×


Լիլու.«Հիմա գիտեմ`ում եւ ինչի համար եմ...»

Մեկ տարի է` Լիլուն վայելում է մայր լինելու բերկրանքը, օրերս էլ խախտել է աշխատանքային լռությունը՝ ներկայացնելով նոր տեսահոլովակ՝ «Պապ ջան» երգի հիման վրա: Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ամերիկյան կյանքի, որդու եւ սպասվող նորությունների մասին:

Լիլուն


Կյանքը Միացյալ Նահանգներում

Շատ հեշտ եմ հարմարվել: Ավելին` այնքան հեշտ, որ մի պահ թվում է, թե ողջ կյանքս այստեղ եմ ապրել: Այստեղ ունեմ պրոդյուսեր, որի հետ քննարկում ենք իմ նոր յուրաքանչյուր աշխատանքը:

«Երջանիկ մայր եմ»

Մայրությունն աստվածային պարգեւ է: Այն բնութագրելու համար չկան խոսքեր: Երջանիկ մայր եմ: Երջանիկ եմ, որ հենց Ռոբերտի մայրն եմ: Նա հետաքրքիր մարդ է:
Կարող եմ վստահ ասել, որ նույն բնավորությունն ունենք ու արդեն՝ որոշակի տարաձայնություններ: Որդուս ծնվելուց հետո կյանքս ամբողջությամբ փոխվել է: Հիմա գիտեմ`ում եւ ինչի համար եմ աշխարհ եկել:

Լիլուն՝ որդու հետ


«Նա իմ կյանքի ամենակարեւոր մարդն է»

Բնավորության նոր գծեր են ի հայտ եկել: Եթե նախկինում առաջինն իմ մասին էի մտածում, հիմա Ռոբերտն է առաջին տեղում: Իմ կյանքին իմաստ տվողն է նա եւ ինձ երջանիկ դարձնողը: Ծայրաստիճան զգացմունքային եմ դառնում, երբ նա խաղալիս  ընկնում կամ լացում է ինչ-որ բանի համար:

«Երեխան կընկնի էլ, կլացի էլ»՝ ասում են մտերիմներս ու հորդորում, որ ավելի թեթեւ վերաբերվեմ, բայց դեռ չեմ կարողանում փոխել ինձ: Ռոբերտի հետ շփվում եմ՝ ինչպես մեծ մարդու հետ: Նա իմ կյանքի ամենակարեւոր մարդն է:

«Պետք է ինքնուրույն լինի»

Գործնական դադարիս պատճառը մեկն էր՝ չէի կարողանում առանց որդուս մեկ ժամ մնալ: Հետո հասկացա՝ նա պետք է ինքնուրույն լինի: Ինչպես բոլոր մայրիկները, այնպես էլ ես պետք է զբաղվեմ իմ աշխատանքով: Մեծ դժվարությամբ, բայց արդեն կարողանում եմ աշխատել:

Լիլուն


«Պապ ջան» երգի եւ պլանների մասին

Երբ առաջարկ ստացա երգել հոր մասին, միանգամից կենտրոնացա աշխատանքի վրա: Հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորել է Արսեն Բարսամյանը, իսկ տեսահոլովակի գաղափարն ամբողջությամբ իմն է. սցենարն ինքս եմ մտածել: Համագործակցել եմ ռեժիսոր Գեւորգ Ճուղուրյանի հետ, մոնտաժն էլ իրականացրել է Էդգար Մատենցյանը: 

Շատ մեծ սիրով ու եռանդով ենք իրականացրել այս նախագիծը: Իմ երգադարանում այն յուրահատուկ տեղ ունի: Առաջիկայում կներկայացնեմ նոր երգեր, զուգերգեր: Ի դեպ, այս պահին աշխատում եմ իմ հեղինակային երգի վրա: Շուտով այն կհանձնեմ իմ երկրպագուներին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլուն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին