×


Լյուսի Բորիսովնան իր զգեստներով ընդգծում է կանանց հմայքը

«Նկարչությունն ինձ հետ է մանկուց, գեներով է փոխանցվել`պապիկից, քեռիից: Նկարելիս հանգստանում, ուրիշ աշխարհում եմ հայտնվում: Ինձ համար իմ աշխատանքն ամեն ինչ է»` BRAVO.am-ի հետ զրույցում այսպես է բնորոշել իր գործունեությունը գեղանկարիչ, դիզայներ, «Fashion Fantasy» խանութ-սրահի տնօրեն Լյուսի Բորիսովնան, ով արդեն շուրջ 7 տարի մասնագիտացած է հագուստի մոդելավորման ոլորտում:

Լյուսի Բորիսովնան


Առաջին մասնագիտությամբ նա գեղանկարչուհի է: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը, որից հետո ուսումը շարունակել է Գեղարվեստի պետական ակադեմիայում` Դիզայնի ֆակուլտետում՝ ունենալով բազմաթիվ ցուցահանդեսներ: Այնուհետեւ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Այդուհանդերձ սերը գեղանկարչության, հագուստի մոդելավորման հանդեպ հաղթող ճանաչվեց: Լուսինեն իրեն չի պատկերացնում առանց սիրելի աշխատանքի ու գեղեցիկն արարելու:

«Ստեղծագործելիս իմ ոգեշնչման աղբյուրը միշտ տարբեր է լինում: Որպես գեղանկարիչ` կարող եմ ոգեշնչվել բնության երեւույթներով, պատկերներով, իսկ որպես դիզայներ-մոդելավորող` վերջին շրջանում տարված եմ ազգային հագուստով: Առաջիկայում պատրաստվում եմ հայկական տարազների իմ հավաքածուն ստեղծել: Ցանկանում եմ վեր հանել մոռացված հինն ու ժամանակակից շունչ հաղորդել, որ այսօր հայուհին կարողանա կրել դրանք առօրյայում: Հայ կնոջ կերպարը ցանկանում եմ ներկայացնել յուրովի, ավելի ժամանակակից կերպով»,-նշել է Լյուսին ու հավելել, որ պատվիրատուների հետ աշխատելը ստեղծագործական ընթացք է եւ միշտ հետաքրքիր:

Լյուսի Բորիսովնան


Դիզայները ցանկալի արդյունքը ստանում է՝ հաճախորդների նախասիրությունները համեմելով իր մասնագիտական խորհուրդների եւ առաջարկների հետ: Լինում են դեպքեր, երբ պատվիրատուն ուզում է ձեռք բերել կոնկրետ որեւէ զգեստ, այդ դեպքում Լուսինեն իր կողմից ավելացնելու ոչինչ չի ունենում, սակայն ոչ պակաս պատասխանատվությամբ է մոտենում աշխատանքին, իսկ երբ ստեղծում է սեփական հավաքածուն, ազատ է, ստեղծագործում է:

Սովորաբար, դիզայները յուրաքանչյուր զգեստից մեկ նմուշ է կարում, սակայն  բացառություններ լինում են, երբ հաճախորդը, շատ հավանելով որեւէ հանդերձ, խնդրում է նույնից ստեղծել: Նա անպայման նախորդ պատվիրատուից ճշտում է՝ արդյոք վերջինս դեմ չէ, նոր համաձայնում է: 

Մարինկա Խաչատրյանը՝ Լյուսի Բորիսովնայի հեղինակած զգեստով


«Սիրում եմ երեկոյան զգեստներ հեղինակել: Այդպես կարողանում ես ընդգծել կնոջ շքեղությունն ու ողջ հմայքը: Նախընտրում եմ աշխատել սեւ, սպիտակ, կարմիր եւ փիրուզագույն կտորներով: Ամեն դեպքում աշխատանքային ընթացքը թելադրում է իր ոճը, գույնը: Այնպես որ, կանանց երբեւէ չեմ դարձնում նորաձեւության տենդենցների գերի եւ զոհ»,-ասել է Լյուսին եւ հավելել, որ հաճույքով արդեն երկար տարիներ համագործակցում է դերասանուհիներ Մարինկա Խաչատրյանի, Ադրիանա Գալստյանի եւ այլ հայտնիների հետ:

Դիզայները պատմել է, որ համագործակցել է նաեւ Հանրային երկրորդ հեռուստաալիքի «Պերսոնա» հաղորդման հետ: Դա պարզապես աշխատանք չի եղել իր համար: Փորձել է խորհուրդներով օգտակար լինել կանանց ճիշտ եւ հարմարավետ հագուստ ընտրելու հարցում: Ուրախ է, որ կարողանում է օգնել գրագետ, նորաձեւ եւ հարմարավետ հագնվել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արտյոմ Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport