×


Ինչպես Նատաշա Կորոլյովան նախընտրեց կատարել հայուհու հեղինակային երգը

Ելենա Իլանջյանը ծնվել է դաշնակահարի ընտանիքում ու սկսել երգել դեռ փոքր տարիքից` տեսանելի լինելու համար նույնիսկ աթոռի վրա կանգնած: Ծնողները նրան ուղեկցել են երաժշտական դպրոց, ապա ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ երգարվեստը Ելենային հասցրել է տարբեր բեմեր ու երկրներ: Մոսկվայում բնակություն հաստատած երգչուհի-երգահանի հեղինակային երգերից մեկը նախընտրել է կատարել Նատաշա Կորոլյովան:

Ելենա Իլանջյանը


-Երգչուհին բացի ձայնային տվյալներից ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա:

-Հոգով ու կամքով պետք է ուժեղ լինի: Բնականաբար, պետք է ունենա գեղեցիկ տեսք ու գրավչություն:

-Սիրո՞ւմ ես մասնակցել մրցույթների:

-Այո, չեմ խուսափում մրցույթներից, նման տեղերում երգիչը կամ երգչուհին բազմաթիվ փորձությունների է ենթարկվում ու ինքն իր համար նոր բացահայտումներ անում:

-Վերջին երաժշտական մրցույթը, որին մասնակցել ես, ո՞րն է եղել:

- «Հայաստանի ձայնը» նախագծին եմ մասնակցել, սակայն բոլորովին պատահական, քանի որ մինչ այդ ցանկանում էի մասնակցել Ռուսաստանի համանուն նախագծին: Այնպես ստացվեց, որ եկա Երեւան ու նախագծում մնացի մինչեւ եզրափակիչ:

Ելենա Իլանջյանը եւ Նատաշա Կորոլյովան


-Ըստ քեզ` ինչո՞ւ չհաղթեցիր:

-Կարծում եմ` հանձնախումբն այդպես որոշեց կամ այդպես էր պետք: Բայց չեմ տխրել, ավելին` դա առիթ դարձավ, որ վերադառնամ Երեւան. կարոտել էի քաղաքն ու հարազատներիս: Մոսկվայում մասնակցել եմ տարբեր մրցույթների ու շահել նաեւ գլխավոր մրցանակ, սակայն ի սրտե չեմ ուրախացել` մտածելով, թե ավելին էլ ինչ պետք է ունենամ: Իսկ եթե չես հասնում, պայքարելու տեղ ես ունենում ու ձգտում ես ուժեղ լինել ու ավելի շատ աշխատել: Այդ մրցույթում, որտեղ շահեցի գլխավոր մրցանակ, կատարում էի իմ հեղինակած երգը, որն, ի դեպ, հայալեզու երգ էր` «Սիրո երկու անուն»: Մրցույթին մասնակցում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ եւ ուրախալի էր, որ երգս բոլորին դուր էր եկել:

-Նաեւ մասնակցություն ես ունեցել «Ռոսսիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հիթ» հաղորդմանը, որի ընթացքում Նատաշա Կորոլյովան իր երգացանկի համար ընտրել է ձեր «Время река» հեղինակային երգը:


-Այո, ես հոգուս խորքում հավատում էի, որ երգս դուր կգա այդ նախագծում մասնակցող հայտնի աստղերից մեկին, բայց քանի որ մրցակցությունը շատ ուժեղ էր, մի քիչ վախով էի վերաբերվում դրան: Երբ հայտարարվեց իմ անունը, շոկի մեջ էի:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:

-Նկարահանվելու է նոր տեսահոլովակ իմ երգերից մեկի հիման վրա, այնուհետեւ զուգերգ կձայնագրեմ Արման Մինասյանի հետ: Առաջիկայում նորից առիթ կունենամ շփվել հայ հանդիսատեսի հետ:

Տեքստը եւ լուսանկարները տրամադրել է Լուսինե Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին