×


Էմմա Գեւորգյան.“Ամուսինս կարողանում է հոգ տանել մեր հրաշքին”

Էմմա Գեւորգյանը մի քանի ամիս է` վայելում է մայրության բերկրանքը: “21TV”-ի հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել դստեր` Վանեսսայի լուսանկարները եւ պատմել, թե ինչպես են ամուսնու հետ համատեղում աշխատանքն ու փոքրիկի խնամքը:

Էմմա Գեւորգյանը` դստեր հետ


Չնայած, որ պլանավորում էինք երեխա ունենալ, հղիությանս բացահայտումը հաճելի անակնկալ էր:  Ամուսինս եւս շատ ուրախացավ, բայց թե ինչպես հայտնեցի լուրը եւ ինչպիսին էր նրա արձագանքը, թող մնա միայն մեր հիշողություններում. խիստ անձնական է:

Երեխայի անվան ընտրությունը պետք է համատեղ կատարեինք, ինչպես եւ մեր բոլոր ընտրություններն ու որոշումները: Համացանցում ընթերցեցի ավելի քան հազար անուն, բարձրաձայնեցի նախընտրելի տարբերակները, որոնք իրականում ընդամենը 4-ն էին, եւ երբ ամուսինս լսեց Վանեսսա անունը, ամեն ինչ վայրկենապես որոշվեց:

Առօրյաս, իհարկե, փոխվել է, բայց կարծում եմ` ավելի քիչ, քան մյուս մայրերի դեպքում: Փորձել եմ կյանքս առանձնապես չփոխել. շարունակում եմ աշխատել, շրջում եմ խանութներով, երբեմն ընկերների հետ այցելում եմ փաբեր, փոքրիկս նույնպես տանում եմ ժամանցի վայրեր: Երբ տանը պատրաստում եմ, նա ինձ հետ խոհանոցում է լինում, երբեմն նաեւ աշխատանքի ենք միասին գնում:

Էմմա Գեւորգյանի դուստրը` Վանեսսան


Շատ բաներից ինձ չեմ զրկել, բայց առայժմ չեմ հաճախում մարզասրահ, ավելի քիչ եմ ընթերցում, քան նախկինում, ինչի պակասն, իհարկե, զգում եմ:

Մայրական բնազդս շատ ուժեղ է: Մայր լինելը չի բարդացրել իմ կյանքը, քանի որ ամեն ինչին թեթեւ եմ վերաբերվում, եւ հետո, ըստ մեր երկրում ընդունված սովորության, մինչ երեխայի ծնվելն ապագա մայրիկին այնքան են վախեցնում, թե բարդ է լինելու, որ երբ հանդիպում ես իրականության հետ, հասկանում ես` ամեն ինչ է այդքան էլ բարդ չէ, քան նկարագրում էին… Չնայած` իմ պարագայում անքուն գիշերներն ամենօրյա բնույթ են կրում:

Երեխայիս ոչինչ չեմ ստիպում. ցանկանում է, քնում է, չի ցանկանում, չի քնում եւ այդպես ամեն հարցում: Թե ինչպիսի մայրիկ եմ, ցույց կտա ժամանակը. միայն երեխային կերակրելով եւ խնամելով` լավ կամ վատ մայր չեն դառնում: Ես դստերս տալու շատ բան ունեմ: Կմեծանա եւ կասի, թե ինչպիսի մայրիկ եմ:

Էմմա Գեւորգյանն` ամուսնու եւ դստեր հետ


Երբ առաջին անգամ դուրս եկանք զբոսնելու, անդադար նայում էր իր համար նոր աշխարհին: Ես էլ շատ հպարտ էի քայլում եւ հաճելի էր, որ համաքաղաքացիներն ուշադիր էին սայլակով կնոջ նկատմամբ եւ փորձում էին ամեն կերպ օգնել:

Վանեսսան նման չէ ոչ ինձ, ոչ էլ հայրիկին: Գուցե դեռ շուտ է եզրահանգումներ անել, բայց կարծում եմ` նա նման է ինքն իրեն, ինչն ինձ բոլորովին չի տխրեցնում, նույնիսկ` հակառակը:

Ապրում ենք երեքով եւ միշտ օգնում ենք իրար: Փոքրիկին միասին ենք տանում զբոսանքի, միասին ենք լողացնում, բժիշկի եւս միասին ենք այցելում: Գիշերներն անքուն են նաեւ հայրիկի համար, ով հաճախ Վանեսսայի հետ խաղում կամ պարում է առավոտյան ժամը 5-ին, երբ ես արդեն բավական հոգնած եմ լինում: Ամուսինս երեխայի հետ է մնում նաեւ այն ժամանակ, երբ ես նկարահանման եմ լինում: Նա կարողանում է հոգ տանել մեր հրաշքին, ընդ որում` դա անում է հաճույքով:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էմմա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին