×


Ի՞նչ է արգելել Մենչը կնոջը :)

Արմեն Պետրոսյան եւ Քրիստինե Սմսարյան ամուսնական զույգի գեղեցիկ հարաբերություններին BRAVO.am-ն անդրադառնալու առիթ ունեցավ, երբ նրանք շրջագայեցին Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Իտալիայի քաղաքներում` իրենց ուղեւորությունն անվանելով “Մեղրամիս` 11 տարի անց” :): Թե ինչպիսին է Մենչն ընտանեկան միջավայրում, պարզել ենք նրա կնոջից, բացի այդ, հումորիստ-դերասանի ընտրյալն ու երեխաները նկարահանվել են մեր նոր ֆոտոշարքում:

Արմեն Պետրոսյանի կինն ու երեխաները


2002 թվականին տեղի ունեցած պսակադրությունը, հետո նաեւ Էլինայի, Աշոտի եւ Մարիայի ծնունդը հիմնովին փոխում են մասնագիտությամբ մանեքենուհի Քրիստինեի կյանքը: Նա հրաժարվում է կարիերայից եւ ամբողջովին նվիրվում ընտանիքին.“Մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաների դաստիարակությանը”,-ասել է բազմազավակ մայրիկը` հավելելով, որ ավագ դուստրը 10 տարեկան է, երկվորյակները` 6, եւ արդեն հասցնում է նրանց խնամքը համատեղել սիրելի զբաղմունքի հետ.“Դիմահարդար եմ եւ բիզնես հիմնելու նպատակ ունեմ”:

Արմեն Պետրոսյանի աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղեկցելու պարտականությունը հիմնականում ստանձնում է մայրիկը:).“Բավական բարդ գործընթաց է. նրանցից յուրաքանչյուրն ունի հագուստի իր նախընտրությունը, եւ հագցնելը բավական երկար է տեւում”:

Արմեն Պետրոսյանի կինը` Քրիստինե Սմսարյանը


Քրիստինեի խոսքով` չնայած զբաղվածությանն` ամուսինը երբեք այլ գործերի չի հատկացնում այն ժամանակը, որ պետք է անցկացնի ընտանիքի հետ.“Նա չափից ավելի բարի է բոլորի նկատմամբ, ընտանիքին շատ նվիրված է: Ինձ դուր է գալիս, որ նրա այս հատկությունները ժամանակի ընթացքում ոչ թե անհետանում են, այլ հակառակը` ավելի են զարգանում: Սիրում է անակնկալներ մատուցել, օրինակ` կարող է առանց տեղյակ պահելու ուղեգրեր գնել եւ ասել.“Պատրաստվիր, առավոտյան երկուսով մեկնում ենք այս երկիրը:): Նախընտրում է այնպիսի վայրերում հանգստանալ, որտեղ իրեն չեն ճանաչի”:

12 տարի համատեղ կյանքի ընթացքում նրանք եւս չեն խուսափել վեճերից, բայց եւ կարողացել են երկուսով հարթել խնդիրները.“Ամուր չի լինի եւ երկար չի գոյատեւի այն ընտանիքը, որտեղ ամուսիններն իրար չեն զիջում, ուշադրություն են դարձնում, թե ով առաջինը հաշտության քայլ կանի: Ես եւ Արմենն օրվա ընթացքում անընդհատ զրուցում ենք հեռախոսով, անգամ չեմ կարող ասել, թե որքան շատ ենք իրար զանգում:)”: 

Արմեն Պետրոսյանի որդին եւ կինը


Ամուսնու կերտած բոլոր կերպարներն էլ Քրիստինեի համար ընդունելի են, ինչպես նշել է, դրական է վերաբերվում նաեւ կատակերգական այն դերերին, երբ հանդես է գալիս որպես կին.“Մասնագիտական բոլոր հարցերում ես նրան միայն աջակցում եմ: Ամենակարեւորը, իր գործն անում է շատ լավ: Երեխաները երբեմն կրկնօրինակում են հայրիկին, հաճախ էլ խնդրում, որ կերպարներից մեկի ձայնով խոսի, եւ երբ նա դերի մեջ է մտնում, ուրախանում են:)”:

Խոհանոցն այն միակ վայրն է, որտեղ Քրիստինեն Մենչից աջակցություն չի սպասում:).“Այս տարիների ընթացքում չի եղել դեպք, երբ կփորձի ինչ-որ բան պատրաստել: Իսկ իմ պատրաստած բոլոր ուտեստներն էլ սիրում է, հաճախ հյուրասիրում եմ իր նախընտրած ձկնատեսակները”:

Արմեն Պետրոսյանի կինն ու երեխաները

 
Ամուսնու կարծիքը Քրիստինեի համար առաջնային է, նշում է` կարող է հրաժարվել սիրելի զգեստից, եթե այն ամուսինը չհավանի.“Ժամանակի ընթացքում հասկացել ենք, թե ինչ դուր չի գալիս երկուսիս եւ չենք անում: Միակ արգելված բանն իր ուտեստի մեջ սոխի առկայությունն է:)”:
 
Տեքստը`Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Brandy House”-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին