×


Էմմին, Էրիկը, Սոնան, Սուրենը, Մհերը եւ Արմանը երգել ու բարի ճանապարհ են մաղթել Մաշա Մնջոյանին

“Նոր ալիք-2013”-ում Հայաստանի ներկայացուցիչ Մաշա Մնջոյանին հաջողություն ու բարի ճանապարհ մաղթելու նպատակով օրերս “Yans” ակումբում համերգ էր կազմակերպվել,  որի շրջանակում երգել են նախորդ տարիների հայ մասնակիցներն ու, իհարկե, այս տարվա հերոսուհին` “Հայաստանի ձայնը” նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը:

Մաշա Մնջոյանը


Երեկոյի բացումն արել է մրցույթի 2003 թվականի մասնակից Էմմին` Մաշային մաղթելով բարի ճանապարհ եւ համբերություն, 2005-ին Հայաստանը ներկայացրած ռուսաստանաբնակ Արման Գրիգորյանի ելույթին հաջորդել է 2008-ի մեր մասնակից Մհերի կատարումը: Մնջոյանին հաջողություն է մաղթել նաեւ “Նոր ալիք-2010”-ի հաղթող Սոնա Շահգելդյանը, 2011-ին “Հանդիսատեսի համակրանքին” արժանացած Էրիկը եւ 2012-ի մասնակից Սուրեն Առուստամյանը եւս ներկաների համար կենդանի նվագակցությամբ կատարել են երկուական երգ:

Հանդիսավար Սիմա Բաղդասարյանը մինչ երգիչների ելույթը պատմել է “Նոր ալիք”-ի շրջանակում նրանց հասած հաջողությունների մասին, իսկ մեծ էկրանին ցուցադրվել են մրցութային ելույթներից հատվածներ: Ի դեպ, Սոնա Շահգելդյանը, Էմմին եւ Մհերը միասին կատարել են “Նոր ալիք”-ում հնչեցրած Առնո Բաբաջանյանի “Վերադարձրու երաժշտությունը” երգը:

Էմմին, Էրիկը եւ Մաշա Մնջոյանը


Հուլիսի 23-ից 28-ը կայանալիք “Նոր ալիք-2013” երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մաշա Մնջոյանն էլ եզրափակել է համերգը` կատարելով 6 ստեղծագործություն, այդ թվում` մրցութային` Սելին Դիոնի “All By Myself” եւ Հայկոյի երաժշտությամբ ու Ռուբեն Մխիթարյանի խոսքերով “Ես ու միայն դու” երգերը:

“Մաշան բախտավոր աստղի տակ է ծնվել”

“Արմենիա” հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ Մաշա Մնջոյանի ոճով եւ զգեստներով զբաղվում է դիզայներ Վահան Խաչատրյանը, նաեւ խանութ-սրահներից մեկը կտրամադրի համապատասխան զգեստներ.“Չնայած`  այնտեղ մասնակիցների հետ աշխատում է դիզայներների մեծ խումբ, բայց այս տարի որոշել ենք ավելի պատրաստված գնալ. ամեն օրագրի, ելույթի համար շքեղ ու գեղեցիկ զգեստներ ենք նախատեսել”:

Իրինա Վարդանյանը եւ Մաշա Մնջոյանը


Իրինան արդեն 4-րդ տարին է` “Նոր ալիք”-ի հայաստանյան պրոդյուսերն է եւ նշում է, որ ամեն տարի հաղթանակի ակնկալիքով են մեկնում Յուրմալա.“Բայց այս տարի Գերմանիայի, Ռուսաստանի, եւս մի քանի երկրի մասնակիցները շատ ուժեղ են, եւ դժվարանում եմ հաղթանակի մասին վստահ խոսել, այսինքն` բացի լավ վոկալից, Մաշան պետք է կարողանա բեմական հմտություններով գրավել ժյուրիի ուշադրությունը: Կարծում եմ` ընտրված երեք երգն էլ նրան հաջողություն կբերեն, բացի այդ, նա բախտավոր աստղի տակ է ծնվել, որովհետեւ ֆինանսական, կազմակերպչական հարցերն այս տարի ավելի հեշտությամբ են լուծվում, հուսանք` Յուրմալայում էլ ամեն ինչ սահուն կանցնի”:

Հուլիսի 12-ին կմեկնեն Յուրմալա

Եվ այսպես, մրցույթի փորձերին մասնակցելու համար հուլիսի 12-ին Մաշան օպերատորի, Իրինա Վարդանյանի եւ Սյուզի Շահբազյանի հետ կմեկնի Յուրմալա, այնուհետեւ նրանց կմիանա սատարող թիմը, որի կազմում կլինեն Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը եւ ուրիշներ, լատվիական քաղաքից օրագրերը կվարի Սյուզի Շահբազյանը, իսկ երկրի հիթը` Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը”, Մաշան կկատարի Էրիկի հետ:

Սոֆի Մխեյանը, Անդրեն եւ Սյուզին


“Մենք սատարող կազմի ծախսերը չենք հոգում. իրենք իրենց ցանկությամբ են միանում մեզ: Բացի այդ, տեղի հայերն էլ շատ կամեցող են, օրինակ` մեկն առաջարկում է իր տաքսի ծառայությունը, մյուսը մեկ այլ հարցով է աջակցում: Հանդիսատեսի շարքերում էլ միշտ եռագույնով բազմաթիվ հայեր են լինում… Այնքան կարեւոր է, որ ուժ են տալիս ու ոգեւորում են”,-մեզ հետ զրույցում ընդգծել է Իրինա Վարդանյանը:

Մաշա Մնջոյանն ուզում է տպավորել

18-ամյա Մաշա Մնջոյանը, կիսաեզրափակչից ծանոթ լինելով մրցակիցներին, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն թեժ մրցակցություն է սպասվում. “Իսկապես ուժեղ մասնակիցներ կան, բայց իմ գերնպատակը ոչ թե հաղթելն է, այլ Հայաստանը պատվով ներկայացնելը: Շատ պատասխանատու է երգել այսպիսի մեծ մրցույթին, չնայած` “Մանկական Եվրատեսիլ-2008”-ին որպես բեք-վոկալիստ երգել եմ Մոնիկա Մանուչարովայի հետ: Ուզում եմ շատ լավ երգել ու լավ տպավորություն թողնել”:

Սուրեն Առուստամյանը, Մհերը, Սոնա Շահգելդյանը եւ Ալեքսանդր Մհերյանը


Երգչուհու խոսքով` “Նոր ալիք”-ին մասնակցած հայ երգիչները դեռ “Հայաստանի ձայնը”  նախագծից  խորհուրդներով իրեն աջակցում են, հիմա էլ նրանց ուղղում է իրեն հետաքրքրող հարցերը.“Ինձ ամենից շատ հետաքրքրում ու անհանգստացնում է` արդյոք տեղում երգերը կփոփոխվեն, բայց այս տարի Մոսկվայում կիսաեզրափակչին մի քանի օր շատ մնացինք եւ նախապես պարզեցինք այդ հարցը: Արդեն սովոր եմ առանց հանգստի ու դադարի մասնակցել փորձերի, շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ պրոֆեսիոնալ մասնագետների հետ, որոնցից պատրաստ եմ սովորել ու ձեռք բերել փորձառություն”:

BRAVO.am-ը հաջողություն ու հաղթանակ է մաղթում Մաշա Մնջոյանին եւ խոստանում ձեզ ներկայացնել մրցույթի ընթացքն ու հայ մասնակցի ելույթների մանրամասները:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW