×


Իննա Խոջամիրյան.«Անծայրածիր արյունը ստիպեց հասկանալ, որ վիճակս լուրջ է»

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ «Թաքնված սեր» սերիալի դերակատար Իննա Խոջամիրյանը ծնոտի վիրակապով է թե՛ նկարահանման հրապարակում, թե՛ առօրյա կյանքում: Դերասանուհու հետ զրույցում պարզել ենք, թե ինչ պատմության մեջ է ընկել:

Իննա Խոջամիրյանն անհաջող ընկել է


«Ընկերուհուս տարեդարձն էր, ու քանի որ երիտասարդների շրջանում թրենդային են «pool party»-ները, այս մեկը եւս բացառություն չէր: Երեկույթի վերջում միտք հղացավ` նրան տոնական հանդերձանքով, դիմահարդարված ջուրը գցենք: Այդպես էլ արեցինք, ուրախացանք, կատակեցինք: Հետո որոշեցին «պատժել» գաղափարի հեղինակներին, ես փորձեցի խույս տալ, որովհետեւ անասելի վախենում եմ ջրից, բայց հոբելյարի եղբայրը որոշեց սկսած գործն ավարտին հասցնել, ու ստիպված էի փախչել: Տան երկաթե ծանր դուռը դժբախտաբար փակ էր, բացելն ավելի երկար ժամանակ կխլեր, քան նրա` ինձ հասնելը: Որոշեցի ետնաբակ գնալ ու դարպասից դուրս գալ, բայց հաշվի չէի առել, որ իրենց շանը կապել էին այդ տարածքում: Մեծ արագությանբ թեքվեցի, չկարողացա կանգ առնել, շունն էլ պտտվեց շուրջս` երկաթե շղթան փաթաթելով ոտքերիս, ու բերանքսիվայր ընկա»,-պատմել է Իննան:

Իննա Խոջամիրյանն անհաջող ընկել է


Նրա խոսքով` ամենն այնքան արագ է կատարվել, որ բնազդաբար հասցրել է միայն գլուխը բարձր պահել, որպեսզի քիթը չկոտրի.«Փոքր ժամանակ շատ-շատ եմ ընկել ու վնասվել, թվաց` էլի ընդամենն անհաջող ընկա, բայց ընկերուհուս եղբոր քարացած հայացքը, անմիջապես մոտենալ գրկելը, այնուհետեւ սպիտակ վերնաշապիկին անծայրածիր արյունը ստիպեցին հասկանալ, որ վիճակս մի քիչ լուրջ է, քան սովորաբար: Արդյունքում այտուց ու կապտուկներ ունեցա, նաեւ ծնոտի պատռվածք»:

Իննան պատմել է, որ բժշկական միջամտության կարիք է եղել, ու ծնոտին 4 կար են դրել.«Խուսափում էի ոչ էսթետիկ վիճակում երեւալ էկրաններին, բայց սցենարիստի հետ համաձայնության եկանք. որոշվեց, որ Անին էլ կընկնի ու կվնասի դեմքը: Դեպքից մի շաբաթ անցել է, բայց դեռ վիրակապով եմ, կարերը չեն հանել: Ամեն ինչ արվել է, որ սպի չմնա, հուսամ` շուտ կապաքինվեմ»:

Իննա Խոջամիրյանը` սերիալի նկարահանումներին


Անկախ ամեն ինչից, դերասանուհին այդ օրն անմոռանալի ու յուրահատուկ է համարում.«Կարեւորն այն է, որ ընկնելիս այնքան ազդեցիկ դեժավյու ապրեցի ու թվաց` իմ հետ կատարված դեպքերից մեկի տիպիկ կրկնությունն է: Ահավոր կուզեի մեկ անգամ էլ պառկել նույն տեղում ու հիշել` իսկապես նույն դեպքը նույն կերպ պատահել է նախկինում:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իննայի անձնական արխիվից եւ Շանթի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին