×


Լեւս Դավթյանը՝ Մերի Մակարյանի հետ բաց տեսարանի մասին

Լեւս Դավթյանը նախորդ տարեվերջին ընդունվել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը նշել է՝ ուրախ է, որ որպես դերասան արդեն հասցե ունի, նաեւ պատմել է նոր՝ «Գնված երջանկություն» սերիալում իր դերի եւ Մերի Մակարյանի հետ բաց տեսարանում նկարահանվելու մասին:

Լեւս Դավթյանը


«2016-ի դեկտեմբերն էր, ստեղծագործական ծարավ կար ներկայացման ու «ազատ դերասան» պիտակը հանելու: Ժամանակն էր, որ ես էլ հասցե ունենայի որպես դերասան, իմացա, որ ազատ տեղեր կան թատրոնում, դիմեցի, փորձաշրջանն անցնելուց հետո ընդունվեցի, ինչի համար շատ ուրախ եմ»,-պատմել է նա եւ նշել, որ ներգրավվում է խաղացանկային ներկայացումներում, նաեւ իր մասնակցությամբ պրեմիերաներ են սպասվում:

Լեւսը նկարահանվել է 20 մասից բաղկացած «Գնված երջանկություն» սերիալում, որը փետրվարի 6-ից կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով: Անոնսից պարզ է դառնում, որ դերասանը բացասական դերում է, նաեւ բաց տեսարան ունի Մերի Մակարյանի հետ:

Լեւս Դավթյանը եւ Մերի Մակարյանը՝ «Գնված երջանկություն» սերիալի նկարահանումներին


«Նման կերպար կերտելը շատ հետաքրքիր էր, թե որքանով է ստացվել, թող դատի դիտողը: Առաջարկն ընդունելիս, իհարկե, հաշվի առել եմ նաեւ բաց տեսարանում նկարահանվելու հանգամանքը. որպես մասնագիտական կրթություն ունեցող դերասան, քաղքենիական մոտեցումներ չունեմ այդ հարցում եւ սկզբունքային խնդիր չեմ համարում, եթե սցենարով նախատեսված է, դերն էլ ինձ դուր է գալիս: Վերջին հաշվով հանցանք չենք գործում, ամեն ինչ իրական ու եթերային էսթետիկայի մեջ է արված: Չեմ հիշում, թե քանի դուբլով ենք նկարահանել համբույրի տեսարանը, քանի որ այդ օրը չի տարբերվել նկարահանման մյուս օրերից, եւ ամեն ինչ արել ենք ճիշտ խաղ ցույց տալու համար»,-նշել է նա:

Մեր հարցին՝ մտավախություն չունի, որ սերիալի եթեր գնալուց հետո իրենց էլ կփորձեն ամուսնացնել կամ որպես սիրային զույգ ընկալել, Լեւսը պատասխանել է. «Չեմ կարծում: Իրականում դերասանուհին իմ լավ ընկերն է ու նրա, նաեւ այս նախագծի մյուս դերասանների հետ աշխատելը շատ հեշտ էր եւ հաճելի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լեւս Դավթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին