×


Լարինդան եւ Վանեսիոն զվարճացրել են հայերին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ապրիլի 13-ին հայ հանդիսատեսի առջեւ առաջին անգամ ելույթ են ունեցել Լարինդան եւ Վանեսիոն: Բարոկկո ժանրի ստեղծագործության հեղինակն Ադոլֆ Հասսեն է, կատակերգական օպերայի բեմադրիչը` Բրունո Ստրեֆը:

Լարինդայի եւ Վանեսիոյի դերակատարներ Ան-Շարլոտ Մոնվիլը եւ Մուրադ Ամիրխանյանը


Լարինդայի եւ Վանեսիոյի կերպարները մարմնավորող Մուրադ Ամիրխանյանի եւ Ան-Շարլոտ Մոնվիլի երեւանյան այցի եւ լրագրողների հետ հանդիպման մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:  Գլխավոր դերակատարները համերգի ընթացքում կերպարանափոխվել էին` հանդես գալով 18-րդ դարի բարրոկո ոճի հանդերձներով եւ կեղծամներով:

Լարինդայի եւ Վանեսիոյի դերակատարներ Ան-Շարլոտ Մոնվիլը եւ Մուրադ Ամիրխանյանը


Բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը եւ կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլը հանդիսատեսին զարմացրել են իրենց դերասանական խաղով եւ վոկալային դիապազոնով, եւ, իհարկե, զվարճացրել են: Բեմում արտիստներին նվագակցել է “ՀաԵր” բարոկ նվագախումբը:

Ան-Շարլոտ Մոնվիլը


Մուրադ Ամիրխանյանի խոսքով` կատակերգական օպերան մեծ հաջողություն է ունեցել եվրոպական բեմերում, իսկ իր երազանքներից մեկն է եղել ներկայացնել այս ստեղծագործությունը հայրենիքում: “Լարինդան եւ Վանեսիոն” կատակերգական օպերան արժանացել է հայ հանդիսատեսի ջերմ ողջույններին եւ ծափահարություններին:

Մուրադ Ամիրխանյանը եւ Ան-Շարլոտ Մոնվիլը


“Չնայած` ապրում եւ ստեղծագործում եմ Ֆրանսիայում, մտքով միշտ հայրենիքում եմ եւ բաց չեմ թողնում հայ-ֆրանսիական մշակութային կամուրջը պահպանելու եւ զարգացնելու ցանկացած առիթ”,-նշել է հայ երաժիշտը: Ան-Շարլոտն էլ ասել է, որ իր համար մեծագույն հաճույք է աշխատել Մուրադ Ամիրխանյանի հետ եւ ուրախ էր գտնվել գործընկերոջ հայրենիքում: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկաները նշել են, թե ֆրանսուհին արտաքնապես նմանություն ունի հայուհիներին :):

BRAVO.am-ը “Լարինդան եւ Վանեսիոն” կատակերգական օպերայի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին