×


Իվետա Մուկուչյանը պատասխանել է երկրպագուի համարձակ հարցին

Իվետա Մուկուչյանը երեկ հյուրընկալվել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, իսկ առիթը «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծն էր, որի շրջանակում հայ հեղինակների կողմից գրված մանկական ստեղծագործությունները ներկայացնում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները։

Իվետա Մուկուչյանը


BRAVO.am-ը լուսաբանել է նաեւ Մկրտիչ Արզումանյանի հետ հանդիպումը: Իվետան մանկական գրականության փուլի վերջին մասնակիցն էր, ներկայացնում էր «Կանը եւ կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթը։ Դպրոցահասակ հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճը ծափերով ողջունեց երգչուհուն։ Ներկաների համար հեքիաթի մոտիվներով բեմադրվել էր փոքրիկ ներկայացում գրադարանում գործող թատերական խմբակի սաների մասնակցությամբ, նաեւ տեղի ունեցավ հեքիաթի քննարկում ու նկարազարդման ֆլեշմոբ։

Գրքի հեղինակ 29-ամյա Արմեն Գրիգորյանը հեքիաթը գրել է քրոջ որդու՝ Ալեքսի համար։ 6-ամյա փոքրիկը եւս ներկա էր.«Կերպարներն ու անունները հորինել եմ։ Երբ անցյալ տարի նույն այս վայրում եղավ գրքի շնորհանդեսը, երեխաներն ասացին, որ կսկսեն շատ կարդալ ու ժամանակը նվիրել ընթերցանությանը։ Հիմա շատ ենք ժամանակ անցկացնում համացանցում, բայց երեխաներին խորհուրդ կտամ, որ բացի կարդալուց, ավելի շատ շփվեն իրենց ընկերների հետ»,-նշեց Արմենը, ով Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի որդին է։

Իվետա Մուկուչյանը մասնակցել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծին


Իվետան նախապես ընթերցել էր հեքիաթը եւ այն վերլուծեց իր տեսանկյունից. «Ինչպես հեքիաթում Կանը, այնպես էլ կյանքում, միշտ պետք է ինչ-որ ճանապարհ անցնես, որ հաջողության հասնես։ Այդ ընթացքում էլ շատ բան ես սովորում ու հասկանում։ Արմենը հեքիաթի լեզվով ճիշտ ներկայացրել է կյանքի դրվածքը. միշտ հավատացեք ձեզ ու ճիշտ ընտրություն արեք: Մանկական գիրք է, բայց կարդալիս հաճույք էի ստանում։ Ընդհանրապես գիրքը երեխայի համար առողջ աշխարհ է, մտածելակերպը զարգացնում է։ Ինքս կուզեի երբեմն կտրվել աշխարհից ու հայտնվել այդ կախարդական միջավայրում։ Այժմ ողջ աշխարհում այնքան դժվարություններ կան, ուրախ եմ, որ հայ հեղինակը երեխաներին առողջ աշխարհ է նվիրել»։

Այս նախագծի հեղինակ Մանուկ Նիգոյանը եւ «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւս երեխաներին խորհուրդ տվեցին շատ ընթերցել։ Հանդիսատեսի համար սպասված պահ էր Իվետայի հետ հարցուպատասխանի հատվածը։ Փոքրիկ Էլենի առաջարկով երգչուհին ակապելլա կատարեց եվրատեսիլյան «LoveWave» երգը։ 11-ամյա Գոռը հետաքրքրվեց՝ արդյոք երգչուհին շփում ունի «Եվրատեսիլ 2016»-ի Նիդերլանդների մասնակից Բոբի հետ. այն ժամանակ ասեկոսեներ էին տարածվել, թե վերջիններս սիրավեպ են սկսել: Իվետան պատանու անսպասելի հարցին հումորով պատասխանեց.«Դու շատ ուշադիր հետեւում ես։ Ասեմ, որ նրա հետ չեմ շփվում, հիմա իմ կողքին որեւէ մեկը չկա, բայց, Գոռ ջան, եթե լավ տարբերակ գտնես ինձ համար, ասա:)»։ Գոռի դասընկեր Մարկն էլ հարցրեց, թե ինչ սպորտաձեւ է սիրում, երգչուհին առանձնացրեց լողը։ Նա հետաքրքրվեց, թե երեխաներն ինչ նվերներ են ակնկալում Ձմեռ պապիկից, որին ի պաստասխան՝  նշեցին՝ հեռախոս, պլանշետ, հեծանիվ եւ այլն։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի թատերական խմբակի սաները


Իվետան պատմեց նաեւ, որ առաջինն ընթերցել է Գրիմ եղբայրների հեքիաթները. «Քանի որ Գերմանիայում եմ մեծացել, դպրոցական տարիքում գերմանական գրքեր եմ կարդացել։ Հիշում եմ՝ տանը մեծ նկարազարդ գիրք ունեինք, սիրում էի նորից ու նորից վերադառնալ այդ հեքիաթներին։ Երեխաներ, դուք հիմա ժամանակ ունեք խաղալու, կարդալու, վայելելու ձեր ամենալավ ու քաղցր տարիքը։ Կարծում եմ՝ մեծերս մեծ սիրով կվերադառնայինք մանկություն»։

Միջոցառման ավարտին նա լուսանկարվեց բոլոր ցանկացողների հետ եւ հրավիրեց դեկտեմբերի 25-ին կայանալիք իր ձայնասկավառակի շնորհանդեսին։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին