×


Ինչպես է անցել Արփիի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը

Ապրիլի 3-ին “Mezzo” ակումբում ժողովրդական երաժշտության երեկո էր, իսկ առիթը ստեղծել էր R.P.-ն` Արփի Շահնուբարյանը: Երգչուհու առաջին` “Գանձեր” ձայնասկավառակի շնորհանդես-համերգին ներկա էին բազմաթիվ երգիչներ, երաժիշտներ, արվեստի ոլորտի մարդիկ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Նունե Եսայանը` որդու հետ եւ Արփին


Ամռանը մայրանալ պատրաստվող երգչուհու համար երկար սպասված օրը հուզիչ էր` դրական ապրումներով ու ծաղիկներով լի. մուտքի մոտ նա դիմավորել է բոլոր հյուրերին, լուսանկարվել, մակագրել սկավառակի առաջին օրինակները եւ կենդանի կատարումներով ոտքի հանել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

Երեկոյի մեկնարկին Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է երգչուհուն` նշելով, որ արդեն մեկ շաբաթ իր ավտոմեքենայում ունկնդրում է նրա ժողովրդական կատարումները.“Այն պահից, երբ ներս մտանք, նկատելի էր այստեղ եկած մարդկանց սրտանց ներկայությունը: Երբ լավն ու գեղեցիկն է ստեղծվում, ուզում ես մասնակից լինել, թե չէ անընդհատ դժգոհելով ոչինչ չի փոխվում: Այս ալբոմում տեղ են գտել հայ երգի գոհարներ, այն տպագրվել է Կանադայում: Հետաքրքիր է, որ մի անանուն հովանավոր իր անձնական միջոցներն է տրամադրել, որ սկավառակը կյանքի կոչվի”:

Գեորգի Հարությունյանը, Սոֆի Մխեյանը, Արման Հովհաննիսյանը, Նազենի Հովհաննիսյանը


Երգչուհին համերգի առաջին հատվածում կատարել է ձայնասկավառակում ընդգրկված գուսանական ու ժողովրդական երգերը` սկսելով Սայաթ-Նովայի “Աշխարհումս” երգով, որի ընթացքում բեմադրություն են ներկայացրել պարուհիներ Իռեն Ուլիխանովան եւ Անի Կարապետյանը, այնուհետեւ հնչել են “Թամզարա”, “Արորն ու տատրակը”, “Զեփյուռի նման”, “Սարի սիրուն յար” երգերը, իսկ երկրորդ մասում իր բենդի՝ “Hayway”-ի երաժիշտների հետ, որոնց թվում է նաեւ ամուսինը՝ թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը, ներկայացրել է հայտնի հիթեր` բարձր տրամադրություն փոխանցելով հյուրերին:

Լուսինե Թովմասյանն` ամուսնու հետ


Արփին իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին երկար էր սպասել եւ պատրաստվել.“Շատ հուզված եմ: Կփորձեմ այսօր լաց չլինել, այլ ուղղակի վայելել բոլորիդ ներկայությունն ու մի ամբողջ թիմի արված աշխատանքի արդյունքը: Երկու տարի դադարը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պետք է հասունանար այն պահը, երբ պատրաստ կլինեի այլ ժանրում ներկայանալ: Այդ պահը հասունացավ իմ ընտանիքի՝ ամուսնուս եւ ապագա բալիկիս շնորհիվ: Երջանիկ եմ եւ ուզում եմ, որ բոլոր ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն եւ միշտ լսելի լինի ժողովրդական երգը”:

Անահիտ Շահբազյանը եւ Արփին


Ներկաներին բեմից ողջունել է նաեւ երգիչ Մհերը` գործընկերուհուն շնորհավորելով առաջին ալբոմի թողարկման առթիվ.“Տաղանդավոր երգչուհի է, մենք միասին ենք աշխատում, մեր զուգերգը հաճախ հնչում է հարսանիքներին, հուսով եմ՝ իմ հարսանիքին եւս կհնչի: Շնորհավորում եմ քեզ, քանի որ այժմ հազվադեպ է պատահում, որ երգիչները պահպանում են իրենց երաժշտական ոճը: Կարեւորը մենք սպասում ենք քո զավակին, համոզված եմ, որ փոքրիկը թմբկահար կդառնա կամ կերգի, թեեւ մեկը մյուսին չի խանգարում”:

Հավելենք, որ “Գանձեր” ձայնասկավառակում ներառված է 12 երգ, որոնք գործիքավորել են Գարեգին Առաքելյանը, Խաչիկ Սահակյանը, Արեգ Առուստամյանը եւ ԴերՀովան, որի հետ էլ երգչուհին իրականություն է դարձրել այս սկավառակի թողարկումը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW