×


Իէն Գիլան. “Շատ հուզիչ է տեսնել Գյումրիի կառուցված երաժշտական դպրոցը”

Աշխարհահռչակ ռոք-աստղ Իէն Գիլանը սեպտեմբերի 20-ին Գյումրիում կտրել է թիվ 6 երաժշտական դպրոցի բացումն ազդարարող կարմիր ժապավենը: BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ այն կառուցվել է Մեդիամաքս-ի, Հայ Օգնության Ֆոնդի(ՀՕՖ) եւ ավստրալական “Do Sometheing” կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում:

Իէն Գիլանը կտրում է Գյումրիի երաժշտական դպրոցի բացման ժապավենը


Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, “Do Sometheing” կազմակերպության գործադիր տնօրեն, “Rock Aid Armenia” նախագծի հեղինակ Ջոն Դին, Կանադայում “Millbank Music” երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը, ով սեփական նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում հավաքած երաժշտական գործիքներ է նվիրել Գյումրիի դպրոցին, իսկ երեկ խոստացել, որ ամեն տարի սեպտեմբերին գործիքների նոր խմբաքանակ կուղարկի:): Հյուրերի թվում է եղել նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Ջոնաթան Էյվսը, որն էլ դպրոցին նվիրել է աուդիո նվագարկիչ:

Դպրոցի մուտքի մոտ բարձրաստիճան այրերին եւ հյուրերին ողջունել է Գյումրիի քաղաքապետարանի “Անի’’ փողային նվագախումբը: Միջոցառման մասնակիցները ծափահարություններով են դիմավորել “Deep Purple” խմբի մեներգիչ Իէն Գիլանին, որն էլ իր հերթին նշել է, թե “աչքերում արցունքներ հայտնվեցին, երբ տեսավ դպրոցը’’:

“Do Sometheing” կազմակերպության գործադիր տնօրեն, “Rock Aid Armenia” նախագծի հեղինակ Ջոն Դին


Դպրոցի բացման հանդիսավոր արարողության ընթացքում արտասվել է նաեւ “Do Sometheing” կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Դին.“Երջանկության արցունքներ են: Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել մեծ հայի` Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանին. նա իրականություն դարձրեց այս ամենը: Երկու անձնավորության անուն եւս ուզում եմ նշել` Իէն Գիլան ու Թոնի Այոմի: Վերջինս այսօր հարգելի պատճառով ներկա չէ, բայց մեր չափ հուզված եւ ուրախ է: Նախագծի շրջանակում ուզում էինք իրական արժեք ստեղծել, քանի որ բոլորս էլ երաժշտական աշխարհից էինք, երեխաների համար նախատեսված երաժշտական դպրոցը լավագույն տարբերակն էր մեզ համար: “Rock Aid Armenia”-ն մեկնարկեց շատ տխուր պահի, սակայն իր ավարտին է մոտենում շատ երջանիկ առիթով”:

“Do Something” կազմակերպությունը եւս մեկ նախագիծ կիրականացնի Հայաստանում: “Ուզում ենք, որ յուրաքանչյուր երեխա մինչեւ տասը տարեկան դառնալը մեկական ծառ տնկի: Ուզում ենք, որ Հայաստանը դառնա աշխարհի առաջին երկրներից մեկը, որ կմիանա նախաձեռնությանը: Նախագիծն իրականացնելու ենք երգչուհի Օլիվիա Նյութոն-Ջոնի եւ դստերս` Էսթելի հետ: Այն արդեն իսկ քննարկել ենք ՀՀ վարչապետի հետ”,-նշել է Ջոն Դին եւ դիմել նախագահին, որպեսզի նա էլ աջակցի նախագծի իրականացմանը: Ի դեպ, բացման արարողության ավարտին Ջոն Դին, Իէն Գիլանը եւ մյուս մասնակիցները Սերժ Սարգսյանի հետ դպրոցի բակում ծառ են տնկել:

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը


Շնորհավորելով դպրոցի բացման կապակցությամբ` Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը ներկայացրել է 1989 թվականին Լոնդոնում 24-ամյա Ջոն Դիի նախաձեռնած “Ռոքն օգնում է Հայաստանին” (Rock Aid Armenia) նախագծի պատմությունը, որը համախմբել էր բրիտանական ռոքի գերաստղերին` երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու գաղափարի շուրջ: Նա նաեւ պատմել է 2009 թվականին Մեդիամաքս-ի նախաձեռնած “Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Armenia Grateful 2 Rock) նախագիծի իրականացման մասին:

“Չորս տարի առաջ Իէն Գիլանի, Ջոն Դիի, Թոնի Այոմիի եւ Ջեֆ Դաունսի հետ այցելեցինք այստեղ ու խոստացանք հանել երեխաներին այդ ահավոր տնակներից ու նոր դպրոց կառուցել նրանց համար: Թոնի Այոմին այսօր հարգելի պատճառներով մեզ հետ չէ, բայց կարող եք վստահ լինել, որ նա եւս անչափ ուրախ է ու հպարտ: Հուսով եմ, որ նա Գյումրի կայցելի հաջորդ տարի”,-ասել է Մեդիամաքս-ի տնօրենը:

Իէն Գիլանը եւ Գյումրիի երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը


Բացման արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ռոք-աստղ Իէն Գիլանը.“1990 թվականին Մարզահամերգային համալիրում ելույթից հետո այցելեցինք Սպիտակ: Ծանր էր ըմբռնել ավերածության աստիճանը, որ տեսանք այնտեղ: Մարդիկ դեռ մոլորված վիճակում էին… Շատ էի տպավորվել նաեւ Սպիտակի քաղաքապետի խոսքից, թե անգամ մեկ տարի անց քաղաքում երաժշտություն չի հնչում: Անգամ թռչուններն էին լռել: Դա դրդեց ինձ ինչ-որ բան անել”:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ջոն Դին` դստեր հետ դպրոցի բակում ծառ են տնկել


Երաժշտն իրեն ցնցած մեկ պատմություն էլ է պատմել.“Մի ծեր կնոջ հանդիպեցինք, ում ձեռքին իր գերդաստանի խմբակային լուսանկարն էր, որում պատկերված 28 հոգին էլ զոհվել էին երկրաշարժի ժամանակ: Այդ կինն անգամ չէր կարողանում խոսել, իսկ ես մտածում էի` ինչպես կարելի է հաղթահարել վիշտը: Ինձ համար երազանք էր նորից վերածնել երաժշտությունը Գյումրիում: Հեռանալուց պատրաստակամություն հայտնեցինք որեւէ բան ձեռնարկել, երբ քաղաքը պատրաստ լինի երաժշտության: Դպրոցի մասին դեռեւս տեղյակ չէինք, մտածում էինք համերգով հանդես գալ, հետո տեսանք դպրոցը, որն ահավոր վիճակում էր: Շրջագայությունների ժամանակ հաճախ ստիպված ենք լինում սառչած մատներով նվագել, բայց նման պայմաններ երբեւէ չէինք տեսել, այն էլ երեխաների դեպքում: Շատ հուզիչ է տեսնել կառուցված դպրոցը, յուրաքանչյուրս մեր դերը խաղացինք այս հարցում: Այսօր մեծ միջոցառում է’’:

Ռոք երաժիշտը չի բացառել, որ Գյումրիի երաժշտական դպրոցում կծնվեն վիրտուոզ երաժիշտներ, որոնք անվանի երգահաններ ու կատարողներ կդառնան.“Հենց նրանք Գյումրին կդարձնեն այն վայրը, որ բոլորը կուզենան գալ եւ տեսնել”: Թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը, ի նշան երախտագիտության, “Deep Purple” խմբի մենակատարին հանձնել է գեղանկարիչ Սամվել Լաճիկյանի հեղինակած իր դիմանկարը:

Իէն Գիլանը ծաղիկներ է դրել երկրաշարժի զոհերի գերեզմաններին


Միջոցառման ավարտին Իէն Գիլանի ցանկությամբ հյուրերը մեկնել են Սպիտակ եւ ծաղիկներ դրել երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանին եւ գերեզմաններին:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին