×


Ինչպես հայ երկրպագուհիները շրջափակեցին Սեւակ Խանաղյանին:)

Ուկրաինական «X Factor 7» նախագծի հաղթող Սեւակ Խանաղյանը հաղթանակից հետո Հայաստանում է՝ իր առաջին համերգով։ Մանկուց մեծ բեմերի մասին երազող 29-ամյա երգիչը փորձում է նպատակին հասնել, ինչպես պատմում է` երբ նախորդ տարի ամռանը Երեւան էր այցելել, իրեն չէին ճանաչում, իսկ հիմա հայրենակիցների դրական վերաբերմունքն ու ջերմ խոսքերն իրեն ուրախացնում են։

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին


Սեւակը երեկ «Հավանա» ժամանցի կենտրոնում կենդանի կատարումներով ոտքի հանեց ներկաներին։ Նա ներկայացրեց ինչպես իր հեղինակած երգերը, այնպես էլ հիթեր՝ իր մեկնաբանությամբ՝ «Հին ֆայտոն», «Не молчи», «Возвращайся», «Հայրենիք», «Молитва» եւ այլն։ Բեմը շրջապատած երկրպագուհիները նրան ձայնակցում էին, «բրավոներ» բացականչում, լուսանկարվում ու երկար ծափահարում։ Հանդիսատեսի արձագանքից նկատելի էր, որ երգչի կատարումները սիրված ու սպասված են։                                                                                                     

Առավոտյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեւակը պատմել է իր հայրենի գյուղի, հաղթանակի ու առաջիկա ծրագրերի մասին։ Նրա հետ Երեւան է ժամանել պրոդյուսերը՝ Ալբերտ Վարդանովը։ Մենահամերգով ներկայանալու առաջարկը նա ստացել է դեռ հաղթանակից առաջ:

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին

 
««X factor»-ն ավարտվեց, բայց ինձ համար ամեն ինչ նոր է սկսվում։ Մրցույթի ժամանակ մտածում էի, որ հայերը կաջակցեն, բայց այդքան հզոր աջակցություն իսկապես չէի սպասում։ Մեծ պատասխանատվություն էի զգում»,-հայերեով ողջունեց Սեւակն ու անցում կատարեց ռուսերենին.«Հայերեն լավ հասկանում եմ, պարզապես մտքերս դժվար եմ արտահայտում, կարող եք ինձ հետ հայերեն խոսել»։

Հայաստանի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում ծնված Սեւակը 7-րդ դասարանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Նախքան ուկրաինական «X Factor»-ին մասնակցելն իր ուժերը փորձել է Ռուսաստանի «Главная сцена» ու «Голос» մրցույթներում, իսկ թե ինչու չի հաղթել, Սեւակն այսպես է մեկնաբանում. «Իմ անհաջողության համար ուրիշներին մեղադրելու փոխարեն առաջինն ինձ եմ մեղադրում։ Կարող էին ինձ ընդհանրապես հնարավորություն չտալ, բայց եթերում երեւալու համար արդեն շնորհակալ եմ։ Իսկ Ուկրաինայում հաջողությանս գաղտնիքը երեւի այն էր, որ իմ հեղինակած երգերը կատարեցի, որպես արտիստ բացահայտվելու հնարավորություն ունեցա։ Կան մարդիկ, որ մրցույթներում ու ընդհանրապես կյանքում շատ հաջողակ են, ամեն ինչի հեշտությամբ հասնում են, իմ դեպքում հակառակն է. ամեն հաջողության մեծ ջանքերի շնորհիվ եմ հասնում, ինչից ավելի ուժեղ եմ դառնում»։
 

Սեւակ Խանաղյանի երեւանյան համերգին


Այս անգամ նա Հայաստանում է 4 օրով.«Խիտ գրաֆիկ ունեմ. չեմ հասցնում քնել՝ հանդիպումներն ու հարցազրույցները շատ են։ Հունվարի 15-ին գնալու եմ Տաշիր, իրոք հպարտանում եմ իմ գյուղով, շրջապատող սարերով ու գետակներով, մայրս զարմացած է, որ մանրամասն հիշում եմ, բայց ինչպես կարող եմ հարազատ վայրերն ու մանկությունս մոռանալ»։ 
Սեւակը մեծ ցանկություն ունի Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում. «Առաջարկի դեպքում հաճույքով կմասնակցեմ: Արծվիկին վաղուց ճանաչում եմ, նրան անձամբ շնորհավորեցի նախընտրական փուլում հաղթելու համար։ Նա հրաշալի վոկալիստ է, սիրում եմ նրա ձայնի տեմբրը։ Կարծում եմ՝ այս տարի պատվով կներկայացնի Հայաստանը»։

Սեւակ Խանաղյանի հաջորդ մենահամերգը Երեւանում փետրվարի 19-ին է.«Մեծ մասամբ նույն երգերն եմ կատարելու, բայց արդեն երաժիշտների նվագակցությամբ։ Հիմա նախագծեր ենք քննարկում, անակնկալ զուգերգ կունենամ, դեռ չեմ կարող փակագծերը բացել, բայց խոստանում եմ՝ այս տարի շատ կաշխատեմ»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին