×


Լիլիթ Շարբաթյան.“Հաջորդը որոշել եմ նվիրել իմ կյանքը հեղաշրջողին:)”

“Սահմանների անսահմանություն” խորագրի ներքո հոգեբան-նկարչուհի Լիլիթ Շարբաթյանը համախմբել է իր հույզերից ու մտքերից ծնված աբստրակտ նկարները: Ընտրելով հոգեբանի մասնագիտությունը` նա սկսել է ավելի լրջորեն ուսումնասիրել արտթերապիան, իսկ այժմ իր ասելիքը կտավին է հանձնում աբստրակցիայի “լեզվով”:

“Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան” ցուցասրահում օրերս տեղի է ունեցել 22-ամյա նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը: Լիլիթի համար աբստրակցիոնիզմը “տարածք” է, որտեղ իրեն լիովին ազատ է զգում եւ զրուցում է   իր ներաշխարհի հետ.“Նկարներում էլ ինձ հուզող հարցերն են ու դրանց պատասխանները... Այսպես վիզուալացնում եմ իմ մտքերը, ապրումներն ու հույզերը: Նկարները համարում եմ հայելիներ, որոնցում ամեն մարդ կարող է նախ տեսնել իրեն, հետո` ինձ”:

Նա ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծած 27 կտավ, որոնք համարակալել է, բայց չի վերնագրել` անվանումները թողնելով դիտողի երեւակայությանը.“Յուրաքանչյուր աշխատանք իմ մտքում իր վերնագիրն ու պատմությունն ունի, որը չեմ ուզում թելադրել, պարզապես բոլորն ընդգրկել եմ մեկ խորագրում”:

Լիլիթ Շարբաթյանի աբստրակտ գործերից


Լիլիթի ուսուցիչն աբստրակտ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանն է, որն էլ ոգեշնչել է իր աշակերտուհուն.“Նրանից ստացած գիտելիքներն իմ ձեռքբերումն եմ համարում: Արմենուհուն երկրորդ մոր պես սիրում եմ ու խորհուրդներն ընդունում: Հայ նկարիչները վստահաբար կարող են նկատել, որ իր աշակերտն եմ: Սկզբում այդ կարծիքներից նեղսրտում էի, բայց արվեստաբաններն ասում են` բնական երեւույթ է, որ ազդեցությունը նկատվում է. դեռ իմ ձեռագիրը ստեղծելու ճանապարհին եմ”:

Նկարչուհին կտավների վրա ստորագրում է Լիլի Սամվել` իր անվանը կցելով հայրիկի անունը, այս ցուցահանդեսն էլ նվիրել էր հայրիկի` Սամվել Շարբաթյանի հիշատակին: “Սահմանների անսահմանությունն” իրականացնելու գործում Լիլիթին աջակցել է սիրելին` Վարուժանը, որի ներկայությամբ ստեղծած նկարները համարում է ամենից հաջողվածները.“Նա ինձ ոգեշնչում է ե̒ւ կյանքում, ե̒ւ նկարելիս: Ոչ բոլորի ներկայությամբ եմ կարողանում աշխատել, բայց Վարուժանն ինձ ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է: Աստված առաջ, հաջորդ ցուցահանդեսը որոշել եմ նվիրել իմ կյանքը հեղաշրջողին:)”:

Լիլիթ Շարբաթյանի աբստրակտ գործերից


Բնակարանն արվեստանոցի վերածած Լիլիթի նախասիրություններից մեկը կաշվե զարդեր պատրաստելն է, որոնց վրա սկսել է աբստրակտ պատկերներ նկարել, բայց ցուցահանդեսին ձեռագործ զարդեր չի ներկայացրել` դրանք առանձնացնելով նկարներից.“Եթե մարդիկ գնահատում են արվեստը, հատկապես` աբստրակցիոնիզմը, կարող են մատանու կամ ականջօղի տեսքով կրել, քանի որ զարդերն էլ կարծես կտավից մի փոքրիկ կտոր լինեն”:

Նա դեռ չգիտի` ինչ ճակատագիր կունենան իր գործերը, միայն որոշել է դրանցից մեկը տրամադրել երեխաների համար կազմակերպվելիք բարեգործական աճուրդին: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին