×


“Զույգ արեգակներ”. Հայկականի եւ հավերժականի մասին` բալետի լեզվով

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին բալետային տոն էր. կայացել է “Զույգ արեգակներ” ներկայացման պրեմիերան, որն ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի ցանկում: Երկու գործողությամբ բալետի ինչպես բեմադրության, այնպես էլ սցենարի հեղինակը Ռուդոլֆ Խառատյանն է: Բալետի հիմքում Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության” պոեմն է, այստեղից էլ վերցված է անվանումը` “Զույգ արեգակներ երկու ծագերից, մեկը` խավարի, մյուսը` կիզման”:

"Զույգ արեգակներ" բալետային ներկայացման պրեմիերային

"Զույգ արեգակներ" բալետային ներկայացման պրեմիերային


Պրեմիերային գլխավոր դերակատարներն էին Շտուտգարդի օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար մենապարող Արման Զազյանը, Գարիկ Բաբելանը եւ արհեստավարժ այլ պարողներ: Բալետային ներկայացման մեջ զբաղված է 26 հոգի, գլխավոր կերպարներն են` Թորոս Ռոսլին, Արշիլ Գորկի, Գրիգոր Նարեկացի, նաեւ պատմիչը, որը դառնում է կապող օղակ։ Ներկայացումը համամարդկայինի, հայկականի եւ հավերժականի միաձուլումն է: Խորեոգրաֆիայի լեզվով պատկերվող հայոց պատմությունը հյուսվում է 4-րդ դարից մինչեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերով՝ մաշտոցյան շարականների, Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Առնո Բաբաջանյանի, նարեկյան տաղերի, Ալան Հովհաննեսի երաժշտությամբ:

"Զույգ արեգակներ" բալետային ներկայացման պրեմիերային


Ինչպես հայտնել է Ռուդոլֆ Խառատյանը, այս լայնածավալ նախագծի իրականացման համար “Բալետ 2021” հիմնադրամը 8-ամսյա ժամկետով 8 արտիստ է հրավիրել Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Հունաստանից եւ Իսրայելից.“Նարեկացին այս ստեղծագործությամբ կարողացել է դուրս գալ ազգայինի սահմաններից: Ներկայացման գաղափարն էլ այն է, թե այս հավերժ ընթացքի մեջ հայն ինչ է ստեղծել ու ինչ արժեքներ տվել աշխարհին: Բալետն ամենակարճ ճանապարհն է դեպի բացահայտումը. եթե խոսքը պետք է թարգմանվի, ապա բալետը ոգու շարժում է: Ես օրգանական միաձուլել եմ դասական խորեոգրաֆիան եւ ժամանակակից բալետի տարրերը, հիփ-հոփն ու գյուրջիեւյան պարերը”:

"Զույգ արեգակներ" բալետային ներկայացման պրեմիերային


“Զույգ արեգակներ”-ը կրկին կներկայացվի մայիսի 31-ին, հունիսի 9-ին եւ 10-ին: Այն երեւանյան բեմում կլինի մինչեւ սեպտեմբեր, այնուհետեւ՝ սեպտեմբերի 29-ին, “Բալետ 2021”-ը կմեկնի Իտալիա։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին