×


Ինչպես է անցել Արամ MP3-ի երեկվա մենահամերգը:)

Արամ MP3-ը երեկ` նոյեմբերի 13-ին, “Եվրատեսիլ 2014”-ից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել “Վիտամին” ակումբում` նշելով` այս մենահամերգով վերադառնում է արեւմուտքից:).“Մրցույթից հետո հանգստանալու կարիք էի զգում, չնայած` “Վիտամին” ակումբով շատ հյուրախաղեր ունեինք: Քանի որ անընդհատ հարցնում էին` ուր եմ, ինչու ելույթ չեմ ունենում, հասկացա, որ ժամանակն է, մանավանդ` ակումբում նոր դեմքեր տեսնելն ինձ ուրախացնում է”:

Արամ MP3-ի մենահամերգին


Նա ասել է` անկախ մեծ բեմերից ու “եվրատեսիլյան” փորձառությունից, ելույթներից առաջ նախկինի պես շարունակում է հուզվել.“Բեմ բարձրանալուց առաջ ետնաբեմում խաչակնքվում եմ եւ ինքս ինձ հետ մենախոսում: Ինչպես տարիներ առաջ, հիմա էլ չեմ կարողանում հուզմունքս հաղթահարել. ձեռքերս սկսում են սառչել, վախեցած մոտենում եմ բարձրախոսին, եւ ամեն ինչ տեղն է ընկնում”:

Երկու մասից բաղկացած կենդանի հնչողությամբ համերգին հումորիստ-երգիչը կատարել է ինչպես իր երգացանկի, այնպես էլ հանրահայտ “Happy”, “Elevation”, “Gangnam Style” եւ այլ հիթեր նոր գործիքավորմամբ ու մատուցմամբ: Արամն այս համերգային ծրագրում ներառել էր Ջասթին Թիմբերլեյքի, Դաֆթ Փանքի, Ջեյմս Բրաունի, ինչպես նաեւ երգեր “Բիթլզ”-ի, Մայքլ Ջեքսոնի, Ֆարել Ուիլյասի երգացանկից:

Արամ MP3-ի մենահամերգին


Օրվա հատուկ հյուրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն էր, որի հետ Արամը ծանոթացել է ամիսներ առաջ` Կասկադում կայացած ընտանեկան բռնությունների դեմ պայքարին նվիրված համերգին.“Մենք դեմ ենք բռնություններին աշխարհում, մասնավորապես` Հայաստանում: Օրեր առաջ դեսպանի հետ այս թեմայի շուրջ զրույց ունեցանք, հնարավոր է` հետագայում շրջագայությունների մասին էլ հարցեր քննարկենք”:

Մենահամերգի ընթացքում Արամին նվագակցել են Միքայել Ոսկանյանն` իր թառով, եւ Գարիկ Պապոյանն` իր կիթառով:): Հումորիստը հայտնել է, որ ԱՄՆ դեսպանի հետ օրեր առաջ տեղի ունեցած քննարկումն արդյունավետ է անցել.“Դեսպանի հետ լուսանկարներից հետո մարդիկ մտածում էին` Գարիկն Ամերիկայի վիզայի խնդիրներն է լուծում, ուզում է վիզա “կպցնի”. մի քիչ ճշմարտություն կա, գնացել էի խնդիր լուծելու, բայց ոչ թե իմ, այլ` բոլորիս: Խնդիրն ընտանեկան բռնություններն են: Մեր ազգն աչքի է ընկնում ամուր ընտանիքներով, թող այդպիսի խնդիրներ չլինեն: Եթե այստեղ կան կանայք, որոնց ամուսինները համերգին իրենց բերել են ծեծելով, մեր ելույթը նվիրում եմ ձեզ:)”:

Արամ MP3-ի մենահամերգին


Արամ MP3-ը մեզ հետ զրույցում պատմել է, որ առաջիկայում եւս մի քանի մենահամերգ կունենա ակումբում` շարունակելով համատեղել հումորն ու երաժշտությունը.“Ես երկու բեմն էլ բարձրացել եմ` լսելով ծափահարություններ, որոնք ուղեկցվել են ծիծաղով կամ բրավոներով: Երկու դեպքում էլ ստանում ես դրական հույզեր, բայց երգելիս այլ ջերմություն է գալիս: Հանդիսատեսին ավելի բարդ է ծիծաղեցնելը, պետք է բոլորի ճաշակով հումոր անես, իսկ համերգիս գալիս են` իմանալով իմ ոճը:

Մրցույթից հետ գործիս ավելի պրոֆեսիոնալ աչքով եմ նայում` հասկանալով` ինչ փոքր եմ շոու-բիզնեսում. կայուն տեղ ունենալու համար հարկավոր են նյարդեր, իմունիտետ, լավ մտքի թռիչք: Նպատակներս շատ են, որոշ քայլեր իրականացրել եմ, բայց անելիքներ դեռ շատ կան: “Եվրատեսիլ”-ն ինձ տվեց ճանաչում Եվրոպայում. հույս ունեմ, որ նոր երգերս կլսեն նաեւ այնտեղ, իսկ ամենացանկալին հետագա համագործակցություններն են, որոնք դեռ սպասման փուլում են”:

Արամ MP3-ի մենահամերգին


Նրա որդին` 3-ամյա Առնոն, հայրիկի այս համերգին ներկա չէր, բայց բազմիցս մասնակցել է, անգամ անսպասելի բեմում հայտնվել.“Նա ինձ ամենից շատ սիրում է հոր դերում, ուզում է, որ ուղղակի կողքին լինեմ ու իր հետ խաղամ: Հասկանում եմ, որ չափն անցնում եմ, պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ տանը: Սիրում է, որ իր համար երգում եմ, համերգներիս մի քանի անգամ կինս չի կարողացել բռնել, նա վազել ու բեմ է բարձրացել:): Հետաքրքիր տեմբր ունի, եթե հետագայում երգելու ցանկություն ունենա, չեմ ասի` չէ, տղա ջան, գնա Ժող ընդունվի:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին