13 Հունիս 16
Ինչպես տարբերել պեդոֆիլին
 
 
0

«Հոմոսեքսուալությունն օրինականացրին, հաջորդը պեդոֆիլիան է, ի՞նչ տարբերություն»` սույն հիմարությունը վերջերս շատ է աչքովս ընկնում: Հետեւաբար, սիրտս անդրադարձ է ցանկանում՝ համապատասխան եզրահանգումներով:



Մասին

*«Պեդոֆիլիա»-ն ծագում է հունարեն պեդոս՝ երեխա, եւ ֆիլիա՝ սեր, բառերից: 

*Պեդոֆիլիան բացառապես բժշկական, սեքսոլոգիական ոլորտի տերմին է: Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման վերջին վերանայման՝ այն դասվում է 5-րդ կարգին՝ որպես սեռական նախընտրության խանգարում (կոդ F65.4). մինչպուբերտատային կամ վաղ պուբերտատային տարիքի երեխաների (տղաների, աղջիկների կամ երկուսի էլ) սեքսուալ նախընտրություն(պուբերտատ նշանակում է սեռահասունության փուլ):

*16 տարեկանից բարձր տարիքի անձանց մոտ հայտնաբերված պեդոֆիլային բնույթի սեքսուալ հետաքրքրությունը, որն արտահայտվում է 6 ամսից ոչ պակաս տեւողությամբ, մինչպուբերտատային երեխաների հետ կապված սեքսուալ գրգիռներով, ֆանտազիաներով, ինքնին հոգեկան խանգարում չէ: Իսկ եթե տվյալ անձը տառապում է սեփական ցանկություններից ու վնասում այլ մարդկանց, նրա մոտ կարելի է «պեդոֆիլային խանգարում» ախտորոշել: Ընդ որում, ախտորոշման համար կարեւոր չէ՝ սեքսուալ հետաքրքրությունն ուղղված է սեփական, թե այլոց երեխաների նկատմամբ: Առաջինի դեպքում պարզապես նշվում է, որ պեդոֆիլային խանգարումը սահմանափակված է ինցեստով:

Ուշագրավ փաստեր

*Պեդոֆիլների մեծ մասն իրենց սեքսուալ պահանջմունքները սպառում են սեքսուալ ֆանտազիաներով, ինքնաբավարարիչ գործողություններով, երեխաների հետ ոչ սեքսուալ շփումով, համացանցում շփումներով, մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութերով: Պեդոֆիլիան ախտորոշվում է ավելի շատ արական սեռի, հետերոսեքսուալ օրիենտացիայի անձանց մոտ: Իգական սեռի պեդոֆիլներն ավելի քիչ են հանդիպում:

*2015թ. գերմանական մի հետազոտության արդյունքներում նշվում է, որ պեդոֆիլիան ի հայտ է գալիս տարբեր տարիքներում՝ 6-44 տարեկան, որպես միջին տարիք նշվում է 17-ը: Ընդ որում, հետազոտությունը դուրս է բերել հետեւյալ կորելացիան` որքան շուտ են երեւան գալիս պեդոֆիլիայի նշանները, այնքան կյանքի ընթացքում այն կայուն բնույթ է կրում:

*Պեդոֆիլիան շատ բարդ է ենթարկվում բուժման. արդյունավետ աշխատանքը հնարավոր է միայն տվյալ անձի գիտակցված համաձայնության ու թերապիայի նկատմամբ հստակ հակվածության դեպքում: Ընդ որում, նույնիսկ այդ պարագայում բուժման հեռանկարը կասկածելի է:

Կապը սեփական մանկության հետ

Կա վարկած, որ պեդոֆիլների մեծ մասը մանկական տարիքում ենթարկվել է այլասերման կամ բռնության: 2001թ. հետազոտության արդյունքում Ջ. Աբելն ու Ն. Հարլոուն նշեցին, որ սեքսուալ ոտնձգության ենթարկված տղա երեխաների մոտ մեծանում է հետագայում պեդոֆիլային հակումներ ունենալու հավանականությունը: Ըստ նրանց ստացած տվյալների՝ մանկապիղծների ավելի, քան 47%-ը մանկական սեքսուալ ոտնձգության զոհեր են: Մեկ այլ հետազոտություն հայտնաբերել է, որ տղամարդ պեդոֆիլների 70%-ն իրենք են ժամանակին պեդոֆիլների զոհ եղել: Սրանց հետ մեկտեղ, այլ տվյալներ ցույց են տալիս, որ սեքսուալ այլասերման ենթարկված տղամարդկանց միայն 38%-ն է երբեւէ ֆիզիկական կամ սեքսուալ բռնություն իրականացրել: Այսինքն, իրականում որեւէ հստակ ու միանշանակ կապ չկա: Հատկապես, որ սեքսուալ այլասերման զոհերն ավելի շատ աղջիկներ են, իսկ պեդոֆիլների մեծ մասը՝ տղամարդիկ:

Պոլիտկոռեկտություն ամենուրեք

Ըստ բազմաթիվ պեդոֆիլների՝ «պոդեֆիլ»-ը պոլիտկոռեկտ չէ. նախընտրելի է օգտագործել «boy love», «girl love» եւ «child love» բառակապակցությունները: Շատերն էլ կարծում են, որ պեդոֆիլների նկատմամբ մահապատժի բացակայությունը վճարն է ժամանակակից հասարակության պոլիտկոռեկտության, հանդուրժողականության եւ լիբերալության դիմաց: Դե, այո, ամեն լավ բան իր գինն ունի:

Պեդոֆիլիան իրավագիտության սահմաններում

Ժամանակակից իրավագիտության շրջանակներում «պեդոֆիլիա» տերմինը չի օգտագործվում: Այստեղ շեշտը դրվում է անչափահասների(երեխա, դեռահաս) սեռական անձեռնմխելիության նկատմամբ կատարված հանցանքի վրա: Իսկ մեղադրյալի սեքսուալ նախընտրությունները, օրիենտացիան դիտվում են որպես քննվող գործի մանրամասներ: Չնայած՝ նման մեղադրյալներից մեծ մասի մոտ հայտնաբերվում են «պեդոֆիլային խանգարում» ախտորոշմանը համապատասխան նշանները:

Ինչպե՞ս տարբերել պեդոֆիլին


Ըստ հոգեբան, հոգեվերլուծաբան Օ. Մատվեեւի՝ եթե անձը մասնագետ չէ, չի կարող հարաբերություններում տարբերել իրական սերը նյարդահոգեբանական կապվածությունից: Բարդ է նաեւ տարբերակել երեխայի նկատմամբ, այդ թվում՝ ծնողական, սերը՝ նրա նկատմամբ կապվածությունից ու սեռական հակումից:

Բայց կարելի է մոտավոր կերպար պատկերացնել: Տարիքը՝ գոնե 16, նվազագույնը 5 տարի մեծ սեքսուալ հակման օբյեկտից: Ավելի հաճախ՝ տղամարդ: Որպես կանոն, լավ ծանոթ է երեխային, նախընտրում է շփվել մինչեւ 14-ամյա երեխաների հետ: Մնացած այլ դեպքերից բացի, պեդոֆիլը կարող է լինել ամուսնացած, սովորաբար՝ հետերոսեքսուալ: Սոցիալական մակարդակում նկատվում է գերխնամք երեխայի նկատմամբ, բավական մոտ, երբեմն երկիմաստ մարմնական շփումներ, սիրո, ավելի ճիշտ` կապվածության արտահայտում, քանզի թաքնված հոգեբանական շերտերում պեդոֆիլը մտածում է ոչ թե երեխայի, այլ սեփական «բարօրության» մասին: Վարքում ամեն ինչ թույլատրում է երեխային, երես է տալիս, ամենաթողություն է ցուցաբերում, հաճախ ինքն է երեխայի պես պահում իրեն, ինֆանտիլ է:

Տվյալ անձի հիմնարար բնազդները կարող են վնասված լինել, այսինքն՝ նորմալ մարդու մոտ երեխայի ընկալման դեպքում պաշտպանական մեխանիզմներ են միանում, իսկ պեդոֆիլի մոտ՝ սեռական: Պեդոֆիլային խանգարմամբ մարդիկ սովորաբար չեն գործում բառացիորեն ծանր հանցանքներ՝ բռնաբարություն կամ սպանություն, բայց երեխաների հետ նրանց սեքսուալ խաղերն իրական ու ծանրագույն հոգեֆիզիկական վնասներ են հասցնում երեխաներին: Հետեւաբար, պեդոֆիլիան, այսպես, թե այնպես, ծանր հանցանք է:

Ուղեցույց ծնողներին

Պեդոֆիլներից հեռու պահելու համար պետք է լավ, իրական ու սիրող ծնող լինել: Ոչ թե խաղալ ծնողի սոցիալակն դերը, այլ լինել այդպիսին: Պետք է վստահել երեխային ու անել այնպես, որ նա էլ ձեզ վստահի: Երեխային պետք է սեր, ոչ թե խղճահարություն, նրան անհրաժեշտ են խնամք, էմոցիոնալ վերաբերմունք, անձը զարգացնող հարգանք եւ ուշադրություն: Մեծ ուշադրություն: Չշփոթե՛լ գերխնամակալության ու գերվերահսկման հետ:

Այսքանի հետ մեկտեղ, պետք է մշտապես եւ անուղղակիորեն ոչ թե վերահսկել, այլ հսկել երեխային. հետեւել նրա հուզական, հոգեբանական ու ֆիզիկական վիճակին, նախասիրություններին ու հետաքրքրություններին, իրական ու սոցցանցային շփումներին: Շատ ուշադիր է պետք լինել երեխայի շրջակայքում մեծահասակների վարքի ու տեղեկատվության նկատմամբ:

Երեխային, հատկապես դեռահասին, պետք են ոչ թե օտար տղամարդկանց ու կանանց հետ չհիմնավորված շփումներ, այլ սիրող եւ հասկացող ծնողներ, իսկ հետո՝ հասակակիցներ: Պետք է սովորեցնել երեխային ասել «ոչ» մեծահասակներին, եթե նրան որեւէ տեղ են փորձում հրավիրել կամ շոշափում են այն հատվածներում, որտեղ ընդունված չէ:

Պետք է հիշել, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն երեխայի հետ կատարվող ամեն ինչի համար պատասխանատու է ծնողը: Սա է անհերքերլի փաստը:

Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

 
 
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
35383 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: