×


Արման Մարգարյանը

Ինչու է Արման Մարգարյանը դուրս եկել «Առավոտ լուսո» ծրագրից

Առաջին ալիքի առավոտները, ինչպես միշտ, սկսվում են «Առավոտ լուսո»-ով։ Նոր եթերաշրջանում աշխատում են Մարատ Օրդյանը, Հերմինե Ստեփանյանը եւ նոր հաղորդավարներ Մամիկոն Սիմոնյանն ու Մերի Ներսիսյանը: Արման Մարգարյանը, ով 2013 թվականից վարել է այս ծրագիրը եւ գրեթե ամեն օր ուղիղ եթերում բարի առավոտ մաղթել հեռուստադիտողին, նոր աշխատանքային տարում չի ընդգրկվել հաղորդավարական կազմում: BRAVO.am-ը նրանից հետաքրքրվել է, թե որն է պատճառը եւ ինչ է պատրաստվում անել առաջիկայում:

Պարզվում է՝ շուտով Արմանը հանդես է գալու նոր՝ հեղինակային երաժշտական ծրագրով, որն Առաջինի եթերում կցուցադրվի մարտից: Հաղորդման շրջանակում կներկայացվի ինչպես Հայաստանի երաժշտական անցուդարձը, այնպես էլ արտերկրում ապրող ու ստեղծագործող հայ երաժիշտների գործունեությունը:

Արման Մարգարյանը


«Իրականում միշտ էլ ցանկացել եմ երաժշտության հետ կապված որեւէ նախագծով հանդես գալ, եւ դրա մասին մեր տնօրինությունը գիտեր: Հիմա երեւի ճիշտ ժամանակն է դա անելու: Դեռ մտածում ենք ձեւաչափի շուրջ, շատ անելիքներ կան հստակեցնելու: Կանդրադառնանք ոչ միայն այստեղի երիտասարդական հետաքրքիր խմբերին, երաժիշտներին, նրանց գործունեությանը: Աշխարհում շատ հայեր կան, որ հետաքրքիր գործերով են զբաղվում, պարզապես նրանց մասին քչերը գիտեն: Ուզում ենք անպայման նրանց էլ անդրադառնալ, ցույց տալ, որ այդպիսի լավ, տաղանդավոր մարդիկ կան Եվրոպայում, Ամերիկայում եւ այլուր: Ճիշտ է՝ նրանք դեռ այնքան հայտնի չեն, ինչպես «System of a Down»-ը, բայց էլի շատ լավն են: Դրսի երաժիշտներին, իհարկե, մի քիչ բարդ կլինի Հայաստան հրավիրելն ու տաղավարում հյուրընկալելը, բայց տեղի երաժիշտները, կարծում եմ, անպայման կգան, կնվագեն, կերգեն, ցույց կտան` ինչ են անում, ինչով են զբաղվում: Մոտավորապես այսպիսի ծրագիր կլինի, բայց դեռ մտածում ենք՝ ինչեր կարելի է ավելացնել, պակասեցնել, փոխել եւ այլն»,- ասաց հաղորդավարը:

Արմանը խոստովանեց՝ ուրախ է, որ այս 4-5 տարվա ընթացքում սովորել է առավոտյան շատ վաղ արթնանալու եւ աշխատելու ռիթմին, բացահայտել է ուղիղ եթերում լավ հանդես գալու տեխնիկական ու մասնագիտական գաղտնիքները, հնարավորությունները.«Ընդունված է ասել, որ առավոտյան ծրագրերը հեռուստատեսության ամենաբարդ նախագծերից են, ու դա իրականում այդպես է: Նախ՝ առավոտյան ուղիղ եթերում աշխատելը շատ բարդ երեւույթ է, որովհետեւ օրգանիզմդ դեռ քնած է, ու դու արհեստականորեն նրան ակտիվացնում ես. առանց դրա չի ստացվի: Դա շատ մեծ քանակությամբ էներգիա է խլում: Բացի այդ, կառուցվածքային առումով շատ մեծ քանակությամբ տեքստեր ունեինք կարդալու, վերարտադրելու: Այսինքն`առավոտյան ծրագիրը տեխնիկապես ամենահեշտ նախագծերից չէ հաղորդավարի համար, չնայած՝ յուրաքանչյուր գործ էլ իր բարդությունն ունի, ու այդ ամենը սովորել է պետք: Շատ լավ է, որ այս տարիների ընթացքում ես սովորեցի այդ ռիթմին»:

Հաղորդավարը նշեց՝ առաջիկայում իր ուշադրությունը կենտրոնացած է լինելու հենց այս նախագծի վրա, քանի որ հասկանում է՝ իրենն է, եւ պետք է դրա մասին մտածել, կայացնել ու հասցնել նպատակակետին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին