×


Լուիզան, Դավիթը, Հայկոն, Անահիտը եւ մյուսները` “Հոբելյանական հաճախորդ”-ի պրեմիերային

BRAVO.am-ն արդեն պատմել է Երեւանի կամերային թատրոնի խաղացանկային ներկայացման` “Հոբելյանական հաճախորդ”-ի էկրանավորման մասին: Մարտի 3-ին “Մոսկվա” կինոթատրոնում, միաժամանակ նաեւ Լոս Անջելեսի “Beyond The Stars Palace”-ում կայացել է “ԵՐԿԱԹ” փրոդաքշնի մտահաղացմամբ իրականացված մելոդրամայի պրեմիերան:

Լուիզա Ներսիսյանը, Դավիթ Քացառավան եւ Արշալույս Հարությունյանը


Ֆիլմի սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորն ու գլխավոր պրոդյուսերը
Արա Երնջակյանն է, պրոդյուսերը` Արշալույս Հարությունյանը, բեմադրող օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, բեմադրող նկարիչը` Ռաֆայել Խաչատրյանը, իսկ  կոմպոզիտորը`Հայկոն: Գլխավոր դերերում հանդես են գալիս Լուիզա Ներսիսյանն ու վրացի մարզիկ Դավիթ Քացառավան, որին թարգմանությամբ կրկնօրինակել է Կամերային թատրոնի դերասան Սամսոն Ստեփանյանը:

“Հոբելյանական հաճախորդ” ֆիլմը մի պատմություն է պատահականությունների մասին, որոնք ի զորու են փոխել ճակատագրեր: Այն իրենից ներկայացնում է կնոջ եւ տղամարդու դասական կոնֆլիկտ, որը հասնում է աբսուրդի: Կրքոտ սիրախաղի տպավորությունների տակ արթնացած կինը, անտեղյակ լինելով հերոսի մտայնությունից, շարունակում է իր սիրալիր ու հոգատար վերաբերմունքը դեպի անծանոթ, բայց միեւնույն ժամանակ արդեն սիրելի էակի հանդեպ… Կինոնկարը 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է:

“Հոբելյանական հաճախորդ” ֆիլմի կոմպոզիտորը` Հայկոն կնոջ` Անահիտ Սիմոնյանի հետ



Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաեւ վրացի “դերասան” Դավիթ Քացառավան, որը նշել է` որ իր համար մեծ պատիվ է եղել պրոֆեսիոնալների հետ աշխատանքը: Նախքան պրեմիերան կայացած հանդիպման ժամանակ մարզիկը հույս է հայտնել, որ հայ հանդիսատեսն այնքան էլ խիստ չի դատի իրեն, իսկ Լուիզա Ներսիսյանն էլ իր կարծիքն է հայտնել ֆիլմում եղած տեսարանների մասին. “Կարծում եմ` ամեն ինչ էսթետիկորեն ճիշտ է ներկայացված”: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արա Երնջակյանը հավելել է, որ հանդիսատեսը տեսնելու է կին-տղամարդ կիրթ,գրագետ ու ճիշտ հարաբերություններ, ինչը կլրացնի հասարակության մեջ եղած սիրո պակասը:

Լուիզա Ներսիսյանը “Հոբելյանական հաճախորդ” ֆիլմի պրեմիերային


78 րոպե տեւողությամբ մելոդրամայում ներկայացված է կնոջ ու տղամարդու պատմություն, որոնք սիրո գիշեր են ունեցել, իսկ նոր բացված օրվա ընթացքում փորձում են ծանոթանալ միմյանց հետ…

Պրեմիերային ներկա են եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դերասաններ, երգիչներ ու մշակութասերներ: Արա Երնջակյանի փոխանցմամբ` “Հոբելյանական հաճախորդ”-ը կներկայացվի Վրաստանում, 2012-ին` նաեւ հեղինակավոր միջազգային մի շարք կինոփառատոններում:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին