×


Ի՞նչ է կատարվել “X Factor”-ի եզրափակիչ համերգի ետնաբեմում

Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում երեկ` մայիսի 12-ին, “Շանթ” հեռուստաընկերության “X Factor” հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանի ամփոփիչ գալա համերգն էր, որի ավարտին էլ Արամ MP3-ը հայտարարեց հաղթողի անունը` Կիմ Գրիգորյան:):

“X Factor” հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանի հաղթող Կիմ Գրիգորյանը


Եզրափակիչ համերգին առաջինը երգեց առաջին “X Factor” ճանաչված Վրեժ Կիրակոսյանը, այնուհետեւ ելույթ ունեցան ինչպես երկրորդ եթերաշրջանի մասնակիցներ Սվետլանա Ոսկանյանը, Միհրան Պետրոսյանը, Ասյա Պողոսյանը, Կարինա Խաչատրյանը, Լենա Ղազարյանը, Գեւորգ Հարությունյանը, Մարիաննա Շանոյանը, “Storm”, “Diamonds”, “International” խմբերը, այնպես էլ “Սուպերսթար”, “Ժողովրդական երգիչ” եւ այլ նախագծերից հայտնի Սուսաննա Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սուրեն Առուստամյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Նարե Գեւորգյանը, Սեւակ Ամրոյանը, Արմեն Դավթյանը, Արմինե Քոչարյանը, Սրբուհի Սարգսյանն ու այլք:
 

Իվետա Մուկուչյանը


Ուղիղ եթերում ցուցադրված համերգին BRAVO.am-ը հետեւել է ոչ միայն դահլիճից, այլեւ ետնաբեմից, երբ մասնակիցները, պարողներն ու երաժիշտները պատրաստվում էին իրենց ելույթներին, վերջին փորձերն անում, դիմահարդարման սենյակներում դիմահարդարվում եւ վարսահարդարվում, ինչպես նաեւ միջանցքներում լուսանկարվում:):
 
Երկու արական սեռի ներկայացուցիչ, երկուսն էլ ծննդով Գյումրիից, երկուսն էլ Գարիկի Պապոյանի խմբից… Կիմ Գրիգորյանն ու Արմեն Եդիգարյանը մինչեւ ելույթ ունենալը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել են իրենց տրամադրվածության ու ակնկալիքների մասին: 

Լուսինե Աղաբեկյանը եւ Արամայիս Հայրապետյանը


Երկու ֆինալիստն էլ նշում էին, որ չեն պայքարում ու չեն մրցակցում.“Կիմի հետ մտերիմ ընկերներ ենք, երբ հարցնում են` ինչպես թե չենք մրցակցում, ժպիտով ասում եմ, որ իրոք այդպես է: Հաղթանակից հետո կմնա “X Factor”-ի կոչումը, չհաղթելու դեպքում շարունակելու եմ իմ խմբի հետ երգել, նպատակ ունենք Երեւանում հաճախ նվագել”,-ասել է 17-ամյա Արմեն Եդիգարյանը, որը հարդ ռոքի ու հեւի մետալի սիրահար է եւ Գյումրիում իր ընկերների հետ ստեղծել է հեղափոխական անվանմամբ “The Revolution” ռոք-խումբը:

"X Factor”-ի եզրափակիչ համերգի ետնաբեմում


Նա այս տարի կավարտի դպրոցն ու կհանձնի բուհական ընդունելության քննություններ. “Արվեստի հետ կապված մասնագիտություն կընտրեմ, եթե ոչ Երեւանի կոնսերվատորիա, ապա` Թատերական ինստիտուտ: Նախագծին մասնակցելիս իմ նպատակը չի եղել հաղթելը, ուղղակի ցանկանում էի ունենալ հնարավորություն մատուցելու հին ռոքը. սիրում եմ 60-ականների ռոքը, որը հին կոնյակի պես լավ բան է: Այս ամիսների ընթացքում ձեռք բերեցի մեծ վստահություն ու վերջնականապես համոզվեցի, որ երաժշտությունն իմն է, առանց որի չեմ կարող լիարժեք ապրել”:

Վրեժ Կիրակոսյանն ու Արմինե Քոչարյանը


22-ամյա Կիմ Գրիգորյանն էլ նախքան իր ելույթը մեզ  հետ  զրույցում նշեց, թե սպասողական վիճակից չի լարվում.“Ինքս ինձ չեմ հավատում,  բայց այսօր
 անհանգիստ չեմ, եթե լարված լինեի, ամենաքիչը քրտնած կլինեի:): Ինձ չի տանջում այն հարցը,  թե ով է հաղթելու. իմ ամենամեծ ցանկությունը`  երգել Մարզահամերգայինի բեմում, արդեն ի կատար է ածվում: Այս ամենի վերջը նոր բանի սկիզբ է, իմ երգելը կախված է որոշ հանգամանքներից, բայց դժվարությունները կհաղթահարեմ ու կշարունակեմ երաժշտական ուղիս: Դեռ չգիտեմ` որ ոճում հանդես կգամ, որովհետեւ անկանխատեսելի մարդ եմ”:

Սուսաննա Պետրոսյանը


Կիմը հեռուստանախագծի ընթացքում իր ամենամեծ ձեռքբերումը համարում է պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատանքը.“Եթե ուրիշներից այս բեմին հասնելու համար տարիներ կպահանջվի, մենք կարճ ժամանակահատվածում կարողացանք շատ բան սովորել ու ստանալ: Վոկալային խնդիրներից մինչեւ բեմական ամենաչնչին նրբությունները նկատելով` Գարիկը մեզ խորհուրդներ էր տալիս, մենք էլ դրանք ընդունում էինք”:

Համերգի ավարտին հաղթողի` ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի ուսանող Կիմ Գրիգորյանի անունը հայտարարելուց առաջ բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ համերգավար Արամ MP3-ը հայտնեց, որ անկախ քվեարկության արդյունքից, երկու մասնակիցն էլ ստանում են Մեծ Բրիտանիա մեկնելու եւ որպես հատուկ հյուր անգլիական “X Factor”-ին մասնակցելու հնարավորություն:

Նաիրա Գյուրջինյանը, Անդրեն եւ Գիսանե Պալյանը


Ինչպես նշեց եզրափակչի երկու մասնակցի մարզիչ “վիտամինցի” Գարիկը, իր սիրտը համերգի ավարտին հանգստացավ, Անդրեն էլ ավելացրեց, որ շոուն ստացվել է: Գարիկը հույս ունի` երկու մասնակիցն էլ իրեն հպարտանալու առիթներ կտան. “Կիմն իր երաժշտական առաջին քայլերն արել է նախագծի ընթացքում, եթե շարունակի նույն տեմպով, համոզված եմ, որ լավ արդյունքի կհասնի, իսկ Արմենի դեպքում չեմ կասկածում, որովհետեւ իր ոճով արդեն կողմնորոշված եկել էր մասնակցելու: Իրենք պետք է ակտիվ լինեն, նախաձեռնեն, որ նախագծի ավարտից հետո շարունակենք աջակցել”:

Սուրեն Առուստամյանը, Արմեն Եդիգարյանը եւ Գարիկ Պապոյանը


Հաղթանակից հետո Կիմին դահլիճում շրջապատել էին պաստառներով, ծաղիկներով երկրպագուները, հաղթողն էլ նշեց, որ ուրախացել է ինչպես հաղթանակի, այնպես էլ ուղեգրի համար.“Երբեք չէի պատկերացնի, որ Մեծ Բրիտանիա մեկնելու տեսքով նվեր է մեզ սպասվում: Համերգի հաջորդ օրն էլ քննության եմ, բայց բացարձակ չեմ պարապել ու հիմա չեմ անհանգստանում:)”:
 
Ամփոփիչ համերգից հետո նախագծի անձնակազմը, հաղթողն ու մյուս մասնակիցները միասին հավաքվել ու նշել են իրենց համար կարեւոր ու տոնական օրը.“Իմ դեպքում` վատ խմելով ու վատ պարելով, բայց հաստատ շատ ուրախ կնշենք օրը:)”,-եզրափակեց Գարիկը:
 
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին