×


Թամարա Պետրոսյան.«Պատճառը պատշաճ առաջարկի բացակայությունն է»

Դերասանուհի, երգչուհի Թամարա Պետրոսյանը վերջին շրջանում հաճախ չի ներկայանում հանդիսատեսին եւ հեռուստադիտողներին։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր ներկայիս զբաղվածության եւ առաջիկա անելիքների մասին։

Թամարա Պետրոսյանը


«Արցախի ձայներ» խումբը փետրվարին համերգ կունենա Թեհրանում.
2-րդ անգամ ենք այնտեղ երգելու: Կներկայացնենք արդեն հիթ դարձած, ինչպես նաեւ նոր անհատական երգեր։ Օրինակ՝ ես հանդես կգամ հին արցախյան բարբառով մի երգի պրեմիերայով։ Ի դեպ, մեր խմբի առաջին հյուրախաղերը եղել են հենց Իրանում՝ մոտ 12-13 տարի առաջ։

Փետրվարից կրկին կլինեմ թատրոնի բեմում՝ Նարեկ Դուրյանի ներկայացումներում։ Զբաղված կլինեմ մեկ այլ ռեժիսորի բեմադրության մեջ եւս, փորձերը դեռ չենք սկսել. հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Նկարահանվել եմ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմում՝ գլխավոր հերոսի օգնականի կերպարում։ Մհեր Մկրտչյանի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում եմ. նրա շնորհիվ եմ ֆիլմային աշխարհին ծանոթացել։ Մհերն այն ռեժիսորներից է, որ կարողանում է դերասանի «ընդերքից» օրգանականություն հանել, շատ խոր է տեսնում, այնպիսի շերտեր է բացահայտում, որ նույնիսկ դերասանները տեղյակ չեն իրենց կարողությունից։ Սպասում եմ պրեմիերային։ Խաղընկերս հիմնականում Շանթ Հովհաննիսյանն է, որի հետ առաջին անգամ եմ աշխատել։ Նկարահանումներից գերագույն հաճույք եմ ստացել։

Թամարա Պետրոսյանը


Սերիալներում, սիթքոմներում այժմ չեմ նկարահանվում, պատճառը պատշաճ առաջարկների բացակայությունն է։ Դերասաններն ընտրելու լայն հնարավորություն չունեն, առաջարկներից փորձում ենք ընտրել ավելի հետաքրքիրները, բայց միշտ չէ, որ դուրեկան բաներ են առաջարկում։ Ինքս չեմ կարեւորում կերպարս դրական, թե բացասական է, ուղղակի ուզում եմ նախորդներից տարբերվի, որ անընդհատ նույն դերում չլինեմ։ Ինչպես վոկալիստի համար է լավ, որ նույնը չերգի, ինձ համար էլ կարեւոր է դերի խառնվածքն ու գույները, որ հաճույքով կխաղամ։

Վերջին շրջանում հայկական ֆիլմերի քանակը մեծացել է, ինչը, կարծում եմ, կբերի որակի լավացման։
Մեր կինեմատոգրաֆիայից մեծ պահանջներ ունենալն արդար չէ, պատերազմից հետո երկիրը սկսում է վերակառուցվել, այս ոլորտն էլ զրոյից վերականգնվում է։ Հանդիսատեսը տարբերում է լավն ու վատը, եւ անորակը ժամանակի ընթացքում կմաղվի։

Թամարա Պետրոսյանը


Ցավոք, դերասանները, սոցիալական պայմաններից ելնելով, փորձում են այլ աշխատանքով զբաղվել. չեն կարող նստել ու որեւէ առաջարկի սպասել։ Մյուս կողմից էլ նկարվում են ոչ դերասանի մասնագիտությամբ մարդիկ, բայց կարծում եմ՝ դա ժամանակավոր է. հեռուստադիտողին պետք չէ թերագնահատել, այդպես աշխատելը զարգացման չի բերելու։ 

Զուգահեռ զբաղվում այլ աշխատանքով, որը եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի կապ ունի իմ մասնագիտության հետ։ Օրինակ՝ «Արցախի ձայներ»-ի շրջանակում բացի բեմ դուրս գալուց զբաղվում եմ կազմակերպչական աշխատանքով, Նարեկ Դուրյանի մոտ փոքր երաժշտական հատվածներ եմ բեմադրում։ Վերջերս նաեւ վարում եմ տարբեր միջոցառումներ. փորձում եմ հանդիսավարի գործում հետաքրքրություն մտցնել եւ բացի պատրաստի տեքստեր ասելուց ստեղծագործական մոտեցմամբ ներկայանալ։

BRAVO.am
Լուսանկարները` Թամարա Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին