×


Ի՞նչ նպատակով է հայրենիք եկել Հովհաննես Բաբախանյանը :)

“Ես մշտապես Հայաստանում եմ, ընտանիքիս հետ հաճախ եմ գալիս հայրենիք: Հաջորդ այցիս ժամանակ կփորձեմ ներկայանալ իմ հանդիսատեսին, բարձրաճաշակ այն մարդկանց, որոնց ծափերով կայացել եմ”. այս խոսքերը Հովհաննես Բաբախանյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է 2012 թվականի աշնանը, եւ ահա մեկ տարի անց` նոյեմբերի 23-ին, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում դերասանը հանդես կգա “Կոնտրաբաս” մոնոներկայացմամբ:

Հովհաննես Բաբախանյանը կնոջ` Մարի Մսրյանի հետ


“Սա իմ ծննդյան 45 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակներիս առթիվ է”,-մեզ հետ զրույցում նշել է Հովհաննեսը` հավելելով, որ տարեդարձը հուլիսի 1-ին մեծ շուքով տոնել է Միացյալ Նահանգներում.“Հիմա էլ եւս մեկ առիթ է այստեղ մտերիմներով, գործընկերներով ու հարազատներով հավաքվելու համար”:

Լոսանջելեսաբնակ դերասանն ասել է, որ այս տարիների ընթացքում փորձել է հնարավորինս տեղեկացված լինել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից.“Չգիտեմ, թե դա ինձ որքանով է հաջողվել, բայց մի բան հաստատ գիտեմ` շատ եմ կարոտել: Կարոտել եմ բոլոր խաղընկերներիս, կոլեգաներիս, այն տաղանդավոր ու ճաշակով մարդկանց, ովքեր ինձ դերեր են վստահել”:

Հովհաննես Բաբախանյանի ընտանիքը` դերասանի 45-ամյակին


Նա հիշել է, որ տարիներ առաջ կնոջ` Մարի Մսրյանի եւ որդու` Գոռի հետ խաղացել են “Ճակատագրի գերիները” սերիալում.“Այն մեծ արձագանք ունեցավ: Առհասարակ ստեղծագործական եւ տեխնիկական որակ ստանալու համար ֆինանսական միջոցներ են պետք: Այդ միջոցներն ամբողջ աշխարհում ներդնում են այն մարդիկ, որոնք վստահ են` ճիշտ գործելու դեպքում մեծ շահույթ կունենան: Հուսով եմ` ժամանակի հետ որակն էլ փոփոխության կենթարկվի մեր հեռուստաֆիլմերում. շատ ունենք տաղանդավոր դերասաններ ու ռեժիսորներ”:

Հովհաննես Բաբախանյանը կնոջ` Մարի Մսրյանի հետ


Ապրելով հայրենիքից հեռու` Հովհաննես Բաբախանյանը ոչ միայն “կիսում” է ազգի մտահոգությունները, այլեւ իր առջեւ նպատակ է դրել որոշակիորեն նպաստել մեր մշակույթի տարածմանն ու զարգացմանը.“Օրեր առաջ ելույթ ունեցա Նյու-Յորքին նվիրված համերգի ժամանակ: Մեկ երգ կատարեցի անգլերեն եւ եւս մեկը` հայերեն լեզվով: Դուք պետք է տեսնեիք դահլիճում գտնվող մի քանի հայի հպարտությունը,  երբ տեսան, թե ամերիկացի հանդիսատեսն ինչպես ընդունեց Սայաթ-Նովայի “Չկա քիզի նման” երգի իմ կատարումը”: Հանդիսատեսին հուզելու համար նա արժանացել է պատվոգրի.“Միշտ ասում եմ, որ արվեստի լեզուն հենց արվեստն է”:

Ստեղծագործական գործունեության ընթացքում դերասան, երգիչ Հովհաննեսն իր համար կարեւոր եզրահանգում է արել.“Կինոն, թատրոնը, հեռուստատեսային նախագծերն այն բնագավառներն են, որտեղ հաջողության հասնելու համար համընդհանուր նվիրում է պետք”:

BRAVO.am
Լուսանկարները` Հովհաննես Բաբախանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW