Լայանայի համար թեեւ տարեմուտի գիշերն աշխատանքային է եղել, նա հասցրել է Նոր տարին դիմավորել սիրելի ընտանիքի հետ: Երգչուհին, ով արդեն ինն ամսից ավելի վայելում է մայրության բերկրանքը, փոքրիկ Էլինայի համար տոնածառն առանձնահատուկ հաճույքով է զարդարել: BRAVO.am-ը հյուրընկալվել է նրանց տանը եւ տոնական ֆոտոշարք իրականացրել:
Լայանայի ընտանիքը
30-ամյա երգչուհին մեզ հետ զրույցում ասել է, որ նախորդ տարվա մարտի 18-ից կյանքը լիովին փոխվել է.«Թեեւ մայրանալուց հետո շատ շուտ անցա աշխատանքի, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դստերս հետ ու վայելել նրա ներկայությամբ յուրաքանչյուր ակնթարթը»:
Էլինան ժպտերես եւ հանգիստ փոքրիկ է, իսկ Լայանան ունի դրա բացատրությունը. «Հղիությանս ընթացքում չեմ դադարել երգել եւ կարծում եմ` հենց այդ պատճառով է, որ նա այսքան դրական բալիկ է:)»: Երգչուհու բացակայության ժամանակ երեխային խնամում է դայակը, Ռոլանդի մայրիկը եւս շատ է օգնում, իսկ Լայանայի ծնողներին թոռնիկի խնամքի հարցում օգնել խանգարում է միայն հեռավորությունը. ապրում են Մոսկվայում:
Լայանան` դստեր հետ
ԳՈՀԱՐ համույթի մեներգչուհի Լիանա Թեւոսյանը 2009 թվականին իր «Հեյ, նայ- նայ» երգով եւ Լայանա բեմական անվամբ մուտք գործեց հայկական շոու-բիզնես եւ այսօր ունի եկամուտի կայուն աղբյուր.«Թաքցնելու ոչինչ չունեմ. ամեն օր երգում եմ ռեստորանում` հրաշալի երաժիշտների նվագակցությամբ: Մենք մեզ ոչնչից չենք զրկում, որովհետեւ բավարար չափով վաստակում եմ, իսկ համերգներ Հայաստանում շատ հազվադեպ են կազմակերպվում, հոնորարներն էլ չնչին են: Նշեմ, որ աշնանը Բեյրութում մասնակցել եմ ԳՈՀԱՐ-ի շքեղ համերգին»:
Երգչուհին նշել է, որ 2015-ին նոր տեսահոլովակ չներկայացնելու պատճառը մայրանալն էր, նաեւ հիշել է իր առաջին տեսահոլովակի մասին.«Խոստովանեմ, որ շատ քննադատվեցի. շատերն էին ասում, թե ինչպես կարող է ԳՈՀԱՐ-ի մեներգչուհին նման երգ ներկայացնի: Բայց ես միշտ ասել ու ասելու եմ, որ նմանատիպ երգերը թիթեռի կյանք ունեն. փոփ երաժշտություն է` առանց կարեւոր ասելիքի: Շոու-բիզնես մուտք գործելն էլ բավական բարդ էր. անընդհատ խոչընդոտների էի հանդիպում, բացասական վերաբերմունքի ու հայացքների: Անկեղծ, առ այսօր էլ բախվում եմ նման երեւույթների: Բայց վերջին տարում շատ բան է փոխվել կյանքումս. թեթեւ եմ նայում ամեն ինչին: Ես ամուսնացած կին եմ, ունեմ իմ ընտանիքն ու երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեմ»:
Լայանան` դստեր հետ
Լայանան ունի երկու բարձրագույն կրթություն. ավարտել է կոնսերվատորիան եւ Թատերական ինստիտուտը.«Երվանդ Ղազանչյանն ինձ նկատել էր ԳՈՀԱՐ-ի համերգների ժամանակ: Հենց նրա խորհրդով էլ ընդունվեցի Թատերական ինստիտուտ: Ուսանողական տարիներին խաղում էի տարբեր ներկայացումներում, բայց այսօր շարունակում եմ երգչուհու կարիերաս: Թատրոնը սիրուհի չի սիրում. չեմ կարողանա համատեղել երգարվեստի հետ»:
Երգչուհին մայրանալուց հետո 25 կգ-ով գիրացել էր, սակայն մեծ ջանքերի շնորհիվ կարողացել է վերականգնել կազմվածքը.«Խոստովանում եմ, որ շատ դժվար էր ինձ համար հաղթահարել այդ փուլը, բայց վստահ կարող եմ ասել, որ եթե բեմի մարդ ես, ապա պետք է անես անհնարինը՝ գեղեցիկ արտաքին ունենալու համար»:
Լայանան եւ Ռոլանդը երազում են երեք բալիկի մասին.«Ամուսինս միշտ կողքիս է, սատարում է ինձ ամեն քայլափոխիս: Առաջին քննադատս նա է: Ի դեպ, շատ է սիրում, երբ երգում եմ: Նույնիսկ երբ որեւէ միջոցառման ենք հրավիրված լինում, անպայման ստիպում է` որեւէ երգ կատարեմ»:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
22,080






