×


Ի՞նչ է վաղը նվիրելու Աստղիկ Սաֆարյանը “նրան” :)

Աստղիկ Սաֆարյանը Բարսելոնում, որտեղ եւ բնակվում է, նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որը BRAVO.am-ը կներկայացնի վաղը: “Նա” երգը “Իմ ձեռագրով” ձայնասկավառակից է, որի երաժշտության ու խոսքերի հեղինակը հենց երգչուհին է:

Աստղիկ Սաֆարյանը


“Երգի անվանումից հասկանալի է, որ “նրա” մասին է: Յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի այն մեկին, ում ներում է նորից, եւ դա, սովորաբար, լինում է  հենց նա, ով գերում է քո հոգին:): Երգը նվիրված է բոլոր նրանց, որոնք սիրում են կամ սիրված են, իսկ իմ դեպքում այն կնվիրեմ իմ ապագա “Նա”-ին”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աստղիկ Սաֆարյանը:

Տեսահոլովակի ռեժիսորը Բարսելոնում բնակվող ազգությամբ ռուս Ալյոնա Դանկոն (Alena Danko) է. “Նկարահանումները տեւել են երկու օր, որի մի մասն անցել է “The Labyrinth Park”-ում, որտեղ նկարահանվել է հանրահայտ “Parfumer” ֆիլմը: Սցենարը գրել է ռեժիսորը. հերոսը հմայիչ մի երիտասարդ է` ֆուտբոլիստ, որը խաղում է Բարսելոնի ներքին քաղաքներից մեկի թիմում… Նկարահանումներն անցել են շատ թեթեւ, ուրախ եւ լավ մթնոլորտում”,-պատմել է երգչուհին:

Աստղիկ Սաֆարյանի նոր` "Նա" տեսահոլովակի նկարահանումներին


Աստղիկը տեսահոլովակում ներկայանում է չորս կերպարով, որոնք ընտրել է իր ճաշակով. “Ռեժիսորի հետ քննարկեցինք, որ կերպարներս պետք է լինեն ռետրո ոճի մեջ, բայց ես որոշեցի ռետրո ոճը համադրել “գալիք” նորաձեւության հետ, ստացվեց նորաձեւ ռետրո ոճ:)”:

Երգչուհու խոսքով` երգը նախատեսված է հայկական լսարանի համար, սակայն իր` հայերենին չտիրապետող ընկերներին եւս տպավորել է հեշտ հիշվող կրկներգը:): Բացի տեսահոլովակից, Աստղիկ Սաֆարյանը գրում է երգեր, ընթացքում իրականացնում է ֆոտոշարքեր. “Ստեղծագործում եմ ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:  Վերջին շրջանում սկսնակ երգչուհիների կողմից ունեմ պատվերներ, որոնք փորձում են երգարվեստ մտնել հենց փոփ-ռոք ոճով: Իսպանիայում եւս ստացել եմ պատվերներ, որոնց համար, իհարկե, գրում եմ անգլերենով”:

Աստղիկ Սաֆարյանը


Նա նաեւ հետեւյալն է հավելել. “Բազմիցս առնչություն եմ ունեցել ձայնագրման մի շարք ստուդիաների հետ, ու ովքեր առիթ են ունեցել լսելու իմ անգլերեն երգերը, խորհուրդ են տվել փորձել ուժերս եվրոպական շուկայում: Չգիտեմ, միգուցե իսկապես մեկ օր փորձեմ”:

Վերջին անգամ Աստղիկ Սաֆարյանը Երեւանում  եղել է  օգոստոսին եւ մեծ ցանկություն ունի նորից այցելել իր հարազատներին ու ընկերներին. “20 օրը շատ քիչ էր, որ կարողանայի կարոտս առնել: Հայաստանում շատ լավ երեւույթներ կան, որ Իսպանիայում  չկա, սակայն այստեղ էլ կա ինձ համար շատ կարեւոր մեկ բան. ես ծովի սիրահար եմ, Միջերկրական ծովում շատ եմ սիրում լողալ եւ, առհասարակ, լինել ծովափին տարվա բոլոր եղանակներին: Այն ինձ հանգստություն է տալիս”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները`Յանա Կոտրուծայի (Yana Kotrusta)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին