×


Լուիզա Ղամբարյանի «սեւ, դառը շոկոլադե» 40-ամյակը

Լուիզա Ղամբարյանը երեկ դարձել է 40 տարեկան: Հոբելյանական օրը դերասանուհին անցկացրել է հարազատ Դրամատիկական թատրոնում՝ Արամոյի հետ խաղալով «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացման մեջ, որի ավարտին ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը եւ սցենարի հեղինակ, երգչուհի Էմմա Պետրոսյանը տորթով հայտնվել են բեմում եւ շնորհավորել նրան: Իսկ երեկոյի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը: 

«Սեւ, դառը շոկոլադ» ներկայացմանը


«Ենթադրում էի, որ ընկերներս նման բան կանեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան կհուզվեմ: Իհարկե, հուզմունքը հանդիսատեսի ծափերի շնորհիվ էր, ինչն, իսկապես, իմ ամենամեծ նվերն է»,-մեզ հետ զրույցում նշել է նա եւ հավելել. «40-ամյակը չնշելը սնահավատություն է: Երեւի ինչ-որ մեկի հետ որեւէ դեպք է տեղի ունեցել, ինչից հետո մարդիկ մտածել են, որ վատ նշան է: Բայց ստացվեց այնպես, որ այս տարի չկարողացա բազմամարդ խնջույք անել. ներկայացում ունեի, իսկ դա նշանակում է՝ ամբողջ օրը պետք է ստեղծագործական տրամադրություն ունենալ»:

Պարզվում է՝ բեմական տարեդարձեր Լուիզան հաճախ է ունեցել.«Չեմ հաշվել՝ քանիսը, բայց հետաքրքիր է, որ քառասունս զուգահեռվեց կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին պատմող ներկայացմամբ, որտեղ հասուն, ապրած, խաղաղված, երջանկության գինը ձեռք բերած կնոջ կերպարում եմ»:

Լուիզա Ղամբարյանը 40-ամյակը նշել է բեմում


Դերասանուհին խոստովանել է, որ այս անգամ տոնական տրամադրություն է ունեցել ողջ օրվա ընթացքում.«Հիմա հասկացել եմ, որ բնավ կապ չունի, թե ովքեր կլինեն կողքիդ ու ինչ բաժակաճառեր կասեն, այլ շատ կարեւոր է, որ դու սիրելի ու հարազատ մարդկանց հետ ապրես այն արժեքավոր պահերը, որ քո կյանքի ճանապարհին վաստակել ես: Նրանք կարող են լինել 2-3 հոգի, բայց օրդ իսկապես տոն դարձնել: Ես այդ ակնթարթներն ապրել եմ իմ կյանքում»:

Արամոն, Էմմա Պետրոսյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Սուրեն Շահվերդյանը


Լուիզան անկեղծորեն նշել է, որ 40-ից հետո երազանքներն ավելի շատ են.«Ինչքան մեծանում ես, այնքան ցանկությունների ծավալը մեծանում է, եւ ավելի նպատակային ես դառնում, ավելի պատրաստակամ, կազմակերպված: Եթե դեռահաս տարիքում մտածում ես, որ դեռ ժամանակ կա, ապա տարիներ անց հասկանում ես, որ քո անելիքներն ավելի շատ են: Դրանից սկսում ես հաճույք ստանալ, հետաքրքիր խաղի մեջ ես մտնում, մարտահրավեր ես նետում կյանքին եւ ժամանակին: Իսկ առհասարակ, ուզում եմ՝ այն, ինչ ունեմ, պահպանվի, նաեւ կամաց-կամաց իրականության վերածեմ իմ բոլոր երազանքները: Կարեւորը՝ ինքս ինձ հետ շատ հաշտ եմ, ինձ դուր եմ գալիս, հայելու մեջ հանգիստ եմ նայում: Տարիների հետ ավելի խաղաղված ու երջանիկ եմ դառնում»:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ դերասանուհուն մաղթելով ստեղծագործական նորանոր վերելքներ եւ երջանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport