.“Հրավեր էինք ստացել մասնակցել Լիբանանի լավագույն հինգ համալսարանների շարքում ընդգրկված  “Հայկազյան” համալսարանի 60-ամյակի միջոցառմանը, որտեղ բացի հայերից, սովորում են տարբեր ազգերի ուսանողներ: Համալսարանը կազմակերպել էր բարեգործական ընթրիք, որին ներկա էին իրենց ֆինանսավորող բարերարները, տարբեր միությունների նախագահներ, դեսպաններ եւ համալսարանների շրջանավարտներից”,-պատմել է երգչուհին` հավելելով, որ երեկույթին հանդես է եկել ջազ կատարումներով:

Զարուհի Բաբայանը` Սիդնեյում


Նա այս ճամփորդությունից առաջ Համլետ Գեւորգյանի հետ եղել է նաեւ հայաշատ մեկ այլ քաղաքում` Սիդնեյում, որտեղ ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով նրանք մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական երգ-երաժշտության մեկօրյա փառատոնին: Զառայի փոխանցմամբ` իրեն ու Համլետին վստահված է եղել փառատոնի փակումը.“Ողջ օրվա ընթացքում ելույթ ունեցան հայկական պարի խմբեր, երգիչներ, նվագախմբեր, տեղի ունեցավ հուշանվերների ցուցահանդես-վաճառք եւ հայկական ուտեստների համտես: Ներկա էր ավելի քան տասը հազար մարդ, որոնց զգալի մասը հայեր չէին: Մենք ելույթ ունեցանք մեկուկես ժամ` հիմնականում կատարելով ժողովրդական ու ազգային երգեր”:

Զառան առաջին անգամ է այցելել Ավստրալիա: Չորսօրյա այցի ընթացքում նա հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին եւ ամուսնու հետ շրջել Սիդնեյի տեսարժան վայրերով.“Սփյուռքի նախարարի հետ հանդիպեցինք հայկական միությունների եւ կուսակցությունների ղեկավարներին, ծանոթացանք տեղի հայերի ապրելակերպին ու ջերմ տպավորություններով վերադարձանք Հայաստան”:

Զարուհի Բաբայանը` Սիդնեյում


Այժմ երգչուհին զբաղվում է իր հիմնադրած երգի ստուդիայի հնգամյակին նվիրված համերգի կազմակերպչական աշխատանքներով. “Կնշենք իմ սաների մասնակցությամբ մանկական համերգով: Այս օրերին ձայնագրում ենք երեխաների երգերը, որոնք կհնչեն ռադիոյով: Բացի այդ, մասնակցում եմ բարեգործական նախաձեռնությունների: Մինչեւ հունիսի վերջ պետք է ավարտեմ կարեւոր անելիքներս, որ կարողանամ հանգստանալ”:

Առաջիկայում նա կներկայացնի իր նոր տեսահոլովակը “Կիլիկիա” երգի հիման վրա. “Հագուստն ու հայկական նախշերով ձեռագործ զարդերն արդեն պատրաստ են: Ամեն ինչ հիմնված է խորհրդանիշների վրա: Նախապատրաստական աշխատանքներն արդեն վերջացրել ենք եւ շուտով կնկարենք Հայաստանի սահմաններում”:

Զարուհի Բաբայանն` ամուսնու հետ` Սիդնեյում


Զբաղված լինելով համերգային շրջագայություններով` Զառան ընդգծել է, որ իրեն ուղեկցում է ամուսինը, իսկ որդու եւ դստեր հետ միայն ամռանն է ճամփորդում. “Երեխաներս արդեն մեծացել են եւ հասկանում են իմ գործի բնույթը: Եթե փոքր ժամանակ չէին ուզում, որ մեկնեմ, հիմա ազատ են, ինքնուրույն, զբաղվում են իրենց դասերով ու պարապմունքներով, իմ կարիքն այդքան չունեն: Իսկ ամուսինս գրեթե բոլոր ելույթներիս իմ կողքին է լինում, կուլիսային հարցերով նա է զբաղվում, այդ պատճառով հազվադեպ եմ առանց նրա ճամփորդում”:

BRAVO.am
Լուսանկարները` Զարուհի Բաբայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին