×


Լեոնորան կոտրել է մայիսին չամուսնանալու կարծրատիպը :)

Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ընտրյալը` Վիգեն Թանաշյանը, օրեր առաջ ամուսնացել են: Ծննդով Գյումրիից երգչուհին եւ բեյրութահայ պրոդյուսերը սկսել են համագործակցել մոտ երկու տարի առաջ, որից հետո աշխատանքային հարաբերությունները վերածվել են սիրո:):

Պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը եւ օպերային երգչուհի Լեոնորան ամուսնացել են


“Արգենտինայում հյուրախաղերի էի, երբ տեղեկացա, որ մենեջեր-պրոդյուսեր Վիգենը, լսելով իմ ձայնագրությունները, ցանկություն ունի համագործակցել: Հայաստան վերադառնալուց հետո հանդիպեցինք եւ սկսեցինք միասին աշխատել”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է երգչուհին, ամուսինն էլ հավելել է, որ սիրահարվել է ապագա կնոջը` լսելով նրա կատարմամբ Անուշի դերերգը.“Այլ արվեստագետների հետ էլ գործակցում եմ, բայց հիմնականում զբաղվում եմ կնոջս համերգների կազմակերպմամբ: Աշնանը մի շարք ելույթներ ունենք արտերկրում”:

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել մայիսի 16-ին` Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որից հետո աղավնիներին բաց են թողել երկինք, կտրել են տորթը եւ ուղեւորվել Գյումրի` հարազատների եւ ընկերների հետ նշելու.“Իմ ցանկությամբ տանը հավաքվեցինք, որովհետեւ այդ տաքուկ մթնոլորտը գերադասում եմ ռեստորանից: Հարցը ոչ թե գումար խնայելն է, այլ տնական միջավայրը եւ ուտեստները: Բեյրութից վերադառնալով` մեզ հարմար էր մայիսին ամուսնանալ,  ու թեեւ Հայաստանում ընդունված չէ, բայց մենք չհետեւեցինք այդ կարծրատիպին”, - նշել է Վիգեն Թանաշյանը, որը նաեւ ռադիոհաղորդավար, հոդվածագիր եւ բանախոս է:

Օպերային երգչուհի Լեոնորան


28-ամյա լիրիկ սոպրանո Լեոնորան ճերմակ երկար զգեստի փոխարեն նախընտրել է հարսի կարճ զգեստը.“Բեմում հաճախ կրելով ճոխ զգեստներ` ցանկություն ունեի հարմարավետ զգեստով լինել, որը որպես հուշ կպահեմ: Մեր հարսանիքին բացակայում էր ձեւականությունը եւ իմ` հարսի դերի մեջ մնալու ճնշումը”:

Լեոնորայի իրական անունն Արեւիկ է, նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի “Դասական վոկալ” բաժնում, երկու տարի առաջ Գյումրիում բեմադրված “Անուշ” օպերայում ստանձնել է Անուշի դերերգը, Լիբանանում վոկալ է դասավանդել Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցում.“Իմ ուսանողներին հայերեն, ռուսերեն ռոմանսներ էի սովորեցնում, ամենամեծ հաղթանակս այն էր, որ արաբ ուսանողս երգեց Ռոմանոս Մելիքյանի “Ես բլբուլ եմ” գործը”:

Նորապսակներն այժմ ապրում են Գյումրիում, մայիսի 23-ին էլ այնտեղ տեղի կունենա սոպրանոյի առաջին` “Պրօսխումէ” ձայնասկավառակի շնորհանդեսը. “Ձայնասկավառակում ներառել ենք հայկական շարականներ, իսկ “պրօսխումէ” բառը պատարագի ժամանակ հաճախ գործածում են քահանաները, երբ հավատացյալների ուշադրությունն են հրավիրում”:

Պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը եւ օպերային երգչուհի Լեոնորան պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում


Խոսելով առաջիկա պլանների մասին` Լեոնորան հայտնել է` հավանաբար, կմեկնեն Հայաստանից.“Կուզեի այստեղ մնալ, բայց երբ հսկայական ջանքերից հետո արդյունք չես տեսնում, ստիպված ես դրսում աշխատել, մանավանդ այնտեղ օպերային արվեստն ավելի շատ են գնահատում: Բայց, իհարկե, հաճախ կվերադառնանք. երկուսս էլ շատ ենք սիրում մեր հայրենիքը”:

BRAVO.am
Լուսանկարները` Լեոնորայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին