×


Իվետա Մուկուչյանի ժամադրությունն Իբիցայում, կորեացի գործարարի առաջարկը եւ նոր ճամփորդությունները

Իվետա Մուկուչյանը Երեւանում Վարդավառին նվիրված համերգ-փարթիից հետո հասցրել է աշխատել եւ միաժամանակ հանգստանալ, օրեր առաջ էլ առաջին անգամ եղել է փարթիների ամենահայտնի կղզում` Իբիցայում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է վերջին ճամփորդության, կորեացի գործարարի կողմից ստացած համերգների առաջարկի մասին եւ ոչ միայն:

Իվետա Մուկուչյանն Իբիցայում


Երգչուհուն երջանկացրել է այն փաստը, որ Իբիցայում կարողացել է կենդանի հնչողությամբ լսել հայտնի դիջեյների հնչեցրած սեթերը.“Չեմ սիրում ուղղակի ակումբ գնալ պարելու կամ խմելու, այլ հետաքրքրվում եմ, թե ինչ դիջեյ է նվագելու ու գնում եմ հատուկ երաժշտությունը լսելու. ինձ համար դա արվեստ է, ես փարթիներին վերաբերվում եմ որպես համերգի: Հատկապես Մարկո Կարոլայի ելույթներին ներկա լինելու համար նաեւ ուրիշ երկիր կմեկնեմ”:

Իվետան ուղեւորության ընթացքում միայնակ չի եղել, նրան ընկերակցել է նաեւ դերասան-հաղորդավար Արսեն Գրիգորյանը. “Նա ճանապարհի իսկական ընկեր է: Կոսմոպոլիտ է, լայն հորիզոնով մարդ, աշխարհը նրանն է: Ուրախ եմ, որ այդ ամենը վայելեցի նրա հետ: Երաժշտական գրեթե նույն ճաշակն ունենք, եւ անմոռանալի պահեր գրանցվեցին մեր հիշողության մեջ: Ծովափնյա փարթիների եւ հրաշալի շոուների ենք մասնակցել: Ողջ աշխարհից հրավիրված էր 700 հյուր: Շնորհակալ եմ “Pernod Ricard” ընկերությանը, որ ինձ ու Արսենին որպես Հայաստանի ներկայացուցիչ հրավիրեցին, եւ հարգանքներս կազմակերպիչներին այդպիսի միջոցառում իրականացնելու համար”:

Արսեն Գրիգորյանն ու Իվետա Մուկուչյանն Իբիցայում


Երգչուհին նախատեսված ուղեւորությունից հետո մեկ օր էլ միայնակ է մնացել Իբիցայում.“Սովորությանս համաձայն` ամեն երկրում միշտ մեկ օր ավել եմ մնում եւ այն անվանում “Date with…”, այս պարագայում` “Date with Ibiza”: Ուսումնասիրում եմ մարդկանց, քաղաքի համն ու հոտը, որեւէ սրճարանում սուրճ եմ խմում եւ իմ կյանքին նայում այդ երկրի տեսանկյունից... Այդպիսի ժամադրություններ եղել են Փարիզի, Պրահայի, Քեյփթաունի ու այլ քաղաքների հետ”:

Համերգներ Պրահայում եւ Ֆրանկֆուրտում

Իվետա Մուկուչյանը “Գերմանիայի ձայնը” նախագծից հետո Եվրոպայում ներկայանում է Իվա բեմական անվամբ: Նա սեպտեմբերի 19-ին ելույթ կունենա Չեխիայի մայրաքաղաքում.“Պրահայի հայտնի ակումբներից մեկն ինձ հրավիրել է երգելու ակումբի տարեդարձին: Կկատարեմ իմ հայտնի երգերից”,-պատմել է նա ու հավելել, որ այնուհետեւ կմեկնի Ֆրանկֆուրտ, որտեղ համերգ կունենա բենդի նվագակցությամբ.“Շատ պատասխանատու համերգ է, քանի որ “Hyundai” ավտոմեքենաների ընկերության կորեացի տնօրենը ցանկացել է, որ ընկերության եվրոպական միջոցառումներին ես երգեմ: Նրա խոսքով` իր երեխաներն իմ երկրպագուներն են, ինչն ինձ շատ է ուրախացրել: Սա արդեն երկրորդ համերգի հրավերն է”:

Իվետա Մուկուչյանը


Ծննդյան տարեդարձը` Դուբայում

BRAVO.am-ի հետ զրույցում Իվետան տեղեկացրել է, որ  հոկտեմբերի 14-ին իր 27-ամյակը կնշի Դուբայում: Այդ առիթով այնտեղ կմեկնի նաեւ նրա հարազատ քույրը.“Հոկտեմբերի 10-ից 15-ը միասին ներկա ենք լինելու “ԷԼ  Style” ամսագրի նախաձեռնած միջոցառմանը, որի ընթացքում կնշենք ծնունդս”:

Իվետա Մուկուչյանը


Երգչուհին շուտով կներկայացնի նաեւ նոր տեսահոլովակ, իսկ Երեւան վերադառնալու հստակ ամսաթիվ դեռ չգիտի.“Կոնսերվատորիան ավարտելուց հետո ավելի շատ ձգտում եմ ճամփորդել, օրինակ` ընկերներիս հետ նախատեսում եմ մեկնել Հարավային Աֆրիկա: Բայց իմ փորձից գիտեմ, որ տարին 4-5 անգամ լինում եմ Հայաստանում: Մեր վերջին հարցազրույցի ժամանակ ասացի, որ դժվար թե այս տարի Երեւան գամ, բայց երկու օր հետո Վարդավառի հետ կապված գործնական առաջարկով եկա:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից եւ Դամիան Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին